Ի՞նչ է փոխվել «խոշոր և մանր եղջերավոր անասունների կյանքում» անցած 1 տարում
Տնտեսություն
26.08.2019 | 20:02Հայաստանի կառավարությունները՝ թե՛ նախկին, թե՛ ներկա, տարբեր տարիների անասնաբուծությունը զարգացնող զանազան ծրագրեր են մշակել։ Տարիներ առաջ իշխանություններն իբր զարկ տվեցին տավարաբուծությանը, սակայն «Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրով» Եվրոպայից ներկրված երինջների մեծ մասն անկեց, զգալի ֆինանսական միջոցներ «ջուրը նետվեցին», իսկ ծրագիրը նախատեսվածից 2 տարի շուտ դադարեցվեց։
Այս տարվա մարտին ներկայիս կառավարությունը հաստատեց «Տավարաբուծության զարգացման 2019-2024 թթ. ծրագիրը»: Այն շատ ավելի զգուշավոր է, քան նախորդը: Պետությունն այլևս չի ստանձնի երինջների ներմուծման պարտավորություն, այլ միայն սուբսիդավորելու է վարկերը՝ տնտեսավարողներին հնարավորություն ընձեռելով այս տարիների ընթացքում 2% տոկոսադրույքով ձեռք բերել տոհմային կենդանիներ:
Գրեթե 1 ամիս առաջ կառավարությունը հանրության դատին ներկայացրեց նաև «ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը»։ Այն նախատեսում է 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն ընձեռել մատչելի պայմաններով ձեռք բերել շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ՝ հղի ոչխարներ և այծեր, էգ և արու մատղաշ, ավելացնել ոչխարների և այծերի գլխաքանակը՝ ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը ապահովելով շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում, ավելացնել ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները՝ 2019-2027 թվականներին արտադրելով շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, պայմաններ ստեղծել արտահանման ծավալների ավելացման համար և այլն։
Հայաստանը ոչխարի մսի գծով ինքնաբավ է՝ 138.9 %, այսինքն՝ արտահանման ներուժը մեծ է։ Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից Factor.am-ին տրամադրված տվյալների համաձայն, նախորդ տարիների համեմատ այս տարվա առաջին կիսամյակում մանր եղջերավոր կենդանիների արտահանումը ՀՀ-ից շեշտակի աճել է. եթե 2017թ. առաջին կիսամյակում արտահանվել էր 2350 գլուխ, 2018-ի նույն ժամանակաշրջանում՝ 1725 գլուխ, ապա այս տարվա առաջին 6 ամսում՝ 9974 գլուխ, աճը՝ 4-5.7 անգամ։
Հիմնականում արտահանվել է Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ, Վրաստան:
Արտահանողների ցանկը բավականին ուշագրավ է և վկայում է, որ այս բիզնեսը գրավիչ է թե՛ նախկին պաշտոնյաների, թե՛ մեր հարևան պետությունների քաղաքացիների համար։ Օրինակ՝ այս տարի ոչխարի արտահանում իրականացրած ընկերություններից «Մուշ-Մէդա»-ն պետռեգիստրում գրանցվել է 1994 թ-ին, հիմնադիրը ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն է (Խուճուճ Էդո), որը սերտ կապերի մեջ է թե՛ hանրապետականների, թե՛ բարգավաճականների և թե՛ քրեական հեղինակությունների հետ։
Արտահանող մյուս ընկերությունը՝ «Իմպերիալ Լայֆսթոք» ՍՊԸ-ն, թեև ունի հայկական գրանցում, սակայն հիմնադիրը Սիրիայի քաղաքացի Մոհամադ Մաքքին է։ Ոչխար արտահանել է նաև «Դալար Պաղտո» ԱՁ-ն, որը չունի ՀՀ գրանցում։
