Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
Քաղաքականություն
28.10.2026 | 20:01
Իսպանիայում այսօր երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ, ևս 80-ը՝ վիրավորվել։ Զոհերի թիվը կարող է աճել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանային իշխանությունները, գրում է France 24-ը։
Սա Մադրիդը հարավային Անդալուսիա շրջանի հետ կապող երկաթուղային գծում մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում տեղի ունեցած երկրորդ մահացու վթարն է։ Երկաթուղային ենթակառուցվածքների օպերատոր Adif-ը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մորա և Օրգաս քաղաքների միջև։
«Մադրիդ-Անդալուսիա արագընթաց երկաթուղային գծով երթևեկությունը դադարեցվել է երկու գնացքների բախվելուց հետո»,- հայտնել է Adif-ը X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Վթարի մասնակից երկու արագընթաց գնացքներն էլ Մադրիդից Սևիլիա էին ուղևորվում նույն ուղղությամբ։ Գնացքներից մեկը բախվել է առջևում կանգնած գնացքի վերջին վագոնին, ինչի հետևանքով երկու վագոն դուրս են եկել ռելսերից։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը X սոցիալական ցանցում հրապարակման մեջ հայտարարել է, որ «ցնցված է Տոլեդոյում տեղի ունեցած գնացքի լուրջ վթարից», և իր «կարեկցանքը, համերաշխությունն ու աջակցությունն» է հայտնել բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին։
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտնել է, որ մեկ այլ՝ կանգնած գնացքին բախված Renfe արագընթաց գնացքին հանձնարարվել էր շարունակել երթևեկությունը «սովորական ռեժիմով», չնայած այն հանգամանքին, որ Տոլեդո նահանգի այդ հատվածում բոլոր գնացքներին հրահանգ էր տրվել կանգ առնել։
Պուենտեն Մադրիդում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ուրդայի երկաթուղային կայարանի կառավարման համակարգը խափանվել էր համակարգչային սխալի պատճառով։ Խափանման հետևանքով երկաթուղային գծի 63 կիլոմետրանոց հատվածը մնացել էր առանց կառավարման համակարգի։ Դա հանգեցրել է տվյալ հատվածում բոլոր գնացքների համար ավտոմատ կանգառի հրահանգի՝ «կարմիր ազդանշանի» գործարկմանը։
Հաղորդակցության վերահսկումն իրենց ձեռքն են վերցրել Adif-ի կառավարման կենտրոնի օպերատորները։ Adif-ն Իսպանիայի երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման և պահպանման համար պատասխանատու ընկերությունն է։
«Ժամը 8:36-ին Renfe-ի գնացքին հրահանգ է տրվել վերսկսել երթևեկությունը՝ «սովորական ռեժիմով»»,- բացատրել է Պուենտեն՝ այդ որոշումը բնութագրելով որպես «անբացատրելի»։
Նրա խոսքով՝ այդ պահից մինչև բախման պահը՝ ժամը 8:53-ը, Renfe-ի գնացքն անցել էր մոտ 25 կիլոմետր և, հավանաբար, զարգացրել էր ժամում ավելի քան 100 կիլոմետր արագություն։
Մամուլի ասուլիսի ընթացքում Պուենտեն հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք վթարից հետո պատրաստվում է հրաժարական տալ։ Նա նշել է, որ իր ուշադրությունն այժմ կենտրոնացած է վթարի հանգամանքները պարզելու և տուժածներին աջակցելու վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

