Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.11.2026 | 14:25Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջարկին, ըստ որի՝ իշխանությունը պատրաստ է կողմ քվեարկել ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելուն, եթե ընդդիմությունն էլ կողմ քվեարկի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի ներկայացնելուն։
Վարդանյանն ասաց, որ ընդդիմությունն ընտրություններից առաջ քաղաքացիներին խոստացել է դեմ լինել Սահմանադրության փոփոխությանը և հենց այդ դիրքորոշման համար էլ ստացել է ընտրողների քվեն։
«Մեզ ասում են՝ եկեք մենք ձեր այս նախագծին կողմ կքվեարկենք, քննարկենք, դուք էլ Սահմանադրության նախագծին կողմ քվեարկեք, որ գնանք հանրաքվեի։ Տե՞նց… Տե՞նց «շյուստրի», այդպես «շյուստրի» քա՞նի եղբայր եք։ Գնացել ենք ընտրությունների, դուք ասել եք՝ պիտի այս Սահմանադրությունը անցկացնենք, 70% մեզ տվեք։ Մենք ասել ենք՝ պատի պես կանգնելու ենք դրա դեմ։ Ձեզ 70% չեն տվել, մեզ տվել են այնքան ձայն, որ կարողանանք դեմ լինել։ Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ մեր ստացած մանդատը դավաճանե՞նք, գանք ձեր հետ հանցակի՞ց լինենք»,- հայտարարեց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ ընդդիմությունը չի պատրաստվում հրաժարվել իր նախընտրական խոստումներից կամ գործել ընտրողների տված մանդատին հակառակ։
«Մենք ձեր պես չենք, մենք չենք գնալու մարդկանց մի բան ասենք, գանք հակառակը անենք․ դրա մասին մոռացե՛ք»,- ասաց Վարդանյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումներին և դրանց վերաբերյալ իշխանական պատգամավորների արձագանքներին։ Նա նշեց, որ ընդդիմությունն ընդամենը օգտվել է խորհրդարանական լսումներ անցկացնելու իր իրավունքից, սակայն դրանից հետո իշխանական պատգամավորները սկսել են տարբեր մեղադրանքներ հնչեցնել ընդդիմության հասցեին։
«Ընդդիմությունը լսումներ է արել, ընդամենը լսումներ է արել, ոչ մի այլ բան տեղի չի ունեցել։ Համարձակվել է «ժողովրդավարության բաստիոնում» լսումներ հրավիրել․ էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ ԿԳԲ-ի ագենտ, էլ օտարերկրյա գործակալ… Ժողովո՛ւրդ ջան, լսումներ ենք արել, մի քիչ ավելի թեթև՛ տարեք»,- նշեց նա։
Վարդանյանն անդրադարձավ նաև իշխանական պատգամավորների այն հայտարարություններին, որոնցում ՀՅԴ-ին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կապել էին Ադրբեջանի ղեկավարության հետ։
Նա ասաց, որ ՔՊ-ի առաջ քաշած մեղադրանքներն անհամոզիչ են և իշխանական թիմին առաջարկեց փոխել քաղաքական ուղերձների մշակմամբ զբաղվող պատասխանատուներին։
«Երկրորդ նախագահին ինչի մեջ ասես կարելի է մեղադրել, անկեղծ եմ ասում, կարող է կպնի, մոտիկ լինի, բայց «Ալիևի մա՞րդ»։ Դաշնակցությանը ինչի մեջ ասես էլի կարելի է… դուք մեղադրել եք՝ «Ալիևի ու՞ժ»։ Ես կարծում եմ՝ դուք նարատիվների ու բեք-օֆիսի հետ խնդիր ունեք, փոխե՛ք բեք-օֆիսի աշխատողներին էլ, նարատիվներ տվողներին էլ, որովհետև ձեր առաջարկած Սահմանադրությանը «Ալիևյան Սահմանադրություն» տերմինը կպնում է, Դաշնակցությանը, երկրորդ նախագահին «Ալիևի մարդ», «Ալիևի ուժ» չի՛ կարող կպնել»,- եզրափակեց Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

