Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
Քաղաքականություն
17.11.2026 | 13:50
Երեքշաբթի առավոտյան Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ իր օդային տարածքում հայտնված երկու՝ ռուսական համարվող ինքնաթիռներին դիմակայելու համար։ Այս միջադեպը կարող է է՛լ ավելի սրել երկու երկրների հարաբերությունները։ Տոկիոն հայտարարել է, որ միջադեպից հետո Մոսկվային է ներկայացրել «շատ խիստ բողոք», գրում է DW-ն։
Ինքնաթիռները Ճապոնիայի հարավարևմտյան հատվածում՝ Օկինոսիմա կղզու մերձակայքում, երկրի օդային տարածք են մտել երեքշաբթի տեղական ժամանակով առավոտյան 4-ից քիչ անց, հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։
«Ռուսական կործանիչի կողմից մեր ազգային օդային տարածքի խախտումը ոչ միայն մեր երկրի ինքնիշխանության լուրջ ոտնահարում է, այլև սպառնալիք մեր անվտանգությանը և բացարձակապես անընդունելի է։ Դիվանագիտական ուղիներով Ռուսաստանին ենք ներկայացրել չափազանց խիստ բողոք և վճռականորեն պահանջել միջոցներ ձեռնարկել՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- հայտարարել է Կիհարան։
Ճապոնիան նմանատիպ բողոք էր ներկայացրել Ռուսաստանին նաև 2024 թվականին, երբ ռուսական պարեկային ինքնաթիռը երեք անգամ խախտել էր երկրի օդային տարածքը։ Դա 2019 թվականից ի վեր օդային տարածքի առաջին հաստատված խախտումն էր։
Կիհարայի խոսքով՝ ինքնաթիռներն անցել են Ցուշիմայի նեղուցով, այնուհետև՝ Յոնագունի կղզու և Թայվանի միջև ընկած հատվածով, որից հետո ուղղություն են վերցրել դեպի Խաղաղ օվկիանոս։
Վերջին շաբաթների ընթացքում Մոսկվայի հետ Ճապոնիայի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ ճապոնացի լրագրողը ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, իսկ Ռուսաստանը բռնագրավել է Japan Tobacco ընկերության՝ Ռուսաստանում գտնվող չորս ակտիվները։
Հարավային Կորեան նույնպես հայտնել է, որ երեքշաբթի վաղ առավոտյան ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռների՝ իր հակաօդային պաշտպանության գոտի մուտք գործելուց հետո կործանիչներ է բարձրացրել և մարտավարական զորավարժություններ անցկացրել։
Ըստ հրապարակման՝ հակաօդային պաշտպանության գոտին ինքնիշխան օդային տարածք չէ, այլ անվտանգության տարածք, որտեղ երկրները, անվտանգության նկատառումներից ելնելով, նույնականացնում են մոտեցող ինքնաթիռները։ Ռազմական ինքնաթիռներից սովորաբար ակնկալվում է, որ նախքան հակաօդային պաշտպանության գոտի մուտք գործելը կտեղեկացնեն համապատասխան երկրին, թեև դա իրավական պարտավորություն չէ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

