Ժուռնալիստների միությունում տարիներ ի վեր կոպեկներով տարածքներ են վարձակալվել․ Սաթիկ Սեյրանյանի ահազանգն ու Աստղիկ Գևորգյանի պատասխանը

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի Ժուռնալիստների միության տարածքների հիմնական մասը, կարելի է ասել՝ այլևս միությանը չեն պատկանում։ Ժամանակին կնքվել են ստրկատիրական, նվաստացուցիչ պայմաններով պայմանագրեր, որոնք լուծելը շատ բարդ ճանապարհ է խոստանում»,- այսօր հրավիրված ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նշենք, որ Երևանի Պուշկինի 3Ա հասցեում գտնվող միության շենքում տարածքներ են վարձակալել մի շարք կազմակերպություններ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, «Էլզա-Գրիգ ընկերությունը», «Ավանգարդ քլաբ» ընկերությունը, Լրատվամիջոցների աջակցության հիմնադրամը, «168 ժամ» լրատվամիջոցը և «Արամայիս Հարությունյան» ԱՁ-ն։ Սաթիկ Սեյրանյանը տեղեկացրեց, որ Միության վարչությունը որոշել է փոփոխել վարձակալության բոլոր պայմանագրերը։ Նրա ներկայացմամբ՝ 3 ընկերություն տարածքները վարձակալել է անտրամաբանական ցածր գներով։

«Էլզա-Գրիգ» ընկերությունը ամսական 400 հազար դրամով վարձակալել է 798․6 ք/մ մակերեսով տարածք՝ մինչև 2080 թվականը ժամկետով։ Այսինքն՝ «Էլզա-Գրիգ»-ը 1 ք/մ տարածքը վարձակալել է ամսական 501 դրամով։ Այս տարածքի վարձակալության շուկայական գինը, ըստ միության փաստաբան Աղավնի Մադոյանի, գնահատվել է 2 միլիոն 178  հազար դրամ։ 1 տարվա համար գույքահարկը կազմել է 566 հազար 771 դրամ, ինչը համատիրության վճարի հետ վճարվել է Միության բյուջեից։ Իր հերթին՝ «Էլզա-Գրիգ»-ը տարածքը ենթավարձակալությամբ հատկացրել է 2 ընկերության։ Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ 798․6 քառ/մ տարածքի մի հատվածի ենթավարձակալության գումարը կազմել է 3 միլիոն 800 հազար դրամ։ Սաթիկ Սեյրանյանը պատմեց, որ «Էլզա-Գրիգ»-ին տրված տարածքի մեկ այլ հատված այսօր վարձով է տրվում 5500 դոլարով․

«Նորից եմ կրկնում՝ այդքան տարածքի համար վարձակալը վճարում է 400 հազար դրամ։ Ընդ որում՝ տարածքը գտնվում է սարսափելի վատ վիճակում։ Նույն Հելսինկյան կոմիտեի գործընկերները տուն գնալիս համակարգիչների վրա ցելոֆան էին քաշում, որպեսզի ջուր չթափվի»։ Սաթիկ Սեյրանյանը կապ է հաստատել «Էլզա-Գրիգ» ընկերության սեփականատիրոջ հետ, որն, ըստ նրա՝ ճանաչված հեղինակություն «Խդոյի Գրիշն» է․

«Նա հայտնի է տարածքներ վարձակալելով և ենթավարձակալությամբ հանձնելով։ Ծանր խոսակցություն եղավ։ Մենք Պետգույքի կոմիտեի չափագրումների արդյունքում ի հայտ եկած գինը նրան ներկայացրինք, և ասեցինք՝ այսուհետ այս պայմանները պիտի լինեն և չի կարող մինչև 2080 թվականը վարձակալության պայմանագիր լինել, ասաց՝ դու ուզում ես ինձ քցես։ Բայց ես էլ չեմ ուզում միությանը քցի ինչ-որ մեկը։ Միակ ճանապարհը մնում է դատարանը»,- ներկայացրեց միության նախագահը։

Նրա խոսքով՝ «Ավանգարդ քլաբ» ընկերությունը վարձակալել է Ժուռնալիստների միության 764 ք/մ մակերեսով տարածք, որը դահլիճ է։ Այստեղ ժամանակին «Վիտամին ակումբ»-ը հանդես էր գալիս հումորային ներկայացումներով։ Հիմա տարածքը չի օգտագործվում։ 764 ք/մ մակերեսով տարածքը «Ավանգարդ քլաբ» ընկերությանը վարձակալությամբ տրվել է մինչև 2112 թվականը՝ ամսական 480 հազար դրամով։ Այս տարածքի շուկայական արժեքը գնահատվել է 1 միլիոն 459 հազար դրամ, այն դեպքում, երբ միությանը վճարվում է ամսական 480 հազար դրամ։ Գույքահարկն այս դեպքում տարեկան կազմում է 542 հազար 215 դրամ, որը համատիրության վճարների հետ հոգում է Ժուռնալիստների միությունը․ «Այս տարածքը հիմա առնետանոց է, ավերակ է, ջրեր են հոսում։ Որևէ միջոցառում չենք կարող անել։ Նրանք պաշտպաված են պայմանագրով, որը խայտառակ պայմանագիր է»,- ասաց տիկին Սեյրանյանը։

