Հանրային բնապահպանական դատարանը Թեղուտի հանքավայրի հարցով վճիռ հրապարակեց. նաև դատախազություն են դիմելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.03.2019 | 19:10«ԷկոԼուր» տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 11-ին Հանրային բնապահպանական դատարանը նիստ անցկացրեց՝ քննելով «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Հանրային դատավարության ընթացքում քննվեցին ՀՀ նախկին կառավարության և պետական լիազոր մարմինների՝ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների մասնակցությունն ու պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար, «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Վալլեքս» ընկերությունների խմբի կողմից ՀՀ օրենսդրական պահանջների չպահպանումը, սոցիալական, տնտեսական, առողջապահական, բնապահպանական ռիսկերի չգնահատման արդյունքում ստեղծված իրավիճակը:
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը ներկայացրեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար արտոնություն տրամադրելու գործընթացի մանրամասները, այդ գործընթացում թույլ տրված իրավախախտումները, խոսեց պատասխանատվության բացակայությունից:
«2007 թվականին Հայաստանին նախկին կառավարությունը վերջնականապես արտոնագրեց «Վալլեքս» ընկերությունների խմբի անդամ «Արմենիան Քափըր Փրոգրամ» և «Թեղուտ» ընկերություններին՝ Լալվարի անտառների զգալի մասը ոչնչացնելու և 25 տարով որպես պղնձամոլիբդենային հանքավայր տարածքը շահագործելու ծրագիրը: Կառավարության որոշումը հաշվի չի առել շրջակա միջավայրի վրա աղետալի հետևանքների ներգործությունը, խախտել է Սահմանադրությունը և վավերացված մի շարք կոնվենցիաներ, ինչպես նաև ներպետական և միջազգային բազմաթիվ իրավական ակտեր, հաշվի չի առել հանրության կարծիքը՝ ազգային հարստության սեփականացման և անխնա թալանի հարցում, խախտել է գյուղացիների գույքային իրավունքները, ինչը հանգեցրել է խիստ անհամաչափ փոխհատուցման»,- նշեց Աննա Շահնազարյանը:
Նրա ներկայացմամբ՝ նախկին կառավարության ներկայացուցիչները հրաժարվել են հաշվետու լինել Թեղուտի հանքավայրի հետ կապված իրավիճակի, հանքավայրի շահագործման տնտեսական շահավետության, բնապահպանական, սոցիալական և ֆինանսական ճգնաժամերի համար, ինչպես նաև հրաժարվել են ստուգումներ անցկացնել՝ պարզելու «Վալլեքս»-ի կողմից իրականացվող գործողությունների համապատասխանությունը տրված լիցենզիային և դրական եզրակացություն ստացած նախագծին:
«ՀՀ տարբեր գերատեսչություններ թույլ են տվել հանցակազմ պարունակող հետևյալ գործողությունները՝ պաշտոնեական լիազորությունների գերազանցում, պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական անգործություն, հանցագործության պարտակում, կոռուպցիա, հանցագործություն բնության և մարդկության դեմ: «Վալլեքս»-ին պատկանող տարբեր ընկերություններ, որոնք պետական մարմիններից ստացել են լիզենցիաներ և թույլտվություններ, կոպտորեն խախտել են Հայաստանի ներպետական օրենսդրությունը և պետության կողմից վավերացված միջազգային իրավական նորմերը»,- թվարկեց Աննա Շահնազարյանը:
Հանրային դատարանի դատավորներից Հրանուշ Խառատյանը հետաքրքրվեց, թե քանի որ ընկերությունը գործունեություն չի ծավալում՝ ի՞նչ վիճակում է հիմա պոչամբարը և ո՞վ է հետևում դրան: Աննա Շահնազարյանը պատասխանեց՝ ոչ ոք, նաև պատասխանատվություն ոչ ոք չի ցանկանում ստանձնել. «Փաստացի պոչամբարն այս պահին գտնվում է առանց պատշաճ վերահսկողության: Քանի որ չոր վիճակում է, կուտակված մի քանի միլիոն տոննա պոչհանքային նյութերը, որոնք պարունակում են ծանր մետաղներ, արդեն վերածված են փոշու և քամու միջոցով տարածվում են»:
Հանրային դատավարության դատավորներից Զարուհի Հովհաննիսյանի հարցին՝ հաշվարկներ արվե՞լ են, թե ինչպես է գնահատվել բնակչությունից խլված հողը կամ հանքի շահագործումն ինչ ազդեցություն է ունեցել մարդկանց առողջության վրա, Աննա Շահնազարյանը պատասխանեց, որ ճշգրիտ գնահատականներ չկան:
«2006 թվականին «Վալլեքս» խմբին պատկանող Լեռնամետալուրգիայի ինստիտուտ հետազոտական ընկերությունը, այսինքն՝ շահագրգիռ կողմ հանդիսացող ընկերությունը կազմել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական: Սա ինքնին կոռուպցիան և շահերի բախման դրվագ է, և այս հանգամանքը ո՛չ պետությունը, ո՛չ էլ հետագայում ֆինանսավորողները ուշադրության չեն արժանացրել: Այդ գնահատականը բազմաթիվ դրվագներով թերի է և կեղծված: Չկան ճշգրիտ գնահատականներ, թե սոցիալական վնասը կամ ազդեցությունն ինչպիսին կլինի: Փաստացի պատշաճ գնահատական չի եղել: Ինչ վերաբերում է հողերի ձեռքբերմանը, տեղի բնակիչները, որոնք տուժած են ճանաչվել, բայց Հայաստանի դատարաններում արդարության չհասնելուց հետո դիմել են ՄԻԵԴ, այնտեղ արդեն նրանց իրավունքները ճանաչվել են»:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրին հարակից Շնող և Թեղուտ համայնքների բնակիչներն էլ խոսեցին կրած վնասների մասին. պոչամբարի արտահոսքից այգիներ են չորացել, Շնող գետի աղտոտվածությունը հասել է ամենաբարձր՝ 5-րդ աստիճանի, գերակա շահ ճանաչված հողատարածքները շատ էժան գներով են օտարվել և այլն:
