ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
Քաղաքականություն
06.11.2026 | 10:52
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել՝ Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում անդամավճարները, ուստի կարող է քննարկվել նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը, ավելի ճիշտ՝ ձայնի իրավունքից զրկելու հարցը՝ մինչև անդամավճարների մարումը։ Դա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կազմակերպության կանոնադրության կոնկրետ հոդվածով։ Հետևաբար, նման ելքը հնարավոր է, սակայն դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։
Պանկինը հիշեցրել է, որ Ռուսաստանն այս պահին նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատվություն է կրում կազմակերպության օրակարգի համար։
«Կլինի ՀԱՊԿ գագաթնաժողով, որին կնախորդի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի հարցը, թերևս, ամենագլխավորը չէ, սակայն հանրության համար կարող է լինել ամենահետաքրքիրը, քանի որ ՀԱՊԿ-ը համագործակցության, համատեղ խնդիրների և նպատակների կազմակերպություն է»,- նշել է նա։
Հարցին, թե արդյոք այս հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ նախատեսված միջոցառումների ընթացքում, Պանկինը պատասխանել է. «Հավանաբար՝ այո։ Այն կարող է քննարկվել, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե մյուս բոլոր մասնակիցները կհամաձայնեն արդյոք այն քննարկել։ Կարծում եմ՝ կքննարկվի»։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։
Հավելենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը, եթե հաստատվի համապատասխան օրակարգում։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները և չի մարում պարտքը, ապա Խորհուրդը որոշում է կայացնում այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպությունում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը կասեցնելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Հիշեցնենքնաև, որ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կոչ էր արել հեռացնել Հայաստանին կազմակերպության կազմից։
Իսկ ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունի․ «Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։․․․ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից»։
Նախօրեին էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ նշել էր, թե Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ ու դժգոհել էր Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

