Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.10.2026 | 12:37
Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը ուկրաինացի զինվորականները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհել են Վորոնեժը, գրում է Meduza-ն:
Astra-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են մի քանի բազմաբնակարան շենքերի և «Գալերեա Չիժովա» բիզնես կենտրոնի։ Ականատեսների տեսանյութերում երևում են վնասված շենքեր և դրանց հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիներում այրվող մեքենաներ։
Վորոնեժի բնակիչները լրատվամիջոցին հայտնել են, որ քաղաքում օդային տագնապի ազդանշանը չի միացվել։
Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի տվյալներով՝ մարզի երկնքում խոցվել է 117 անօդաչու թռչող սարք, որոնցից ավելի քան 70-ը՝ անմիջապես Վորոնեժի վրա։ Ռուսական երկաթուղիների (ՌԺԴ) մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Վորոնեժի մարզի Սոմովո կայարանում վնասվել է Անապա-Մոսկվա գնացքի վագոնը։ Նախնական տվյալներով՝ տուժել է հինգ մարդ։
Ավելի ուշ Գուսևը հաղորդել է, որ Վորոնեժի վրա հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, 2 մարդ զոհվել է, ևս 17-ը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են։
«Վիրավորների զգալի մասը, այդ թվում՝ ծանր վիրավորում ստացած երկու մարդ, տուժել է Վորոնեժի ձախափնյա արվարձանում ընթացող գնացքում, որի վրա ընկել են անօդաչու թռչող սարքի բեկորներ»,- նշել է նա։
Ուկրաինան չի մեկնաբանել Վորոնեժի վրա հարձակումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

