Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
Քաղաքականություն
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Ադրբեջանից հետո կայցելի Հայաստան։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ Այցերը նախատեսվում են հոկտեմբերի 26-27-ը։
«Այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան՝ երկու երկրների հետ մեր համագործակցությունն առավել խորացնելու նպատակով։ Իմ գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ կքննարկեմ նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Նիդերլանդներն աջակցում է կայուն խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերին»,- նշել է նա։
Բերենդսենն արդեն Բաքվում է, նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը նշել է, որ իր երկրում բարձր են գնահատում Ալիևի անձնական դերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Նա ընդգծել է, որ սա շատ կարևոր հարց է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի համար։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Ադրբեջանի տարածքով Նիդերլանդների քաղաքացիների, այդ թվում՝ Թեհրանում այդ երկրի դեսպանի և դեսպանատան աշխատակիցների տարհանմանն աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։Նշվել է, որ նիդերլանդական ընկերությունները հաջողությամբ գործունեություն են ծավալում Ադրբեջանում տարբեր ոլորտներում։ Քննարկվել են տրանսպորտի և լոգիստիկայի, մասնավորապես՝ Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի գործունեության շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև գյուղատնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Նիդերլանդների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս գյուղատնտեսության զարգացմանը և այդ ոլորտում իրականացնում լայնածավալ պետական ծրագրեր։ Նշվել է, որ գյուղատնտեսության ոլորտում Նիդերլանդների փորձը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում այս ուղղությամբ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

