Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ), որոնք դուրս եկան կիսաեզրափակիչ:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն ու քառակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 կգ) կիսաեզրափակիչի ճանապարհին ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին՝ տանելով երեք հաղթանակ ժամանակից շուտ: Հայ ըմբիշը հաղթեց մոլդովացի Կորնելիու Ռուսուին (10:0), ղրղզ Աֆթանդիլ Տալաիբեկ Ուուլուին (8:0) և ուզբեկ Օզոդբեկ Խալիմբոևին (9:0):
Աշխարհի առաջնության կրկնակի ու Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) նույնպես պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 5:1 հաշվով հաղթելով Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Գագիկ Սնջոյանին: Երկրորդ գոտեմարտում Գալստյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Վալենտին Պետրիչին, իսկ քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով առավելության հասավ նորվեգացի Հավարդ Յորգենսենի նկատմամբ:
Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ուզբեկ Այտյան Խալմախանովի հետ:
Գևորգ Թադևոսյանը (87 կգ) որակավորման փուլում 6:3 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Միլադ Ալիրզաևին, իսկ երկրորդ գոտեմարտում 4:1 հաշվով ուժեղ գտնվեց ղազախ Նուրսուլթան Տուրսինովից:
Քառորդ եզրափակիչում Թադևոսյանը մրցեց Նորվեգիան ներկայացնող Էկսաուս Մուկուբուի հետ ու հաղթեց 10:4 հաշվով:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) պարտություն են կրել ու ավարտել ելույթներն առանց մեդալի:
Դավիթ Եղիազարյան

