Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.11.2026 | 14:24Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Էդգար Ղազարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի միջև բանավեճ ծավալվեց նախագահի արտասահմանյան գործուղումների, սահմանադրական լիազորությունների և նախագահի աշխատակազմի ծախսերի շուրջ։
Ղազարյանը հայտարարեց, որ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունն իրականացնում է Կառավարությունը, և հարց բարձրացրեց նախագահի արտասահմանյան այցերի նպատակահարմարության վերաբերյալ։
«Մեր Սահմանադրությամբ գրված է, որ պետության արտաքին քաղաքականությունը իրականացնում է Կառավարությունը։ Նախագահն արտաքին քաղաքականություն իրացնելու լիազորություն չունի»,- ասաց Ղազարյանը։
Նա քննադատեց նաև նախագահի մասնակցությունը արտասահմանում անցկացվող տարբեր պաշտոնական միջոցառումներին, այդ թվում՝ երդման արարողություններին և հուղարկավորություններին։
«Այդ թաղումներին ինքը որ չգնա, այդ մարդկանց միևնույն է թաղելու են, իրեն չեն սպասում։ Այդ երդման արարողություններին էլ, որ ինքը չգնա, այդ արարողությունները կայանալու են»,- հայտարարեց պատգամավորը։
Նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը հակադարձեց՝ նշելով, որ նման այցերը կապված են Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակում ներկայացնելու հետ։
«Եթե որևէ հարևան կամ բարեկամ երկրում պետության ղեկավար կամ իրենց համար առաջնորդ է մահանում, այդ մարդու հուղարկավորությանը մեկնելը պետությունը ներկայացնել է նշանակում»,- ասաց Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

