Պե՞տք է Հայաստանին Մշակույթի նախարարություն, թե՝ ոչ. հետադարձ հայացք Մակունցի գործունեությանը․ կարծիքներ ոլորտի մարդկանցից
Մշակույթ
24.12.2018 | 15:08«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի՝ առաջիկայում շրջանառության մեջ դրվելիք նախագծով՝ 2019-ին Մշակույթի նախարարությունը որպես առանձին կառույց չի լինելու․ նախարարության մի մասը Սպորտի և երիտասարդության նախարարության հետ միանալու է Կրթության և գիտության նախարարությանը և դառնալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Նախարարության աշխատակիցները, որոնք կրճատվելու են, նախօրեին բողոքի ակցիա էին անում, սակայն լայն հասարակական դիսկուրս այն մասին, թե ի վերջո ճի՞շտ է այս ճանապարհը՝ գրեթե չկա։ Factor.am-ը Մշակույթի նախարարության օպտիմալացման շուրջ զրուցել է բանաստեղծուհի, արձակագիր Արփի Ոսկանյանի, գրահրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի և ռեժիսոր, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։
Վերջինս ասում է, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է՝ ի՞նչ մշակութային տեսլական ունի կառավարությունը։ «Մենք հաճախակի զբաղվում ենք երրորդական՝ կառուցվածքային հարցերով, բայց, կարծում եմ, երբ պարզ դառնա տեսլականը, եթե դա որոշվի ու ձևակերպվի, նոր այդ ժամանակ կարելի է խոսել ձևի՝ կառուցվածքի մասին»,- ասաց Ռուբեն Բաբայանը։
Իսկ տեսլականը, ըստ նրա, պետք է տա հետևյալ հարցերի պատասխանը․ ի՞նչ է մշակույթը, ի՞նչ կիրառական կարևորություն ունի այն մեր երկրի համար։ «Նորից եմ ասում՝ ձևը չի ենթադրում բովանդակություն, բովանդակությունն է թելադրում ձևը։ ֆրանսիայում օրենսդրության մեջ գրված է, որ Ֆրանսիան մշակութային երկիր է, և մշակույթ պահելն ու զարգացնելը յուրաքանչյուր ֆրանսիացու պարտքն է։ Սա մոտեցում է, որից ելնելով՝ կառուցվում է ամեն ինչ»,- հավելեց Ռուբեն Բաբայանը։
Նա տպավորություն ունի և շատ վաղուցվանից, որ Հայաստանում թելադրողը ոչ թե մշակութային-պետական գաղափարախոսությունն է, այլ ֆինանսական գործոնը։ Ըստ նրա՝ ոլորտները, որ միանում են՝ գիտություն և կրթություն, մշակույթ և սպորտ, 3-ն էլ գումար պահանջող են, շահույթ բերող չեն, և տպավորություն է, որ այդ շահույթ չբերող ոլորտները մեխանիկորեն միացվել են, որպեսզի աչքից հեռու պահեն։ Նույն Ֆրանսիայում մոտեցումը հետևյալն է․ շահույթ չբերող ոլորտը՝ մշակույթը, միացված է կոմունիկացիաներին և կոչվում է Մշակույթի և կոմունիկացիաների նախարարություն, իսկ կոմունիկացիաները, լինելով շահութաբեր ոլորտ, պահում է մշակույթը։ Կամ՝ շատ երկրներում կան Մշակույթի և զբոսարշրջության նախարարություններ։
Բանաստեղծուհի Արփի Ոսկանյանի կարծիքով՝ նախարարությունների այս ձուլումը կարելի է որակել որպես խելամիտ քայլ, քանի որ Մշակույթի նախարարությունն այն ձևով, որով գոյություն ուներ մեր իրականության մեջ տասնամյակներ շարունակ, իրոք ուռճացված և մակաբույծ կառույց էր։ «Հեղափոխությունը հույս բերեց, որ նոր իշխանությունը կունենա մշակույթի նոր հայեցակարգ, մշակույթ-պետություն փոխհարաբերության մասին նոր պատկերացումներ, ինչպես նաև առավել գրագետ կադրեր, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքով, սակայն շատ արագ պարզ դարձավ, որ վարչապետ Փաշինյանի մերձավոր շրջապատում կամ քաղաքական թիմում նման մարդիկ չկան։ Այնուհանդերձ՝ նոր իշխանությունն առավել ազնիվ գտնվեց նախորդի համեմատ և այս քայլով, փաստորեն, ընդունեց, որ չունի մշակութային հայեցակարգ և մշակույթի հետ կապված հարցերը շատ աղոտ է պատկերացնում»,- ասում է բանաստեղծուհին։
