Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.11.2026 | 13:19Ազգային ժողովի նիստում օրակարգային հարցերի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձավ Արթուր Սարգսյանի՝ խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելու հարցին։ Նա հարց ուղղեց նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ հարցը չի վերաբերում օրակարգին։
Ղազարյանն ասաց, որ օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ դիրքորոշում ձևավորելու համար պատգամավորները պետք է հնարավորություն ունենան լսելու իրենց բոլոր գործընկերների կարծիքները, մինչդեռ Արթուր Սարգսյանը մինչ օրս չի կարողանում մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին։
«Որպեսզի մենք կարողանանք դիրքորոշում ձևավորել օրակարգի հարցերի վերաբերյալ, կարծում եմ՝ պետք է հնարավորություն ունենանք լսելու բոլոր պատգամավորների կարծիքները… Մենք, կարծես թե, բոլորին հնարավորություն ունենք լսելու, բացի պատգամավոր Արթուր Սարգսյանից, որը որ մինչ օրս հնարավորություն չունի մասնակցելու Ազգային ժողովի աշխատանքներին»,- ասաց Ղազարյանը։
Նա նշեց, որ իրեն անհասկանալի են Արթուր Սարգսյանի բացակայության պատճառները, քանի որ ինքը՝ որպես 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, որևէ համաձայնություն չի տվել գործընկերոջ պատգամավորական գործունեությունը խոչընդոտելու համար։
«Արթուր Սարգսյանը այդ հնարավորությունից զրկված է ինձ համար անհասկանալի պատճառներով, որովհետև ես, որպես իններորդ գումարման պատգամավոր, որևէ մեկին համաձայնություն չեմ տվել նրա աշխատանքային գործունեությունը խափանելու»,- հայտարարեց պատգամավորը։
Ղազարյանը նաև անդրադարձավ Ռուբեն Ռուբինյանի՝ խորհրդարանի նիստերից բացակայելու դեպքերին՝ նշելով, որ վերջինս հաճախ չի նախագահել նիստերը, սակայն դա եղել է իր որոշումը, մինչդեռ Արթուր Սարգսյանը զրկված է նիստերին մասնակցելու հնարավորությունից։
Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը կարճ արձագանքեց. «Հարցը չի վերաբերում օրակարգին»։
Ղազարյանը հակադարձեց՝ պնդելով, որ իր բարձրացրած հարցն անմիջականորեն կապված է օրակարգի քննարկման և պատգամավորական լիազորությունների իրականացման հետ։
«Հարցը ուղիղ է վերաբերում օրակարգին: Այլ բան է, որ ձեր մշակույթում և ձեր ընկալումներում դա չի վերաբերում օրակարգին… Ես հիմա զրկված եմ պատգամավոր Արթուր Սարգսյանի կարծիքը լսելու հնարավորությունից: Դուք, որպես Ազգային ժողովի նախագահ, պարտավոր եք ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը»,- ասաց Ղազարյանը։
Ռուբինյանը կրկին հայտարարեց, որ հարցը չի վերաբերում օրակարգին, որից հետո ավարտեց հարցուպատասխանը և անցավ օրակարգային հաջորդ նախագծի քննարկմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

