Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկական ոսկե և բրոնզե մեդալով ավարտեց մրցելույթը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում։
Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) գոտեմարտեցին բրոնզե մեդալի համար։
Աշխարհի առաջնության կրկնակի ու Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 6:10 հաշվով պարտվեց օլիմպիական չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին, իսկ Գևորգ Թադևոսյանը 4:1 հաշվով ուժեղ գտնվեց ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովից` դառնալով բրոնզե մեդալակիր։
Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը երեքական հաղթանակ տանելուց հետո պարտվել էին կիսաեզրափակիչում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Կարեն Ասլանյանը (63 կգ), որը կարիերայում առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) պարտություն են կրել ու ավարտել ելույթներն առանց մեդալի:
Դավիթ Եղիազարյան

