Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.10.2026 | 17:42Ազգային ժողովում, հայտարարությունների ժամին Գարիկ Սարգսյանն անդրադարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ ընթացող քննարկումներին։
Սարգսյանը պնդեց, որ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների նախապատմության մեջ կարևոր տեղ է ունեցել Մեղրիի շրջանի փոխանակման հարցը։
«27 տարի առաջ այս օրը այս դահլիճի մի քանի աթոռներ ներկվեցին կարմիր գույնով։ Պատճառը կրկին Մեղրիի շրջանն էր, որը ձեր քաղաքական նախահայրերը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, դրանից օրեր առաջ՝ հոկտեմբերի 23-ի Անվտանգության խորհրդի նիստում, կողմ էին արտահայտվել, որպեսզի Մեղրիի շրջանը փոխանակվի Լաչինի հետ»,- հայտարարեց նա։
Սարգսյանի խոսքով՝ այդ տարբերակին դեմ էին արտահայտվել Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, իսկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ձեռնպահ էր մնացել։
Անդրադառնալով ներկայում քննարկվող տրանսպորտային և ենթակառուցվածքային ծրագրերին՝ պատգամավորը դրանք հակադրեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ նախկինում շրջանառվող մոտեցումներին։
«Այսօր կրկին քննարկվում է, ձեր խոսքերով, «Զանգեզուրի միջանցքը», բայց քննարկվում է այն համատեքստում, որ կա հստակ պայմանավորվածություն, կա փաստաթուղթ, կա երկրագնդի թիվ մեկ պետության երաշխավորությունը այդ փաստաթղթի տակ։ Եվ այսօր բերել, նսեմացնել այդ ստրատեգիական և ենթակառուցվածքային նախագիծը «Զանգեզուրի միջանցքի» հետ համեմատության առումով անթույլատրելի է»,- ասաց Սարգսյանը։
Նա նաև պնդեց, որ «Զանգեզուրի միջանցք» խոսույթը ադրբեջանական կողմին տրվել է նախկին իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։
««Զանգեզուրի միջանցքի» իրավունքը, խոսույթը ձեր քաղաքական նախահայրերն են տվել ադրբեջանական կողմին՝ սակարկության և փոխանակման առարկա դարձնելով Հայաստանի Հանրապետության մի ամբողջ շրջան, որի հետևանքները մենք մինչև հիմա կրում ենք»,- հայտարարեց նա։
Ելույթի ավարտին Սարգսյանը քննադատեց ընդդիմությանը՝ հայտարարելով, որ հոկտեմբերի 27-ի տարելիցի օրը փորձ է արվում կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