 

 

Երրորդ վարձակալը, որի հետ միությունը ցանկանում է լուծել պայմանագիրը, «Արամայիս Հարությունյան» ԱՁ-ն է։

Նա 138․2 ք/մ մակերեսով տարածքը վարձակալել է մինչև 2030 թվականը՝ ամսական 50 հազար դրամով։ Այսինքն՝ 1 ք/մ-ի վարձը կազմել է 362 դրամ։ Այս տարածքի գույքահարկը 1 տարվա կտրվածքով կազմում է 98 հազար 81 դրամ, որը կրկին միությունն է վճարում։ Այնտեղ գործում է հոսթել։ Ըստ միության փաստաբանի՝ տարածքի վարձակալության շուկայական գինը ամսական 289 հազար դրամ է։

Սաթիկ Սեյրանյանի ներկայացմամբ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը 36 ք/մ մակերեսով տարածքը վարձակալում է 80 000 դրամով, այսինքն՝ 1 ք/մ-ի վարձակալության տարեկան արժեքը 2186 դրամ է։ Իսկ ահա Սաթիկ Սեյրանյանի հիմնադրած «168 ժամ» լրատվամիջոցը 2 տարածքի համար որպես վարձակալության վճար միությանը տալիս է 215 հազար դրամ, այսինքն՝ 1 ք/մ-ի համար՝ 2096 դրամ։ Ամենաբարձրը, սակայն,  Հելսինկյան կոմիտեի  տված վարձավճարն է ․ ամսական 95 հազար դրամ, 1 ք/մ-ի համար՝ 3947 դրամ։

Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ եթե հասնեն վարձակալության պայմանագրերի լուծմանը, Ժուռնալիստների միությունը կարող է լուրջ եկամուտներ ունենալ․

«Եթե վերադարձնենք այս տարածքները, կարող ենք գույքահարկն էլ վճարել, բոլոր հարկային պարտավորություններն էլ կատարել, կարգի բերել տարածքը։ Ժուռնալիստների միությունն ուներ մի հատ պայթած համակարգիչ, որով ոչինչ հնարավոր չէ անել։ Ոչ մի պայման չկա։ Ես իմ աշխատասենյակում վայրկյան անգամ չեմ նստել՝ ամբողջը հոսանքալարեր, վնասված և այլն»։

Ժուռնալիստների միության ներկայիս նախագահի հայտարարությունների շուրջ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով՝ Factor.am-ը կապ հաստատեց միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանի հետ։  Նրան նախ հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ են տարածքները վարձակալությամբ տրվել շուկայականից մի քանի անգամ ցածր գնով։ Աստղիկ Գևորգյանը պատասխանեց, որ գնահատումը կատարվել է այն ժամանակ, երբ ենթավարձակալության տալով՝ ՎՏԲ բանկի տարածքը հրաշալի վիճակում էր․ «Ոչ մի տեղ գրված չի, որ ելնելով գույքի վիճակից, կարելի է բարձր գնով տալ վարձակալության։ Մենք վարձակալության ենք տվել, երբ առնետները մեր ոտքերի տակից փախչում էին, նույնիսկ ջեռուցում չենք ունեցել, պլիտա էինք դնում՝ աշխատողներով հավաքվում քարտուղարուհու 16 ք/մ-ոց սենյակում, որ ձմեռը անցկացնենք, և այդպես՝ 40 տարի»։

Միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարեց, որ տարածքները վերոնշյալ կազմակերպություններին վարձակալությամբ տալիս կեղծվել են վարչության 2 անդամի՝ Ֆարհադ Ափուջանյանի և Գրիգոր Ջանիկյանի ստորագրությունները․

«Երբ իրենց ցույց տվեցի իրենց ստորագրությունները, պատկերացնո՞ւմ եք իրենց վիճակը, որ իրենց ստորագրությունները կեղծվել են։ Վարչության ո՛չ բոլոր անդամներին է առիթ եղել հարցնել իրենց ստորագրությունների կեղծման վերաբերյալ»։ Ըստ փաստաբան Աղավնի Մադոյանի, միության նախագահն իրավունք չուներ տարածքները միանձնյա որոշմամբ տալ վարձակալությամբ։ Այդպիսի որոշում պիտի կայացնեին վարչության բոլոր անդամները և տային ստորագրություններ։

