«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.10.2026 | 17:45Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն անդրադարձավ Ստեփանավանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին:
Դավոյանը հայտարարեց, որ ընդդիմադիրները խուսափում են խոսել Ստեփանավանի ընտրությունների արդյունքների մասին։ Նա հիշեցրեց նաև ընդդիմադիր թեկնածուի հետ կապված ընտրակաշառքի դեպքի մասին՝ պնդելով, որ վերջինս նկարահանվել և բռնվել է գումար բաժանելիս։
«Առավոտվանից TRIPP ենք քննարկում, խաղաղություն, ընդհանրապես տարբեր բաներ, բայց մեր գործընկերները շատ լուռ են։ Բա մի հատ խոսեք, մի հատ պատմեք՝ այդ ո՞նց եղավ, որ ձեր ամենաինտելեկտուալ թեկնածուն ամենաանհարմար պահին փող բաժանելուց նկարահանվեց և բռնվեց»,- ասաց Դավոյանը։
Պատգամավորը նշեց նաև, որ ընտրությունների ընթացքում քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր են ստացվել ընտրակաշառքի հնարավոր դեպքերի վերաբերյալ, որոնց, նրա խոսքով, արձագանքել են իրավապահ մարմինները։
Դավոյանը հակադարձեց նաև ընդդիմության այն պնդումներին, թե թեկնածուի կալանավորումն է ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Նա որպես օրինակ հիշեցրեց Առուշ Առուշանյանի դեպքը՝ նշելով, որ վերջինս կալանքի տակ գտնվելու պայմաններում ընտրվել էր քաղաքապետ։
«Մարդիկ եթե կատարել են օրենքով արգելված արարք, պիտի պատասխան տան, և դուք այսօր և ընդհանրապես կիրակի օրը ականատես եղաք ձեր գահավիժման սկզբին, որովհետև դուք առանց փողի զրո ռեյտինգ ունեցող կուսակցություն եք»,- հայտարարեց Դավոյանը։
Դահլիճում իրավիճակը մի պահ լարվեց, պատգամավորը հորդորեց տեղից չխոսել․ «Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»։
Ելույթի ավարտին նա պնդեց, որ Ստեփանավանի ընտրությունների արդյունքները ցույց են տվել ընդդիմադիր ուժի իրական աջակցությունը համայնքում։
«Վերջապես հաշտվեք այն մտքի հետ, որ դուք ավարտվել եք։ Դուք որևէ ռեյտինգ չունեք և որևէ հաջողության չեք հասնելու, որովհետև, համարելով Ստեփանավանը ձերը, ես Ստեփանավանից եմ, ես շատ լավ գիտեմ, դուք Ստեփանավանում հասկացաք, որ Ստեփանավանը ձերը չէ»,- ասաց Արփի Դավոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

