Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.10.2026 | 11:15Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է մեկնարկի հաջորդ տարի, և այն պարտադիր պետք է իրականացնի հայկական ընկերություն (այդ թվում՝ կոնսորցիումով)՝ շինարարական գիտելիքն ու ներուժը Հայաստանում պահպանելու համար: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հոկտեմբերի 12-ին անցկացվել են ապագա կայարանի տարածքում հանրային գերակա շահ ճանաչելու ենթակա հողերի օտարման հանրային լսումները: Այս շաբաթ համապատասխան փաթեթը կուղարկվի Կառավարություն, և քաղաքապետն ակնկալում է, որ մոտ մեկ ամսվա ընթացքում գործադիրը կընդունի տարածքները գերակա շահ ճանաչելու որոշումը: Զուգահեռաբար բանակցություններ են ընթանում միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպես նաև նախապատրաստվում են FIDIC ստանդարտներով միջազգային մրցութային փաթեթները:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հստակ պահանջ դրեց պատասխանատուների առջև՝ ընդգծելով, որ միջազգային ընթացակարգերը չպետք է ձգձգեն բուն շինարարության մեկնարկը։
«Մենք հաջորդ տարի, կապ չունի արդեն որ գործընկերոջ հետ, բոլոր դեպքերում պետք է սկսենք շինարարությունը: Ինձ ոչ այնքան գործընկերն է հետաքրքրում, որքան բուն իրականացումը: Եվ երկրորդ կարևոր պայմանը՝ սա պետք է իրականացնի հայկական ընկերություն: Դա ուղղակի չի լինելու այնպես, որ միջազգային ընկերությունը եկավ, կառուցեց ու գնաց: Այդ տրամաբանությունը խնդրում եմ մոռանալ, որովհետև մենք այդ մի կայարանով չենք սահմանափակվելու»,- շեշտեց քաղաքապետը:
Ավինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է վերականգնի մետրո կառուցելու կորսված կարողությունները, իսկ հայ մասնագետները պետք է դառնան այս գործընթացի անկյունաքարը։
«Ուզում ենք ունենալ մասնագետներ, ովքեր հասկանում են՝ ինչպես մետրո կառուցել, որպեսզի այդ կարողությունն այստեղ զարգանա հետագա կայարանների համար: Եթե միջազգային գործընկերների ներքին կանոններն այս մոտեցմանը չհամապատասխանեն, ապա մենք ինքնուրույն մրցույթով կգնանք առաջ: Հաջորդ տարի սկսում ենք շինարարությունը, անելու է հայկական ընկերություն, և այդ գիտելիքը մնալու է Հայաստանում»,- պնդեց Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ-ի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը այդ երկրի մասնակցության հարցը։ Փաշինյանը շեշտել էր, որ Ռուսաստանն այս հարցում մեծ փորձ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

