Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
Քաղաքականություն
04.11.2026 | 14:53
ԱՄՆ Միչիգան նահանգում մահմեդական Աբդուլ Էլ-Սայեդն է հաղթել Սենատի ընտրություններում։ Նա կդառնա Կոնգրեսի վերին պալատի պատմության մեջ առաջին մահմեդականը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) իր աջակցությունն էր հայտնել Էլ-Սայեդի թեկնածությանը։ Կազմակերպությունը նշել էր, որ Միչիգանի պատմական հայկական համայնքը, որն ԱՄՆ-ի ամենահին և ամենամեծ համայնքներից մեկն է, Գարի Փիթերսի՝ սենատորական լիազորությունները վայր դնելուց հետո նոր աջակցի կարիք ունի։ Ըստ ANCA-ի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Էլ-Սայեդն անմիջական կապ էր հաստատել ինչպես հանձնախմբի, այնպես էլ Միչիգանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
ANCA-ին ուղղված իր հայտարարության մեջ Աբդուլ Էլ-Սայեդը նշել է.
«Ինձ համար պատիվ է այս պայքարում վայելել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը։ Միչիգանի հայ համայնքը մեր մեծ նահանգի թանկարժեք ու կարևոր մասն է։
Թրամփի վարչակազմի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման հարցում անվերապահ աջակցությունը՝ շարունակվող վայրագությունների պայմաններում, միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։
Որպես Միչիգանից ընտրված ԱՄՆ հաջորդ սենատոր՝ ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքները»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

