Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.11.2026 | 15:30Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Էդգար Ղազարյանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անրի Մարությանի միջև քննարկում ծավալվեց Բարձր դատարանի ծանրաբեռնվածության, ֆինանսավորման արդյունավետության և ծառայողական մեքենաների կրճատման շուրջ։
Ղազարյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի ֆինանսավորմանն ու կայացրած որոշումների ծավալին՝ քննադատելով ծախսերի արդյունավետությունը։
«Երբ որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների էջերի քանակը ընդհանուր ֆինանսավորման հետ համադրում ենք, ստացվում է, որ աշխարհում ամենաթանկ որոշումները Հայաստանի Սահմանադրական դատարանն է կայացնում․ ամեն մի էջը եսիմ քանի միլիոն դրամ է դառնում»,- ասաց Ղազարյանը։
Պատգամավորը մտահոգություն հայտնեց նաև Սահմանադրական դատարանում ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման վերաբերյալ՝ նշելով, որ դա, իր գնահատմամբ, համընկնում է վարչապետի հանձնարարականի հետ։
«Ծառայողական մեքենաները կրճատելու հետ կապված հանգամանքը կարծում եմ՝ խիստ անհանգստացնող է, որովհետև ոնց որ թե դա ուղիղ համընկնում է վարչապետի հանձնարարության հետ: Իսկ Սահմանադրական դատարանն այնպիսի մարմին է, որի ֆինանսական ապահովվածությունը… չի կարող գործադիր իշխանության գործունեության հետ կապ ունենալ»,- ասաց Ղազարյանը։
Պատասխանելով հարցերին՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անրի Մարությանը ներկայացրեց դատարանի ծանրաբեռնվածության վերաբերյալ տվյալներ։
«Սահմանադրական դատարանը ունեցել է 358 դիմում, որից 16-ը դատավորներից է, երկուսը՝ նախագահից… Նախկինում ունեցել ենք, պարո՛ն Ղազարյան, 13 ավտոմեքենա․ 10-ը կրճատվել է մի քանի տարի առաջ»,- ասաց Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