Չորս ժամ տևած դատաքննության արդյունքում Հանրային բնապահպանական դատարանը վճռեց «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվությունների տրամադրման և գործարկման ընթացքում թույլ տրված օրինախախտումները, որոնք տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն, ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման, անշարժ գույքի կադադստրի կոմիտեին, ՊԵԿ-ին, Լոռու մարզպետին, դատական մարմիններին, ինչպես նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Թեղուտ», «Մանես-Վալեքս» ընկերություններին և ՎՏԲ բանկին»:
Վճռով նախատեսվում է դիմել ՀՀ Դատախազություն՝ Թեղուտի հանքավայրի շահագործման անօրինական թույլտվություններ տրամադրած և անօրինական հանքարդյունահանում իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործերի հարուցման և նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառված վնասների վերականգնման պահանջով, ինչպես նաև ՀՀ Կառավարություն՝ պահանջելով համալիր ֆինանսական, փաստաթղթային, տեխնիկական աուդիտ իրականացնել «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ում, «Թեղուտ» ՓԲԸ-ում և «Վալեքս» խմբի ընկերություններում և հրապարակել արդյունքները:
Հանրային բնապահպանական դատարանը հրապարակած վճռով պահանջում է «Թեղուտ» ՓԲԸ-ում և փոխկապակցված ընկերություններին պատասխանատու շրջակա միջավայրին պատճառված վնասի համար, պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցել տուժած բնակիչների վնասները:
Միաժամանակ, վճռի համաձայն, պետք է նախագիծ մշակել և ներկայացնել ԱԺ՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու՝ հաշվի առնելով հանրային մասնակցության վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի որոշումները և համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325 որոշման մեջ:
Բացի այդ, ՀՀ Կառավարության բնապահպանության և ընդերքի տեսչությանը պետք է համալիր ստուգում իրականացնի «Թեղուտ» ՓԲԸ-ում և հրապարակի ստուգման արդյունքները, իսկ Թեղուտի հանքավայրի շահագործումը պետք է արգելվի՝ բնապահպանության նախարարության, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական ՊՈԱԿ-ի փորձաքննական դրական եզրակացության բացակայության հիմքով, իսկ բնապահպանական խախտումներ թույլ տված պատասխանատու պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Արդարադատության նախարարությանն էլ բնապահպանական հանրային դատարանը դիմեց՝ միջնորդություն ներկայացնել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ Թեղուտ ընկերության դեմ՝ Թեղուտի բնակիչների հայցերով անօրինական դատական ակտեր կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ հիմք՝ ՄԻԵԴ-ի վճիռները, բռնագանձելով իրենցից այդ վճիռներով բռնագանձված գումարները:
Հանրային դատավորության մասնակից դատավորներից իրավապաշտպան, ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս վճիռը թեև պարտադիր իրավական ուժ չունի, սակայն լուրջ, հիմնավորված փորձագիտական փաստաթուղթ է՝ կազմված տարիներ շարունակ տարբեր խմբերի կողմից իրականացված հետազոտությունների և տուժողների կողմից բարձրաձայնված փաստերի հիման վրա:
Նշենք, որ հանրային դատավարությանը դատավորի կարգավիճակով մասնակցում էին փորձագետներ, բնապահպաններ, ակտիվիստներ՝ Նազելի Վարդանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Հրանուշ Խառատյանը, Ինգա Զարաֆյանը և Օլեգ Դուլգարյանը:
Ի դեպ՝ մասնակցության հրավեր էր ուղարկվել նաև «Վալեքս» ընկերությունների խմբին, սակայն ոչ ոք չէր ներկայացել:
Հավելենք, որ Հանրային բնապահպանական դատարանի դատավարությունների նպատակն է՝ Հայաստանում մինչ օրս անպատիժ մնացած ծանր էկոլոգիական հանցագործությունների նկատմամբ հանրային արդարադատություն իրականացնել և հանրային դատարանի վճիռն ուղարկել ՀՀ իրավապահ մարմիններին, դրան ընթացք տալ և պատասխանատվության կանչել նախորդ կառավարությունների օրոք տնտեսվարողներին գործունեության համար ապօրինի և անպատասխանատու թույլտվություն տված մարմինների իրավազանց պաշտոնյաներին: