Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
Քաղաքականություն
17.11.2026 | 12:28
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ՌԴ Ուֆայի և Սալավատի արդյունաբերական գոտիների վրա։ Այս մասին հայտնել են Բաշկորտոստանի արտակարգ իրավիճակների պետական կոմիտեից, փոխանցում է Meduza-ն։
Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ավելի քան 50 անօդաչու։ Կոմիտեի պնդմամբ՝ բոլոր գործարաններն աշխատում են բնականոն ռեժիմով, կրիտիկական վնասներ չկան։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքները գրում են, որ հարձակման հետևանքով «հրդեհի բազմաթիվ օջախներ» են արձանագրվել «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» ձեռնարկության տարածքում։ Այն Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից է, որը ներառում է երեք ձեռնարկություն՝ երկու նավթավերամշակման և մեկ գազաքիմիական գործարան։
Նոյեմբերի լույս 17-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Ռուսաստանի այլ շրջանների վրա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ նոյեմբերի 16-ի երեկոյից Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ շարժվել է շուրջ 800 անօդաչու սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է «հեռավոր սահմանագծերում»։ Եվս 321 անօդաչու վնասազերծվել է Մոսկվային մոտենալիս։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը 20 շրջանների և Ղրիմի երկնքում ոչնչացրել են 1441 անօդաչու թռչող սարք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