Ըստ միության ներկայացուցիչների՝ նոտարից փաստաթղթերը վերցնելուց հետո պարզվել է, որ փոխվել են ստորագրությունները, ինչից հետո ներկայացրել են հաղորդում հանցագործության մասին և հարուցվել է քրեական գործ՝ «առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահում՝ ի վնաս կազմակերպության», և «իրավունք վերապահող փաստաթղթի կեղծում» հոդվածներով։ Ընթանում է նախաքննություն․ «Եթե վարչության անդամները տեղյակ լինեին գործարքի մանրամասներին, նման վատ պայմաններով գույքը չէր տրվի վարձակալությամբ»,- ասաց փաստաբանը։

Ստորագրությունների կեղծման դրվագը Աստղիկ Գևորգյանը ծիծաղելի որակեց և ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել պայմանագրերի վավերացումը․

«Նոտարում պայմանագիրը ես ստորագրել եմ միության կնիքով, ինքս էլ ստորագրել եմ, հետո՝ կողքը գրել եմ «Ա․ Գևորգյան»՝ ինչպես կարգն է։ Նոտարի աշխատողն ասեց՝ վարչության անդամներին կարո՞ղ եք կանչել էստեղ, ասեցի՝ ո՞նց կանչեմ, մեկը Սպիտակի խմբագիրն է, մյուսը Կոտայքի խմբագիրն է, մեկը՝ երկրում չի։ Ասեց՝ շատ լավ, ուղղակի ձեր ձեռագրով գոնե վարչության անդամների անունները գրեք։ Ասեցի՝ լրիվ գրե՞մ անուն ազգանուն, ասեց՝ չէ, անվան սկզբնատառը և ազգանունը։ Ասելով հո չի՝ ստորագրություն է կեղծվել։ Դա ստորագրություն չի, անուններ են՝ շատ գեղեցիկ ձեռագրով գրված։ Ստորագրությունը գիտեք չէ՞ ոնց է լինում։ Նոտարն ինձ ասել է անունները գրեք, չի առաջարկվել, որ վարչության անդամները ստորագրեն»։ Հարց ուղղեցինք տիկին Գևորգյանին՝ միության վարչությունը համաձայնվե՞լ է տարածքները տալ վարձակալությամբ, ստորագրե՞լ են, ինչին նա արձագանքեց․ «Անպայման, բա ինչ պիտի արվեր, բոլորը տեղյակ են եղել»։

Սաթիկ Սեյրանյանն իր հերթին այլ բան ներկայացրեց․ ըստ նրա՝ միության հաշվապահության միջոցով փորձել են նախկին ղեկավարությունից ճշտել ստորագրությունների կեղծման մասին․ «Ասել են՝ այո, ինչ-որ շտապում էին, չգիտեմ՝ ինչ էին անում, դրա համար էս արեցին»։

Ասուլիսում փաստաբան Աղավնի Մադոյանը «աչք ծակող» որակեց վարձատուի և վարձակալի միջև իրավունքի և պարտականության արդարացի և հավասարակշռության բացակայությունը․ «Ակնհայտ ցածր գին է սահմանվել Պուշկին փողոցում տեղակայված տարածքի համար։ Հետաքրքիր է, որ վարձակալն իրավունք ունի 2 ամիս առաջ գրավոր ծանուցմամբ լուծել պայմանագիրը, իսկ վարձատուն իրավունք չունի լուծել պայմանագիրը, և պայմանագիրը կարող է լուծվել միայն վարձավճարը չտալու համար»,- ընդգծեց նա։

Արձագանքելով այս պնդմանը՝ Աստղիկ Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն Ժուռնալիստների միության կանոնադրության՝ տարածքները կարող են տրվել վարձակալության ցանկացած գնով՝ ելնելով տարածքի և շենքային առանձնահատոկություններից, ընդհուպ մինչև՝ նվիրատվություն և անհատույց որևէ կազմակերպության տրամադրելը․

«Վարձակալության առաջարկելիս մեր շենքը խայտառակ վիճակում է եղել՝ խողովակները պայթած, փտած, ջուրն ամբողջովին բնակելի շենքի տակ էր լցված և շենքը նստելու վտանգ էր ներկայացնում, իսկ մենք ֆինանսական որևէ հնարավորություն չունեինք նորոգելու։ Մի խողովակ չէինք կարող փոխել, որովհետև անդամավճարները ցածր էին։ Մենք ստիպված հայտնվեցինք այնպիսի իրավիճակի մեջ, որ պետք է ինչքան հնարավոր է՝ բանակցեինք ու նորմալ պայմաններով տայինք վարձակալության, որ կարողանայինք հարկերը վճարել, աշխատավարձ տալ»։

