ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
Քաղաքականություն
26.10.2026 | 14:02
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են երեք երկրների աղբյուրներ, գրում է Meduza-ն։
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի գնահատմամբ՝ Օրբանն «առանց առանձնակի դժվարությունների» կարող էր ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ութ անդամի ձայնը։ Նա իրատեսական է համարել նաև Անվտանգության խորհրդի 15 անդամներից տասի աջակցությունը։
ԱՄՆ ներկայացուցիչն Օրբանին անվանել է «MAGA շարժման պահպանողականների երազանքի թեկնածու»։ MAGA-ն (Make America Great Again՝ «Ամերիկան կրկին մեծ դարձնենք») Դոնալդ Թրամփի քաղաքական շարժումն է։ Նրա խոսքով՝ դա մեծապես պայմանավորված է զանգվածային ներգաղթի, լիբերալ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հունգարիայի ձախակողմյան հայացքներ ունեցող դատարանների և մամուլի դեմ Օրբանի ձեռնարկած քայլերով։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես աջակցում են այս գաղափարին։ ԱՄՆ-ի ու ևս մեկ երկրի ներկայացուցիչներ նշել են, որ երբ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նույն նպատակն են հետապնդում, սովորաբար հասնում են իրենց ուզած արդյունքին։
WSJ-ի հաղորդմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները կապ են հաստատել Օրբանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք նա հետաքրքրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնով։ Պարզվել է, որ նա պատրաստ է քննարկել այդ առաջարկը։ Միևնույն ժամանակ, Օրբանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը, եթե վստահ չլինի հաղթանակի հարցում։ Ինքը՝ Օրբանը, հրաժարվել է մեկնաբանություններից։
ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հնգամյա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։
Վիկտոր Օրբանը Հունգարիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի։ 2026 թվականի ապրիլի 12-ին կայացած Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից առաջ Թրամփի վարչակազմն աջակցել էր նրան, սակայն Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը պարտություն էր կրել։ Խորհրդարանում տեղերի մեծամասնությունը ստացել է «Տիսա» կուսակցությունը, իսկ դրա առաջնորդ Պետեր Մագյարը գլխավորել է կառավարությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