Խոշոր եղջերավոր կենդանիների արտահանման ոլորտում ակտիվություն չի նկատվում․ այստեղ ցուցանիշները զգալիորեն զիջում են մանր կճղակավորների արտահանման ցուցանիշներին։ Ընդհանուր առմամբ՝ խոշորի գլխաքանակը վերջին 2 տարում նվազել է գրեթե 10%-ով: Թեև 2018-ի առաջին կիսամյակի համեմատ 2019-ի հունիսի դրությամբ արտահանվել է 304-ով ավելի գլուխ՝ կազմելով 1087, սակայն 2017-ի նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը 7166 գլուխ էր։ Տավարի արտահանման ուղղությունները վերջին տարիներին նույնպես համեմատաբար սահմանափակ են՝ Իրաք և Վրաստան։ Ընդ որում՝ Վրաստան արտահանվում են հիմնականում տոհմային երինջներ, և այժմ այստեղ հիմնական խաղացողը «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲ ընկերությունն է, իսկ մսացուն գնում է Իրաքի՝ ՀՀ գրանցում ունեցող «Պովեր Մաքս», Վահի ՍՊԸ-ների և «Հասանյան Տոսուն» ԱՁ-ի ջանքերով։ Վերջինս գրանցված չէ ՀՀ պետռեգիստրում, «Պովեր Մաքս»-ն այս տարի է գրանցում ստացել, բայց հիմնադիրը Իրանի քաղաքացի Օմիդ Ռեզայի Մոզաֆարն է, իսկ «Վահի»-ն 2017-ին հիմնադրել է ՀՀ քաղաքացի Վահի Բիղյազարը։
Անցած տարի հունիսի 7-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում հարց էր հնչեցրել՝ հեղափոխությունն ի՞նչ է փոխելու խոշոր և մանր եղջերավոր անասունների կյանքում և ինքն էլ պատասխանել էր. «Խոշոր և մանր եղջերավոր անասունները այս պահից սկսած ստացել են իրավունք արտահանվելու՝ առանց վարչապետի եղբոր / նկատի ուներ նախկինում Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին վերագրվող/ «դաբրոյի»: Սա է փոխվել խոշոր և մանր եղջերավոր անասունների կյանքում: Միթե դժվար է այս ամենը հասկանալ: Գուցե շատ մեծ փոփոխություն չէ, բայց մի փոփոխություն է, որ Հայաստանի Հանրապետությունում 10-20 տարի հնարավոր չէր լինում իրականացնել: Եվ այս տոկոսը 100 է, Հայաստանի Հանրապետության խոշոր և մանր եղջերավոր անասունների 100 տոկոսը ստացել է անխափան և անարգել ՀՀ-ից արտահանվելու իրավունք»։
Սակայն հետաքրքրական է, որ Ալեքսանդր Սարգսյանի (Սաշիկ) անունը նախկին ու ներկա արտահանողների ցուցակներում որևէ կերպ չի նշմարվում։
Այս լուրերը հերքում է նաև ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
«Ես որևէ բիզնես չգիտեմ, որ Ալեքսանդր Սարգսյանի հետ հիմա կապված լինի։ Արտահանման համար մեզ դիմում են տարբեր մարդիկ։ Թե ո՞վ է իրենց ետևում կանգնած՝ չեմ կարող ասել»,- ասում է նա։
Գ.Ավետիսյանի հավաստմամբ՝ դաշտն ազատ է, որևէ մեկը չի կարող որևէ բան թելադրել։
ՍԱՊԾ ղեկավարը կենդանիների արտահանման մեծ պոտենցիալ է տեսնում. «Շատացել են կենդանիներ ներկրել ցանկացողները, մատղաշը բերում են, աճեցնում ու արտահանում: Ընդհանուր գլխաքանակն ավելանում է»։
Մրցակցության առկայության մասին հավաստում է նաև «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության ղեկավար Արմեն Խեչոյանը: Նախկինում նա թե՛ տավար, թե՛ ոչխար է արտահանել:
«Ոչխարն այսօր ամենահետաքրքիր բիզնեսներից մեկն է Հայաստանում, իսկ մեզ մոտ դեռևս փորձում են կաթի, տավարի մսի արտադրությունը զարգացնել: Շատ լավ կլինի, եթե հաջողվի մասսայականացնել ոչխարաբուծությունը,- ասում է Ա.Խեչոյանը՝ թվարկելով դրա առավելությունները,- արտահանվում է որձը, ոչ թե էգը և բիզնեսի զարգացման տեսանկյունից դա առավելություն է, իրանցիները հաճախ գերադասում են չմորթել, կենդանի տեղափոխել ոչխարը և անգամ չեն կշռում, հաշվի են առնում միայն դրա գեղեցկությունն ու ավելի թանկ են վճարում՝ 43 հազար դրամ մի գլխի համար»:
Թե ինչո՞ւ է «Ագրոհոլդինգը» դադարեցրել տավարի ու ոչխարի արտահանումը, Ա.Խեչոյանը նշում է երեք պատճառ․ տավարի դեպքում՝ տոհմային երինջների սահմանափակ քանակն ու ներքին շուկայում պահանջարկի ավելացումը, ոչխարի դեպքում՝ համակարգված ուղիների, կապերի բացակությունը: Ըստ նրա՝ կառավարությունը կարող է շատ մեծ դերակատարում ունենալ կենդանիների արտահանման ծավալների մեծացման գործում. «Եթե լավ կառավարվեր, կարելի էր հաճախակի ուղարկել: Կառավարել է պետք, ոչ թե պոպուլիզմով զբաղվել»:
«Արզնի Տոհմային ԹՏԽ» ընկերության ղեկավար Արմեն Ջանվելյանը գոհ է իշխանությունների հետ համագործակցությունից, ասում է՝ ճնշումներ չեն եղել ու չկան, խնդիրներն ազատ քննարկվում են ու հետզհետե լուծվում: Օրինակ՝ տոհմային երինջների վաճառքը ներքին շուկայում հարկվում էր ԱԱՀ-ով, բայց իր առաջարկով այն հանվել է. «Այն ժամանակ աբսուրդ բան էր՝ արտահանման վրա ԱԱՀ չկար, իսկ ներքին շուկայում վաճառքի դեպքում ԱԱՀ էին գանձում: Այժմ դա վերացվել է: Նաև դիմել ենք, որ սպանդանոցային մորթը դառնա պարտադիր, բակային մորթը վերանա: Նախկին կառավարությունն արդեն նախաձեռնել էր դա, նոր իշխանությունը հիմա շարունակում է այդ գործը և 2020թ-ից բոլորի համար պարտադիր է լինելու»:
Ա. Ջանվելյանը նշում է, որ արտահանման ծավալների մեծացման հիմնական խոչընդոտը անասունների գլխաքանակն է: Նրա խոսքով՝ Վրաստանը հեշտորեն տալիս է թույլտվություն և, քանի որ նույն կլիմայական գոտին է, պատվաստումների պահանջը նույնն է, պետությունն էլ դոտացիաներ է տալիս։ Բացի այս՝ վրացի ֆերմերները նախընտրում են հայկական երինջները եվրոպականից: Այս տարի «Արզնին» 100 գլուխ է ուղարկել մեր հարևաններին: Մյուս ուղղություններով, ըստ նրա, ապրանքային անասուններ են տանում, և իսլամական արարողակարգերով մորթ կազմակերպելու նպատակով գերադասում են կենդանի տեղափոխել:
«Հիմա մեզ մոտ հատկացվող դոտացիաների արդյունքում ներքին շուկան ակտիվացել է: Մենք էլ՝ որպես հայ ֆերմեր, գերադասում ենք թեկուզ մի քիչ էժան, բայց մեր գյուղացուն վաճառել, ոչ թե արտահանել: Տոհմային երինջներ այս տարի ևս մեկ անգամ միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կուղարկենք Վրաստան»,- նշում է Ա. Ջանվելյանը:
Այս ոլորտի հայկական «փյունիկ», թերևս, կարելի է համարել «Եղվարդ Համալիր» ՍՊ ընկերությունը: 2006թ-ին հիմնադրված ձեռնարկությունը հարկային պարտավորությունների պատճառով 2016թ-ին սնանկ էր ճանաչվել: Պարտքը գերազանցում էր 12.5 մլն դրամը: Սակայն վերջերս Սամվել Մկրտչյանի ղեկավարած ընկերությունն արժանացել է կառավարության բարեհաճությանը՝ ստանալով առաջիկա 3 տարում 8 մլրդ 670 մլն դրամի հազարավոր խոշոր եղջերավոր կենդանիներ, գոմեշներ, խոզեր, ոչխարներ, գառներ, այծեր ներմուծելու ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնություն:
Մնում է հուսալ, որ Հայաստանի լեռնային մարգագետիններն ու արոտները չեն տուժի անասնաբուծության՝ ահագնանալ խոստացող զարգացումից:
ՍԱՊԾ ղեկավարը վստահեցնում է՝ կառավարությունն ուշադրություն է դարձնում նաև այս խնդրին. «Ես քննարկել եմ տաբեր էկոլոգների հետ, ասում են, որ մեր արոտներում 1.2-2 մլն ոչխար կարող ենք պահել։ Հիմա մեր սարերում, վիճակագրական կոմիտեի տվյալներով, 640 հազար ոչխար կա»։
Հայկ Վարդանյան