Իսկ ինչո՞ւ են տարածքները տրվել վարձակալությամբ այդքան երկար ժամանակով։ Աստղիկ Գևորգյանը դա պայմանավորեց վարձակալների լուրջ ներդրումներով․ «Ավերված շենքը դարձրել են նորմալ, վերանորոգված, բոլոր խողովակներն ու կոմունիկացիաները փոխել են, պատուհաններ, դռները, հատակ՝ ամեն ինչ։ Մենք մի կոպեկ չենք հատկացրել շենքի նորոգման համար։ Թղթերն այնտեղ են, Սաթիկն ուսումնասիրել է, ինքն էլ գիտի»։

Մինչդեռ Սաթիկ Սեյրանյանն ասուլիսում  պնդեց, որ միության տարածքները պետք է հետ վերադարձվեն․ «Միությունը պետք է չլինի ողորմություն ու ներում խնդրողի դիրքում։ Միությունը կարող է իր գույքով ունենալ եկամուտներ, այն նպատակային օգտագործելով կկարողանա բարելավել իր պայմանները, աջակցել լրատվամիջոցներին, օրինակ՝ մեկին տեսախցիկ տա, որ նոր բովանակություն ստեղծի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ լրագրողների միությունը կարող է չունենալ որևէ տեխնիկա»։

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ պաշտոնն ստանձնելու տարում՝ 2017 թվականին, Ժուռնալիստների միությունն ունեցել է 1 միլիոն 530 հազար 55 դրամ գույքահարկի պարտք։ 2018 թվականին այդ գումարը 1 միլիոն 681 հազար 710 դրամ է կազմել։ Սաթիկ Սեյրանյանն ասում է՝ միությունը դրամական միջոցներ չունի պարտքը մարելու համար։ Անգամ վարձակալությունից ստացած եկամուտներով չի կարող դրանք վճարել։

Տարիներ շարունակ մյուս ստեղծագործական միությունների նման, Ժուռնալիստների միությունը ևս դիմել է Երևանի ավագանուն և գույքահարկի ներում ստացել։ Այս անգամ էլ Սաթիկ Սեյրանյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պարտքը ներելու խնդրանքով, բայց դեռ պատասխան չկա։ Գույքահարկի պարտքի վերաբերյալ Աստղիկ Գևորգյանն ասաց, որ մինչ հայտնի համագումարի օրը, երբ Սաթիկ Սեյրանյանը փոխարինեց իրեն, ոչ մի գույքահարկի կամ ռենտայի պարտք միությունը չի ունեցել։ Իսկ իր՝ պաշտոնից հեռանալուց հետո, ոչ մի ակտ չի դրվել իր վրա․ «Տեղում են եղել, թե՛ 4 հատ «Էրեբունի» գորգերը, թե՛ աթոռները։ 40 տարի ոչ իրավական, ոչ հարկային՝ ոչ մեկ չի մտել, էնքան մաքուր ենք աշխատել»,- վստահեցրեց Գեւորգյանը։

Ինքը՝  Սաթիկ Սեյրանյանը,  ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնելուց՝ արդյո՞ք կոռուպցիոն ռիսկերի հետ գործ ունեն։ Փոխարենը գնահատական հնչեցրեց փաստաբան Աղավնի Մադոյանը․

«Վստահաբար կարող եմ ասել, որ որևէ մեկը բարի կամքից ելնելով հնարավոր չի, որ գնար նման գործարքի։ Կողմերի միջև ոչ արդարացի հավասարակշռությունը խոսում է հենց նրա մասին, որ հնարավոր՝ այլ գործոններ են եղել։ Քրեական գործ է հարուցված, նախաքննություն է ընթանում, և եթե կոռուպցիոն ռիսկեր կան, վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննության դեպքում կպարզի։ Եթե հանցագործության փաստը հաստատվի, հնարավորություն կստեղծվի նաև հետագայում վնասի փոխհատուցման հարցին անդրադառնալ, իհարկե՝ եթե միությունը և վարչությունը տան համաձայնություն>,- ասաց փաստաբանը։

Աստղիկ Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը բացարձակապես վախենալու բան չունի․ «Ամբողջ ժուռնալիստական հանրությունն ինձ ճանաչում է, նաև գնացած կառավարությունները, վարչապետերն ու նախագահները։ Թող գործ հարուցվի, կերևա էլի, որևէ խնդիր չունեմ, ինձ թվում ա՝ իրավաբաններն ավելի խելոք են, քան՝ որոշ մարդիկ։ Որևէ անհանգստանալու առիթ չունեմ։ Ես թողել եմ մաքրամաքուր ժառանգություն՝ ոչ մի խախտում ֆինանսական, ոչ մի մեռած հոգի, ոչ մի պարգևատրում, միության գումարներից ոչ մի դուրս գրում։ Տեսնենք ինչ կլինի՝ ես ամեն ինչի պատրաստ եմ»։

 

Ռոբերտ Անանյան