ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը
Հասարակություն
03.11.2026 | 15:19
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգված և գլխատված Հայկ Թորոյանի գործով վճռի դեմ Ադրբեջանի բողոքը։
«Ադրբեջանը բողոք էր ներկայացրել այդ վճռի դեմ՝ ակնկալելով վերանայել արձանագրված խախտումները։ Սակայն նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատի հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած բողոքը։ Փաստացի, հունիսի 18-ի վճիռը մտել է ուժի մեջ՝ դառնալով կարևոր նախադեպ նմանատիպ գանգատների քննության համար։ Այս վճիռը ոչ միայն արդարության վերականգնման կարևոր քայլ էր կոնկրետ տուժողների համար, այլև հստակ ուղերձ, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումները չեն կարող անպատիժ մնալ, իսկ միջազգային արդարադատության միջոցով դրանց արձանագրումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ ապագա խախտումների կանխարգելման համար»,- ընդգծում է զինծառայողի գործով գանգատ ներկայացրած խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ 2016 թվականի ապրիլի 2-ի կեսօրին 31-ամյա Հայկ Թորոյանը և 68-ամյա վարորդ, պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանը դուրս էին եկել զորամասից, որ զինամթերք մատակարարեն Թալիշ գյուղից շուրջ 2 կմ հյուսիս գտնվող մեկ այլ ռազմական հրամանատարական կետի։ Սակայն հայտնվել էին շրջափակման մեջ և կրակահերթերի տակ։ Թորոյանը հասցրել էր հաղորդագրություն ուղարկել ծառայակից ընկերոջը․ «Կրակեցին իմ վրա»:
Հրանտ Ղարիբյանի մարմինը հայտնաբերվել էր ապրիլի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, մեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա։ Հայկ Թորոյանին նախ դուրս էին բերել բեռնատարից, կտրել ձեռքերը՝ սկզբում աջը, ապա՝ ձախը։ Սակայն մահվան անմիջական պատճառը ոչ թե այդ վնասվածքներն էին, այլ գլխատումը։ Նրա գլուխը «տրավմատիկ կերպով առանձնացվել էր, երբ նա դեռ կենդանի էր, մահից վայրկյաններ առաջ, և հենց դա էլ հանգեցրել է մահվան»։ Թորոյանի մարմինը հայկական զինված ուժերը հայտնաբերել էին հաջորդ առավոտ՝ ապրիլի 3-ին, բեռնատարից մոտ 30 մետր հեռավորության վրա։
Հայկ Թորոյանի խոշտանգման դեպքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում էր ուղարկվել սպանությունից օրեր անց, բացի այդ միջանկյալ միջոցով պահանջ էր ներկայացվել վերադարձնել զինծառայողի մարմնի մասերը, սակայն, ապարդյուն․ մայորը հուղարկավորվեց «Եռաբլուր»-ում ապրիլի 7-ին՝ առանց մարմնի կտրված մասերի, որոնք մինչ օրս չեն հայտնաբերվել։
Խոշտանգման փաստը հաստատել է նաև միջազգային ատյանը․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին Բաքվի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով՝ Ադրբեջանը խախտել է զինծառայողի կյանքի, խոշտանգումների արգելքի իրավունքը, բացի այդ՝ տառապանք է պատճառել ընտանիքի անդամներին: Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին Թորոյանի ընտանիքին վճարել 90 հազար եվրո՝ իրավունքների խախտման համար և 14.210 եվրո՝ դատական ծախսերի համար:
Օրեր անց Ադրբեջանը բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ վճռի դեմ։
Ռոզա Վարդանյան