Նրա ամփոփմամբ՝ հազիվ թե սարսափելի բան է տեղի ունեցել։ Հավելեց, որ միգուցե կգա այլ՝ այս հարցում առավել գրագետ իշխանություն, որը միգուցե ճիշտ կգնահատի այն ահռելի դերը, որ մշակույթը կատարում է ժամանակակից աշխարհում, և մշակույթի նախարարությունը նորից կարող է առանձնացվել՝ նույնիսկ շատ ավելի ընդլայնված, եթե դրա կարիքը լինի։
Գրահրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ այս տարիների ընթացքում Մշակույթի նախարարության դերն այն է եղել, որ աճեցրել է մշակույթում «մամայի բալաներ» և թույլ չի տվել կարող մարդկանց արարել։ Ըստ նրա՝ ոչ մի խնդիր չկա, որ պետությունը, որպես առանձին կառույց, չունենա Մշակույթի նախարարություն։ Եվ, առհասարակ, կարծում է, որ ողջ նախարարությունում եթե 10 մարդ մնա, մշակույթը կարելի է կարգավորել՝ սպասարկելով սոսկ այդ ոլորտում քաղաքացիների շահերը։
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ սա՛ պետք է լինի Մշակույթի նախարարության խնդիրը,նախարարությունը չպետք է զբաղվի փառատոների անցկացմամբ, գրահրատարակչությամբ, բեմադրություններով։ «Եթե մի նախարարություն, որն այնքան չի հաջողել, որ այսօր սնանկ է և այսքան անհաջող վիճակ է մշակույթի ոլորտում ․․․անգամ՝ 20-ականներին այսպես չի եղել, ու սա ցույց է տալիս, որ սնանկ է։ Հիմա․եթե ձեռնարկությունը սնանկանում է, ձեռնարկության աշխատակիցները դուրս են գալիս, միտի՞նգ են անում․․․ է, աշխատեիք այնպես, որ սնանկ չլինեիք»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը։
Դիտարկմանն էլ, թե շարքային աշխատակիցն ի՞նչ կարող էր անել, եթե այս տարիներին եղել են ոլորտի 1-ին դեմքեր, ովքեր միանձնյա են որոշումներ կայացրել, գրահրատարակիչը հակադարձեց՝ թող որևէ մեկը ըմբոստանար, «գնար, հրապարակում մեկ ոտքի վրա կանգներ գոնե տասը րոպե՝ որպես բողոքի նշան։ Կամ թող մեկը գործից դուրս գար, ասեր՝ համաձայն չեմ»։ Արմեն Մարտիրոսյանի առաջարկն այն է, որ պետությունը չշարունակի անտաղանդ մարդկանց պահել մշակութային օբյեկտներում՝ թանգարանների, գրադարանների և այլ մշակութային օբյեկտների հաշվին։ Ասաց, որ իր մոտեցումը, թե Կոնյակի գործարանի, օդանավակայանի կամ այլ հաջողած ձեռնարկությունների օրինակով սեփականաշնորհենք կամ կառավարման հանձնենք մեր մշակութային օբյեկտները, մշտապես արժանացել է այն գնահատականին, որ դրանք վերածվելու են «քյաբաբանոցների»։ «Է, ինչո՞ւ «Գրանդ քենդին» շարունակեց լավ կոնֆետ արտադրել, իսկ «Գրանդ տոբակոն»՝ լավ սիգարետներ․․ Ասում են՝ սաղ մեր նախորդ մշակույթը վարի կտան․․ էդ ինչո՞ւ կոնյակի գործարանն ուներ 120 տարվա կոնյակի սորտեր, որը քո մշակույթի մի մասն է, ու այսօր գործարանի ներսում աշխատում է մեր ամենաշահավետ թանգարաններից մեկը՝ Կոնյակի թանգարանը»,- իր տեսակետը հիմնավորում է Արմեն Մարտիրոսյանը։
