Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
Հասարակություն
24.11.2026 | 15:34
Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ բազմաբնակարան շենքերի կառուցմամբ և բնակարանների վաճառքով զբաղված ընկերության տնօրենից հօգուտ պետության 1 մլրդ 270 մլն դրամ բռնագանձելու վերաբերյալ։
Դատարանը հաստատված է համարել, որ ընկերության տնօրենը, մինչև 2013 թվականի հունիսը ղեկավարելով Երևանի Փափազյան փողոցի և Դավիթաշենի 2-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի կառուցման ու բնակարանների վաճառքի գործունեությունը, հարկային մարմիններից թաքցրել է իրական շրջանառությունը և չի կատարել հարկային պարտավորությունները։
Գումարը կբռնագանձվի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի նոյեմբերի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՍՊ ընկերության տնօրենի, համաձայն որի, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ։
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը հաստատված է համարել, որ ՍՊ ընկերության տնօրենը, մինչև 2013 թվականի հունիսը ղեկավարելով Ընկերության ձեռնարկատիրական գործունեությունը, մասնավորապես, իրականացնելով Երևան քաղաքի Փափազյան փողոցի 118/1 և Դավիթաշեն 2-րդ թաղամասի 46/2 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանցում առկա բնակարանների վաճառքի գործունեությունը, հարկային մարմիններից թաքցրել է իրական շրջանառությունը և չի կատարել հարկային պարտավորությունները:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ։

