Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
Քաղաքականություն
26.10.2026 | 12:46
Թբիլիսիում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել բողոքի երթ՝ ընդդեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականության։ Ակցիան անցկացվել է «Վրաստանն առանց Իվանիշվիլիի» կարգախոսով։ Այն կազմակերպել են ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ երկրի Սահմանադրական դատարանում ընդդիմադիր կուսակցություններն արգելելու վերաբերյալ հայցի քննության ֆոնին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Кавказский узел»-ի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները Թբիլիսիի պետական համալսարանից շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտա։ Լրատվամիջոցի տվյալներով՝ երթին մասնակցել են հազարավոր մարդիկ՝ Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշներով։ Հաղորդվում է նաև, որ միջոցառման վայրում մեծ թվով ուժայիններ են եղել։
«Փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան հանրահավաքի մեկնարկից առաջ այն անվանել է բողոքի նոր ալիքի սկիզբ։
«Մենք այսօր սկսում ենք և մեզ անպայման անհրաժեշտ է կուլմինացիա։ Դա կլինի նոյեմբերի 28-ին՝ Վրաստանում զանգվածային բողոքի ցույցերի մեկնարկի երկրորդ տարելիցին, թե դրան հաջորդող օրերին՝ դեռևս պարզ չէ։ Կարևոր է, որ նոյեմբերի 28-ին մենք մեծաթիվ լինենք, որպեսզի քամին չկարողանա հանգցնել կրակը»,- ասել է նա։
«Նոյեմբերի 28-ին նախատեսվում է անցկացնել մեծ և կարևոր բողոքի ակցիա։ Վրաստանում այսօր ժողովրդավարության քայքայման և ավերածությունների տեսանկյունից տեղի ունեցողն իսկապես աներևակայելի է, հատկապես հաշվի առնելով, որ մենք եվրաինտեգրման ճանապարհին առաջատար երկիր էինք, իսկ այսօր հայտնվել ենք հետնապահների շարքում։ Կուսակցություններն արգելվում են, և փաստացի սահմանափակվում է քաղաքական կյանքը։ Չեմ խոսում արդեն քաղբանտարկյալների մասին, ինչը նույնպես լուրջ մարտահրավեր է»,- իր հերթին, ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Ծերեթելիի խոսքերը։
Վրաստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2024 թվականի գարնանը՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման պատճառով։ Դրանք ավելի են սրվել խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո, իսկ նույն տարվա նոյեմբերին վերածվել են լայնածավալ քաղաքական ճգնաժամի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը հետաձգելու մասին իշխանությունների որոշման հետևանքով։ Բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։ Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

