Մայորի մարմինը հուղարկավորել են առանց ձեռքերի և գլխի․ Բաքուն հայ ընտանիքին կվճարի՞ 104 հազար եվրո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.06.2026 | 19:36Սկզբում հրազենային վնասվածք են հասցրել, մահից վայրկյաններ առաջ՝ կտրել ձեռքերը, այնուհետև դեռևս ողջ վիճակում գտնվող զինծառայողին գլխատել են․ այս ոճրագործությունն ու խոշտանգումն ադրբեջանցիները քառօրյա պատերազմի օրերին իրականացրել են մայոր Հայկ Թորոյանի նկատմամբ։
Խոշտանգման փաստը հաստատել է միջազգային ատյանը․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս Բաքվի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով՝ Ադրբեջանը խախտել է զինծառայողի կյանքի, խոշտանգումների արգելքի իրավունքը, բացի այդ՝ տառապանք է պատճառել ընտանիքի անդամներին:
«Դեպքը վերաբերում էր Թալիշից մի փոքր հեռու դիվերսիոն խմբի կողմից երկու զինծառայողի մեքենայի վրա հարձակում գործելուն, նրանց վրա կրակելուն։ Մի զինծառայողը տեղում մահացել էր, իսկ այս զինծառայողը, ում մասով կայացվել է վճիռը, ծանր վիրավորվել էր։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գնահատել է առանձնահատուկ ծանրությունն այս հանցագործության, հատկապես՝ նրան անդամահատելով սպանելը, մինչ այդ նաև մարմնի մյուս մասերի անդամահատումը գնահատել է որպես գերծանր տառապանք պատճառել անձին»,- նշում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանը։
2016 թվականի ապրիլի 2-ի կեսօրին 31-ամյա Թորոյանը և 68-ամյա վարորդ, պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանը դուրս են եկել զորամասից, որ զինամթերք մատակարարեն Թալիշ գյուղից շուրջ 2 կմ հյուսիս գտնվող մեկ այլ ռազմական հրամանատարական կետի։ Սակայն հայտնվել են շրջափակման և կրակահերթի տակ։ Թորոյանը հասցրել է հաղորդագրություն ուղարկել ծառայակից ընկերոջը․ «Կրակեցին իմ վրա»:
«Հրանտ Ղարիբյանի մարմինը հայտնաբերվել է ապրիլի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, մեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա։ Հայկ Թորոյանին նախ դուրս են բերել բեռնատարից, կտրել են ձեռքերը․ սկզբում աջը, ապա՝ ձախը։ Սակայն մահվան անմիջական պատճառը ոչ թե այդ վնասվածքներն էին, այլ գլխատումը։ Նրա գլուխը «տրավմատիկ կերպով առանձնացվել էր, երբ նա դեռ կենդանի էր, մահից վայրկյաններ առաջ, և հենց դա էլ հանգեցրել է մահվան»։ Թորոյանի մարմինը հայկական զինված ուժերը հայտնաբերել են հաջորդ առավոտ՝ ապրիլի 3-ին, բեռնատարից մոտ 30 մետր հեռավորության վրա»,- նշվում է ՄԻԵԴ վճռում։
Հայկ Թորոյանի խոշտանգման դեպքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում էր ուղարկվել սպանությունից օրեր անց, բացի այդ միջանկյալ միջոցով պահանջ էր ներկայացվել վերադարձնել զինծառայողի մարմնի մասերը, սակայն, ապարդյուն․ մայորը հուղարկավորվեց «Եռաբլուր»-ում ապրիլի 7-ին՝ առանց մարմնի կտրված մասերի, որոնք մինչ օրս չեն հայտնաբերվել։ Թորոյանը հետմահու պարգևատրվեց Հայաստանի Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով և Արցախի Մարտական ծառայություն մեդալով։
Ադրբեջանը, ինչպես և սպասելի էր, չընդունեց ոճրագործության փաստը՝ հայտարարելով, թե այդ ժամանակ ադրբեջանական զինված ուժերը դեռևս չէին մտել Թալիշ գյուղ, հետևաբար՝ չէին կարող ֆիզիկապես կատարել այդ գործողությունները։
«Այնքան անպատժելի են եղել ադրբեջանցի զինծառայողները, որ անդամահատված գլխի լուսանկարն էին հրապարակել սոցիալական ցանցերում։ Մենք միջնորդել էինք այդ լուսանկարը փորձաքննության ենթարկել, և հաստատվել էր, որ դա պատկանում է հենց այս զինծառայողին, ում վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռը»,- ասում է Մելքոնյանը։
Ադրբեջանցի զինծառայողների ոճրագործության մասով գործը Եվրոպական դատարանում քննվել է ուղիղ 10 տարի։ Ի վերջո, կոնվենցիոն խախտումներն արձանագրելով, դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին Թորոյանի ընտանիքին վճարել 90 հազար եվրո՝ իրավունքների խախտման համար և 14,210 եվրո՝ դատական ծախսերի համար: Սակայն մինչ օրս Բաքուն երբեք չի կատարել հայերի հետ կապված գործերով ՄԻԵԴ վճիռներով ամրագրված պարտավորությունները։
«Ո՛չ փոխհատուցել գումարը, որը ներկայացվել է դատարանի կողմից՝ բարոյական, հատկապես բարոյական վնասի համար, ո՛չ էլ կատարել է արդյունավետ քննություն, հետո ներպետական մակարդակում պատասխանատվության ենթարկել: Բոլոր վճիռները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ հայ ազգի ներկայացուցիչների հետ կապված նրանք չեն կատարում»,- ընդգծում է Արաքս Մելքոնյանը:
Ադրբեջանի անպատժելիությունը կարող է ավելի խորանալ Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում՝ կարծում են ոլորտի մասնագետները, քանի որ այն ենթադրում է միջազգային ատյաններ ներկայացված հայցերի հետքաշում։
Արդո՞ք այս անգամ Բաքուն կկատարի ստրասբուրգյան դատարանի՝ իր առաջ դրված պահանջները և ոչ միայն կփոխհատուցի որդեկորույս ընտանիքին ու կվճարի փաստաբանական ծախսերը, այլև քրեական պատասխանատվության կենթարկի ոճրագործություն կատարած անձանց, պարզ կդառնա առաջիկա երեք ամսվա ընթացքում։ Վճռով հենց այսքան ժամանակ է սահմանված պարտականությունները կատարելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան