Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.10.2026 | 19:30ՏԻՄ ընտրությունների մեծ մասում իրական մրցակցություն չի եղել․ նման գնահատական է տվել Անկախ դիտորդ դաշինքը։ Հոկտեմբերի 25-ի ընտրություններում 19 համայնքներից 5-ում առաջադրված էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ևս 6 համայնքում պայքարում էր ընդամենը 2 ուժ, 4 համայնքում՝ 3: Միայն 4 համայնքում է եղել համեմատաբար մրցակցային միջավայր՝ 4 քաղաքական ուժերի մասնակցությամբ։
«Մենք, կարելի է ասել, խնդրում էինք, որ մրցեն մեզ հետ: Մրցակցություն եղել է, ո՞վ է ասում՝ չի եղել։ Այլ բան է՝ այդ ուժերն ունե՞ն հանրային աջակցություն, թե՞ չէ։ Մենք տեսանք, որ չունեն»,- զեկույցին այսպես արձագանքեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Ըստ զեկույցի՝ քաղաքացիների շուրջ 15%-ը կորցրել է ընտրական իրավունքը՝ ընտրական ցենզի սահմանմամբ պայմանավորված։ Նոր փոփոխությամբ՝ ընտրելու իրավունք ունեն ընտրությունների նշանակման պահին նախորդող 730 օրերի ընթացքում առնվազն 366 օր Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները։ Ըստ այդմ՝ համայնքային ցուցակները կրճատվել են շոշափելիորեն․ Մարտունիում՝ 26%-ով, Հրազդանում՝ 20%-ով, Եղեգնաձորում՝ 16%-ով, Ստեփանավանում՝ 14%-ով։ Քվեարկության իրավունքից զրկված ընտրողների թիվն այնքան մեծ է, որ գերազանցում է առաջատար ուժերի միջև ձայների տարբերությունը։
«Մենք արձանագրում ենք, որ ընտրողների ցուցակներում այդ օրենքի փոփոխության հետևանքով ընտրողների թիվը ցուցակում նվազել է։ Այդ դուրս մնացած ընտրողներից եկել են ու հնարավորություն չե՞ն ունեցել ընտրելու, թե՞ ոչ, դեռևս նման տեղեկություններ չունենք»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության համակարգող Արթուր Սաքունցը։
ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ ընտրական ցենզն առաջին անգամ գործել է սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններում, և քարոզարշավի ընթացքում անձամբ է հանդիպել մարդկանց, որոնք եկել էին ՔՊ-ին ընտրելու, սակայն չեն գտել իրենց անուններն ընտրողների ցուցակներում։
Զեկույցում հաջորդ կարևոր արձանագրումն այն է, որ ՀՈԱԿ/ՊՈԱԿ-ների, համայնքապետարանների, դպրոցների և մանկապարտեզների աշխատակիցների ներգրավումը կառավարող ուժի քարոզարշավին կրել է համատարած բնույթ։ Բացի այդ, 2026 թվականին նախընտրական ամիսներին համայնքային բյուջեներից սոցիալական աջակցության, տրանսպորտի ու հարկային արտոնությունների ծավալները կտրուկ աճել են 2025 թվականի համեմատ։ Օրինակ՝ Արաքսում ուսանողական տրանսպորտին հատկացվել է 15 մլն դրամ, Ջերմուկում սոցիալական աջակցությանը՝ շուրջ 8 մլն դրամ։
«Համայնքի բյուջեներն այժմ չենք կարող համեմատել հինգ տարի առաջվա բյուջեների հետ, որովհետև հիմա համայնքն իր սեփական միջոցներից ավելի քիչ է հատկացնում այն կապիտալ ծախսերին, օրինակ՝ շատ ծրագրեր իրականացվում են կառավարության ֆինանսավորմամբ, և կարող է նաև համայնքը որոշում կայացնել և որոշ բաներ անվճար դարձնել»,- ընդգծեց իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Արթուր Սաքունցն ուշադրություն է հրավիրում օգնությամբ քվեարկության դեպքերին։ Որոշ տեղամասերում դա հասել է մինչև 7,6%-ի
«Ընտրական հանձնաժողովները պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն, որպեսզի ամեն անգամ օգնությամբ քվեարկության հիմնավորվածությունը լուրջ քննության ու ստուգման արժանանա, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ օգնությամբ քվեարկությունը կվերածվի քվեարկության նկատմամբ վերահսկողության»,- ընդգծեց Սաքունցը։
Զեկույցում նշվում է, որ քվեարկության նախորդ օրերին արձանագրվել են ընդդիմադիր թեկնածուների բերման ենթարկելու, խուզարկությունների և ձերբակալությունների դեպքեր։ Դաշինքը եզրակացրել է, որ թեկնածուների նկատմամբ ճնշումների և հետապնդումների մասին ահազանգերը և քվեարկությանը նախորդող օրերին ձերբակալությունների և խուզարկումների դեպքերը պետք է դառնան հետագա ուսումնասիրության և պատշաճ քննության առարկա։
«Շատ հետաքրքիր է, որ ճնշում են մատանշում այն դեպքը, երբ մենք բոլորս մեր աչքերով տեսել ենք Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութը, երբ մարդն իր աշխատասենյակում նստած փող է բաժանում ցուցակների դիմաց։ Այսինքն՝ եթե սա է ճնշումը, ապա այո՛, նման կատաղի ճնշումներ մշտապես լինելու են բոլոր այն մարդկանց դեմ, որոնք փորձում են մեր քաղաքացիների ճակատին գին գրել ու վաճառքի հանել»,- պնդեց Հասմիկ Հակոբյանը։
ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, ձերբակալվեց, ապա կալանավորվեց Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ըստ ՀԿԿ հաղորդագրության՝ ընտրությանը մասնակցելու և այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով նա մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք է տվել։ Մինչ դատավճիռ չլինելու պայմաններում իշխանականները խոսում են կաշառքի դեպքի մասին, «Ուժեղ Հայաստան»-ից հերքում են մեղադրանքը։ Քվեարկության նախորդ՝ լռության օրը, հրապարակվել էին տեղեկություններ, որ Հակակոռուպցիոն կոմիտե են տարվել Արթիկում «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների թեկնածուները։ Եղեգնաձորում բերման էին ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության թեկնածուներ, որոնք երեկոյան ազատ էին արձակվել։
Չնայած արձանագրված խախտումներին՝ «Անկախ դիտորդ»-ը եզրակացրել է, որ բուն քվեարկությունն ու ձայների հաշվարկն ընթացել են հանգիստ, արդյունքների վրա ազդող կոպիտ կեղծիքներ չեն արձանագրվել, դրանք արտացոլել են տեղամասեր ներկայացած ընտրողների կամքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