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի կարծիքով՝ նման որոշումից առաջ, եթե ոչ լայն հանրային, ապա գոնե մասնագիտական քննարկում, այնուամենայնիվ, պետք է լիներ, և ոլորտի մարդկանց կարծիքը գոնե պետք է լսեին։
«Որովհետև քանդելը շատ հեշտ է, սակայն չգիտենք, թե ինչ կստացվի, առավել ևս, որ կա հարևան Վրաստանը, որը ևս այդ քայլին էր դիմել, և որքան ես տեղյակ եմ, ըստ որում շատ արժանահավատ մարդկանցից, որ չասեմ գոհ չեն, ավելի քան դժգոհ են այդ միացումից։ Եվ գուցե պետք չէր շտապել, պետք էր մի պահ դադար տալ, լսել մարդկանց , հաշվարկել , հետո որոշում ընդունվեր, մենք էլ կարողանայինք ասել, որ ասել ենք այն, ինչ մտածում ենք, որ վաղը, մյուս օրը մեզ չմեղադրենք լռելու համար»,- ասում է Կարինե Խոդիկյանը։
Հ․Գ․Մեր զրուցակիցներից հարցրեցինք՝ թե ի՞նչ կարծիքի են պատգամավոր, առաջիկայում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Լիլիթ Մակունցի մասին՝ իբրև մշակույթի նախարար։ Եվ նաև, թե ինչու է Լիլիթ Մակունցը լռում Մշակույթի նախարարության լուծարման վերաբերյալ։ Ռուբեն Բաբայանն, ի պատասխան, ասաց, որ տարիներ շարունակ եղել է խաբկանք, որ համակարգերը լավն են, պարզապես վատ մարդիկ են դրանք ղեկավարում․ կաշառակերներ են, գող և ապաշնորհ։ «Իրականում համակարգերն էին փտած, առավել ևս՝ մշակութայինն իր՝ որպես մշակույթ պահպանող ու զարգացնող ձևով։ Ես կարծում եմ՝ Մակունցը լավագույն օրինակն էր, որը մենք տեսանք և ով հաստատեց, որ համակարգը փտած է։ Լիլիթ Մակունցն իմ համար շատ համակրելի ու շատ ազնիվ անձնավորություն է, բայց պարզվեց, որ շատ համակրելի, զարգացած, ազնիվ մարդը միայնակ չի կարող փոխել համակարգը։ Համակարգը փոխելու համար պետք է լինեն տեսություններ, երկիրը պետք է ունենա մոտեցում մշակույթի հանդեպ, պատասխանի 2 կարևոր հարցի՝ մշակույթ պե՞տք է , թե՝ ոչ, և եթե պետք է՝ ինչի համար է պետք»,- նշեց Ռուբեն Բաբայանը։
Արփի Ոսկանյանն էլ, անդրադառնալով մշակույթի նախարարի լռությանը, ասաց որ դժվարանում է պատկերացնել, թե ինչ պիտի ասեր։ «Ակնհայտ է, որ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել նրա վրա ոչ թե նրա մասնագիտական կոմպետենտության համար, այլ հավանաբար թիմի նկատմամբ դրսևորած հավատարմության կամ ինչ-որ այլ մարդկային արժանիքների։ Ամեն դեպքում կուզենայի նշել այն դրական փոփոխությունները, որ բերեց մշակույթի հետ ըստ էության կապ չունեցող այս նախարարը»,- ասաց բանաստեղծուհին՝ թվարկելով․ «Նա կարողացավ համբերատար կերպով լսել մշակույթի գործիչների ամենատարբեր խմբերին և կյանքի կոչել նրանցից շատերի առաջարկները։ Դրա շնորհիվ, օրինակ, պետությունը գործի դրեց գրականության զարգացման բոլորովին նոր մեխանիզմ։ Եթե մինչ այս պետությունը խրախուսում և օժանդակում էր հրատարակչություններին ու գրավաճառներին՝ այսինքն բիզնեսին, հիմա սլաքն ուղղեց պրոֆեսիոնալ գրականության խրախուսմանը։ Սրանք շատ կարևոր փոփոխություններ են։ Եվ էլի մի շարք գեղեցիկ մտահղացումներ կյանքի կոչվեցին։ Դժար է պատկերացնել մշակույթի որևէ ազդեցիկ ֆիգուրի, որը մշակույթի գործիչների շրջանակում այսպիսի քննարկումներ կկազմակերպեր և այդպես պատրաստակամ կլիներ փարատելու նրանց մտահոգություններն ու իրականություն դարձնելու նրանց գաղափարները»։
Անի Սահակյան