«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում

Լուրեր

29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
Բոլորը

Հոկտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Հայաստանի և Սլովենիայի նախարարները հանդես են եկել բացման ելույթներով՝ ընդգծելով առկա տնտեսական ու գործարար կապերի զարգացման համար ստեղծված նպաստավոր բազում նախադրյալները և հնարավորությունների առավելագույնս իրացման հարցում երկու կառավարությունների քաղաքական աջակցությունը։

Համաժողովին մասնակցում են առաջատար տեխնոլոգիաների, ավիացիայի, արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և ներդրումների ոլորտների հայկական և Սլովենիայի ԱԳ նախարարի պատվիրակությանն ուղեկցող սլովենական ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովի բացմանը հաջորդել է երկու կողմերից մասնակցող գործարարների ծանոթացում, Հայաստանում և Սլովենիայում գործարար միջավայրի ներկայացում, ինչպես նաև գործարար շրջանակների միջև հանդիպումներ: Հոկտեմբերի 30-ին ֆորումի աշխատանքները կշարունակվեն նաև բիզնես-կառավարություն ձևաչափով հանդիպումներով, որոնք ընկերություններին հնարավորություն կտան շփվելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ և քննարկելու Հայաստանում բիզնես ծավալելուն առնչվող գործնական հարցեր:

Ստորև՝ նախարար Միրզոյանի ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի՛ նախարար Կայզեր,

Հայկական և սլովենական գործարար համայնքների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Երևանում Հայաստան-Սլովենիա-ԵՄ գործարար համաժողովի շրջանակում։

Առանձնահատուկ ուրախ եմ այս համաժողովն իմ հարգարժան գործընկերոջ՝ նախարար Տոնե Կայզերի հետ բացելու և սլովենական գործարար պատվիրակությանը Հայաստանում ողջունելու առիթով:

Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես քաջ հայտնի է, բիզնեսը նախ և առաջ հնարավորություններ է փնտրում այնտեղ, որտեղ առկա է անվտանգություն և խաղաղ միջավայրում աճելու հեռանկար: Ինչպես գիտեք, անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո իմ երկիրը ջանք չի խնայում՝ տարածաշրջանը վերածելու խաղաղության խաչմերուկի՝ հիմնված տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության ու փոխադարձ շահի վրա: Նայելով քարտեզին՝ ակնհայտ է դառնում, որ խաչմերուկի այս դերը ոչ մի դեպքում չի սահմանափակվում միայն մեր տարածաշրջանով․ ընդհակառակը, այն ընձեռում է նոր հնարավորություններ Եվրոպայից դեպի Ասիա և հակառակ ուղղությամբ:

Հիմա, երբ միջազգային առևտուրը ներառված է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մանդատում, տնտեսական դիվանագիտությունը դարձել է մեր աշխատանքի առավել կարևոր առաջնահերթություններից: Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնես ոլորտին՝ նոր շուկաներ մուտք գործելու և միջազգային գործընկերություններ զարգացնելու ուղղությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սլովենիայի հետ տնտեսական համագործակցության ամրապնդմանը, քանի որ մենք հանձնառու ենք դիվերսիֆիկացնելու մեր արտահանման շուկաները, ներգրավելու ներդրումներ և խթանելու նորարարությունը:

Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովում է նպաստավոր միջավայր՝ մեր համագործակցության ընդլայնման համար․ 2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 7․3%-ով՝ նոր հնարավորություններ բացելով միջազգային բիզնեսների համար:

Ուրախալի է արձանագրելը, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները նույնպես զգալի թափ են հավաքում․ 2026 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի և Սլովենիայի միջև առևտրաշրջանառությունը հասել է շուրջ 22․1 միլիոն եվրոյի (24․8 միլիոն ԱՄՆ դոլար), ինչն արդեն գերազանցում է 2025 թվականի ողջ ընթացքում արձանագրված ընդհանուր ծավալը: Ավելին, Հայաստանում սլովենական կապիտալով արդեն իսկ գործող 19 ընկերություններն ամուր հիմք են ստեղծում՝ ներդրումային ավելի հաստատուն գործընկերություն կառուցելու համար: Մեր նպատակն է այս ոգևորիչ զարգացումները վերածել առևտրային ավելի շոշափելի հոսքերի, նոր ներդրումների և մեր գործարար համայնքների միջև երկարաժամկետ համագործակցության:

Թո՛ւյլ տվեք ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության՝ Հայաստանի համար նախատեսված առևտրային ինքնավար միջոցները, որոնք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 10-ից: Այս միջոցները ժամանակավորապես ազատականացնում են դեպի Եվրոպական միություն հայկական արտահանման գրեթե 80%-ը՝ հայ արտադրողների համար ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու համար:

Այս զարգացումները սերտորեն կապված են Հայաստանի եվրոպական ձգտումների և Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման մեր հանձնառության հետ: 2025 թվականի դեկտեմբերին ընդունված «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը» շրջանակ է տրամադրում ավելի սերտ տնտեսական համագործակցության, կարգավորումների համապատասխանեցման և փոխկապակցվածության համար՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ գործարարության համար:

Հարգարժա՛ն հյուրեր,

Ուրախ եմ, որ այսօրվա համաժողովը մեկտեղում է ընկերությունների, որոնք ներկայացնում են պաշտպանության և առաջատար տեխնոլոգիաների, ավիացիայի, արդյունաբերական անվտանգության, շինարարության և սպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության, հյուրընկալության և ներդրումների ոլորտները:

Մենք տեսնում ենք տեխնոլոգիական գործընկերության, համատեղ ծրագրերի և փոխադարձ ներդրումների հեռանկարային հնարավորություններ այս բոլոր ոլորտներում:

Հատկապես ուրախալի է, որ այսօրվա համաժողովի պաշտոնական բացումից հետո հայկական և սլովենական ընկերություններն անմիջական շփումներ կունենան B2B ձևաչափով հանդիպումների միջոցով: Լիահույս եմ, որ այս քննարկումները կհանգեցնեն հստակ պայմանավորվածությունների, նոր գործընկերությունների և համատեղ նախաձեռնությունների:

Նույնչափ ողջունելի է, որ հոկտեմբերի 30-ին նախատեսված են B2G ձևաչափով հանդիպումներ, որոնք ընկերություններին հնարավորություն կտան շփվելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ և քննարկելու Հայաստանում բիզնես ծավալելուն առնչվող գործնական հարցեր:

Այս առումով ցանկանում եմ ընդգծել «Էնթըրփրայզ Արմենիա»-ի և «Սփիրիթ Սլովենիա»-ի դերը՝ գործարար կապերի հաստատմանը նպաստելու և համագործակցության նոր հնարավորություններ վերհանելու գործում:

Ավարտելով՝ բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, հաջողված հանդիպումներ և բեղմնավոր համագործակցություն:

Եվ այսքանով խոսքը փոխանցում եմ իմ սիրելի բարեկամին և գործընկերոջը։

Շնորհակալությո՛ւն»։