Ապրիլյան պատերազմի 61 զոհերից 57-ն ապրել են սոցիալապես շատ ծանր պայմաններում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.04.2019 | 18:35
Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ
– Պարո՛ն Սաքունց, ապրիլյան պատերազմից հետո ձեր գրասենյակի աշխատակիցներն այցելել էին զոհված 61 զինծառայողների ընտանիքներին և հետաքննություն իրականացրել: Պետք է խնդրեմ վերհիշեք, թե զոհերը սոցիալական ո՞ր խավի ներկայացուցիչներն էին, և արդյոք ծնողները բավարար տեղեկատվություն ունեի՞ն, թե ինչ պայմաններում են մահացել իրենց զավակները:
– Շատ կարևոր հարցի վրա եք ուշադրություն դարձնում, որովհետև, ցավոք, և՛ այն ժամանակ, երբ մենք այդ զեկույցը հրապարակեցինք, և՛ մեկ տարի անց, թե ինչ է արվել զեկույցում բարձրացված հարցերի վերաբերյալ, մենք ոչ միայն այդ հարցերի վերաբերյալ որևէ պատասխան չէինք ստանում, այլ ընդհանրապես փորձում էին անուշադրության մատնել:
– Ովքե՞ր:
– Այն ժամանակվա իշխանությունները, հատկապես՝ Պաշտպանության նախարարությունը: Այդ 61 ընտանիքներից 57-ը սոցիալապես շատ ծանր պայմաններում են ապրել, և դա արձանագրված է: Մնացած 4-ը՝ մի փոքր ավելի բարվոք պայմաններում, բայց այնպես չէ, որ ասենք՝ ապահովված ընտանիքների ներկայացուցիչներ էին: Ավելին, չկար գեթ մեկը, որը լիներ, թեկուզ համայնքային մակարդակով, պաշտոնատար անձ: Մենք արձանագրեցինք, որ առաջնագծում ծառայությունն իրականացնողների մեջ գերակշիռ մասը սոցիալապես անապահով ընտանիքների ներկայացուցիչներ են:
– Ինչո՞վ եք դա պայմանավորում:
– Սա արտահայտումն է սոցիալական անարդարության և, բնականաբար, նման պատահական օրինաչափություն չի կարող լինել: Ակնհայտ է, որ կար որոշակի հովանավորչություն, և այն ընտանիքները, որոնք չունեին կապեր, որոնք չունեին ֆինանսական միջոցներ, նրանց երեխաներն ավելի հաճախ էին հայտնվում այդպիսի իրավիճակում: Եվ տպավորություն է, որ մարտական հերթապահությունը դիտարկվում էր որպես պատժիչ ծառայության վայր: Բայց երկրորդ կարևոր բանը, որն արձանագրեցինք. կային բազմաթիվ հարցեր՝ սպառազինության, սննդամթերքի մատակարարման, բժշկական ծառայության կամ բուժտեխնիկայի պատշաճ ապահովման հետ կապված, որոնց վերաբերյալ այդ ընտանիքները մեկ տարվա ընթացքում այդպես էլ որևէ տեղեկատվություն չստացան: Որովհետև չկատարվեց այն պահանջը, որ մենք այն ժամանակ ձևակերպեցինք, այն է՝ պետք է իրականացվեր ուսումնասիրություն, քննություն՝ մահվան հանգամանքների և պատճառների բացահայտման ուղղությամբ, թեկուզ դա կապված լինի մարտական գործողությունների հետ: Եթե հիմա մարտական հերթապահություն իրականացնողների շրջանում լինում են մահացության դեպքեր՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, ապա քրեական գործ հարուցվում է: Հետո գործը կասեցվում է, բայց քննությունն ամբողջությամբ չի իրականացվում այն մասով, թե, ի վերջո, հայկական կողմը, զինվորական ծառայության կազմակերպողները հրահանգավորման, անվտանգության միջոցների կիրառման, դիրքի ամրապնդման առումով իրենց բոլոր պարտավորությունները պատշաճ կատարե՞լ են: Սրա հետ կապված, հիշեցնեմ, անամոթաբար հայտնում էին, թե մեկ տարվա ընթացքում դիրքերի ամրապնդման այնպիսի լայնածավալ աշխատանքներ են կատարվել՝ նվիրատվությունների, հանգանակությունների հաշվին, որ նախորդ ժամանակաընթացքում չի եղել: Այդ դեպքում հարց է ծագում՝ նախորդ ժամանակաընթացքում ո՞ւր են գնացել այդ միջոցները:
– Ի վերջո՝ այդ աշխատանքները զոհերի թվաքանակում որևէ փոփոխություն մտցրեցի՞ն:
– 2017 թվականին էլ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհեր եղան: Միակ բացառությունը 2018 թվականն էր, երբ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թիվը կտրուկ նվազել է, որովհետև խախտումներն էլ են նվազել: Բայց պատկերը մնում է մտահոգիչ, որ ոչ մարտական պայմաններում մահացության թիվը բավական մեծ է մնում: Այսինքն՝ ունենք խնդիրներ զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կարգապահության, ավտոտեխնիկայի շահագործման պայմանների, կանոնադրային հարաբերությունների հետ կապված:
– Պարո՛ն Սաքունց, այն ժամանակ քննադատում էիք իշխանությանը և, մասնավորապես, պաշտպանության նախարարից պահանջում էիք հայտնել, թե ո՞ր պաշտոնյաների որդիներն են ծառայել առաջնագծում: Դրանից հետո Factor.am-ը հրապարակեց հայտնի ցանկը, որտեղ ներկայացված էին այն պաշտոնյաներն ու նրանց զավակները, որոնք չեն ծառայել բանակում: Այսօր գիտենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին ծառայում է Արցախում: Կարծում եք՝ այստեղ որևէ բան փոխվե՞լ է, այսօր պաշտոնյաների որդիներն արդյոք զորակոչվում են բանակ, առավել ևս՝ դիրքերում հայտնվո՞ւմ են:
– Գիտենք, որ վարչապետի որդին, այդպես են հայտնել, ծառայում է առաջնագծում: Գիտենք՝ նույնպես մամուլի տեղեկություններից, որ պաշտպանության նախարարի որդին էլ է զինված ուժերում ծառայում: Բայց ես չգիտեմ, թե մնացած պաշտոնյաների երեխաները որտեղ են ծառայում: Եվ չգիտեմ, թե Պաշտպանության նախարարությունն արդյոք այդ հարցին ուշադրություն դարձնո՞ւմ է, թե՞ դրանք անհատական նախաձեռնություններ են, երբ պաշտոնյաներն ասում են՝ իմ երեխային անպայման ուղարկեք առաջնագիծ: Ուզում եմ ասել՝ շատ ողջունելի են նման օրինակները, բայց պետք է լինի կարգ: Եթե կա վիճակահանություն, ապա պետք է բոլորի համար լինի: Այնպիսի տպավորություն է, որ կա մի կարգ, որը կիրառվում է միայն մարդկանց որոշ խմբի համար, իսկ մարդիկ, որոնք ունեն ինչ-ինչ կարգավիճակ, այդ վիճակահանությանը չեն մասնակցում: Այսինքն՝ իրավիճակի փոփոխության առումով գաղափար կազմել կամ առանձին պաշտոնյաների հայտարարությունների հիման վրա եզրահանգում անել չի կարելի, որովհետև դրանք առանձին դեպքեր են: Զորակոչի կազմակերպման և իրականացման առումով փոփոխությունների մասին խոսելը դեռևս վաղ է, որովհետև մենք չունենք հստակ ուղերձներ, հստակ մոտեցումներ, մատչելի տեղեկացված չենք դրանց մասին, ինչը կձևավորեր վստահություն, որ իրապես այն խնդիրների մասին, որ մենք խոսում ենք, այն է՝ սոցիալական անարդարության դրսևորումները, այլևս վերացված են:
– 2017 թվականի մարտի 1-ին այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովի ամբիոնից սենսացիոն հայտարարություն արեց, ի դեպ՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, ասելով. «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում՝ վառելիքին կերոսին խառնելու պատճառով»: Նախկին վարչապետի այս խոսքերը Ձեզ հիշեցնո՞ւմ են հանցագործության մասին հաղորդում, և ինչո՞ւ այն ժամանակ այս հայտարարությունը չունեցավ իրավական հետևանքներ և ի՞նչ պրոցես պետք է դրան հետևեր:
– Երևի թե նախկին վարչապետն այդ պահին չի էլ գիտակցել, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս: Եվ ակնկալել, որ այդ հայտարարության հիման վրա քննություն կգնա, դժվար է, որովհետև ես կարող եմ հիշեցնել, որ մենք նույնիսկ այդ հիմքով հաղորդում էինք ներկայացրել գլխավոր դատախազություն, որը, բնականաբար, թողնվեց անհետևանք: Բայց ակնկալել, որ կոռուպցիոն մեխանիզմներով կառավարվող իշխանությունը պետք է հետաքննություն իրականացնի մարդկանց նկատմամբ, որոնք իր կողմից ղեկավարվող կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչներն են… այսինքն՝ ինքն իր դեմ գործ չէր հարուցելու: Հիշում եք՝ մեկ-երկու նման դեպք եղավ, թիկունքի մատակարարումների գծով մեկին՝ գեներալ կար, ձերբակալեցին, այնուհետև քրեական հետապնդումը դադարեցվեց: Այսինքն՝ այն բոլոր տվյալները, որ զոհվածների հարազատները հայթայթել էին իրենց ջանքերով՝ իմանալու համար, թե ինչ հանգամանքներում են իրենց զավակները զոհվել, այդ բոլոր տվյալների իսկությունը ոչ մեկը չի հերքել, իսկ դրանք վկայում են հանցագործությունների մասին: Այս տեսակետից ես կարծում եմ, որ ապրիլյան պատերազմը բացահայտեց տարիներ շարունակ իրապես այդ կոռուպցիոն համակարգի առկայությունը, և դրա ծանր հետևանքների հետ մենք առնչվեցինք՝ մոտ 100 զոհով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան