Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
Քաղաքականություն
03.11.2026 | 15:42
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Այո, կարող եմ հաստատել այդ ամսաթիվը։ Իսկապես, նոյեմբերի 10-11-ին ռուսական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, կմասնակցի եռակողմ բանակցություններին»,– ասել է նա լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան համապատասխան տեղեկությունը հաստատելու խնդրանքին։
Կրեմլի ներկայացուցչին նաև հարցրել են՝ արդյոք Ռուսաստանի նախագահը նախատեսում է հանդիպել պատվիրակության անդամների հետ՝ նախքան նրանց մեկնելը Աբու Դաբի։
«Առայժմ չեմ կարող ձեզ ասել, հստակ ծրագրեր դեռ չկան։ Սակայն, ընդհանուր առմամբ, ռուսական պատվիրակության գրեթե բոլոր անդամները պարբերաբար նախագահին զեկուցում են ընթացիկ հարցերի շուրջ և պետության ղեկավարից համապատասխան հրահանգներ ստանում»,-պատասխանել է Պեսկովը։
Նա նաև հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցություններում կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ինչ վերաբերում է ռուսական կողմի գլխավոր բանակցողին այդ գործընթացում, հիշեցնեմ նախագահի հայտարարությունը՝ այն շարունակում է մնալ իմ գործընկեր Մեդինսկին»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ին՝ Աբու Դաբիում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

