Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
Հասարակություն
06.11.2026 | 11:50
Սահմանադրական դատարանում մեկնարկել է աշխատակարգային նիստը, որի օրակարգում դատարանի նախագահի ընտրության հարցն է։ Factor TV-ի տեղեկություններով՝ դատարանի նախագահի թեկնածուները կրկին Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանն են։
Սա արդեն նախագահ ընտրելու երրորդ փորձն է։ Հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում կրկին այս հարցն էր ընդգրկված։ Որպես թեկնածու առաջադրվել էին դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը, սակայն նրանցից ոչ ոք առաջին փուլով նախագահ չընտրվեց։
Factor TV-ին նոյեմբերի 4-ին գրել էր այն մասին, որ առաջին փուլում Էդգար Շաթիրյանը ստացել էր 5, իսկ Վլադիմիր Վարդանյանը՝ 4 ձայն։ Հաշվի առնելով, որ առաջին փուլով նախագահ ընտրվելու համար առնվազն 6 ձայն էր անհրաժեշտ՝ նրանցից ոչ ոք ընտրված չէր համարվել։
Մոտ 30 րոպե ընդմիջումից հետո մեկնարկել էր դատարանի նախագահի ընտրության երկրորդ փուլը։ Այս փուլում նախագահ ընտրվելու համար պահանջվում էր դատավորների մածամասնության քվեն, այսինքն՝ առնվազն 5 ձայն։ Այս փուլում Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը ստացել էին 4-ական քվե, իսկ մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։ Ենթադրվում է, որ Էդգար Շաթիրյանի օգտին առաջին փուլում քվեարկած դատավորներից մեկի քվեն էր երկրորդ փուլում դարձել անվավեր, ուստի կրկին նախագահ չէր ընտրվել։
Ըստ օրենքի՝ երկու փուլերով նախագահ չընտրվելու դեպքում անցկացվում է ՍԴ նախագահի նոր ընտրություն։
Նշենք, որ հոկտեմբերի 14-ի նիստից հետո մամուլում շրջանառվել էին տեղեկություններ, որ Էդգար Շաթիրյանին ստիպում են կրկին չառաջադրվել։ Մեզ հետ զրույցում, սակայն, Էդգար Շաթիրյանը հերքել է այս տեղեկությունը, և, փաստացի, այսօր առաջադրվել է որպես թեկնածու։
Արաքս Մամուլյան

