Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
Քաղաքականություն
23.10.2026 | 18:51
Բաքուն հերթական հակահայկական միջոցառումն է կազմակերպել։ Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի կենտրոնակայանների առջև անցկացված ցույցերի ընթացքում, դիմել են ԵՄ կառույցներին՝ աջակցություն պահանջելով։ Նրանք շարունակում են ավելի քան 4,000 հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ փնտրել, որոնք անհետ կորել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ և մինչ օրս չեն գտնվել։ Այս մասին գրում է Euronews-ը։
«Գարաբաղի անհետ կորածների ընտանիքներ» հասարակական կազմակերպության նախաձեռնած ցույցի մասնակիցներն օգնություն են խնդրել իրենց հարազատների ճակատագիրը պարզելու հարցում։ Անհետ կորածների թվում կան երեխաներ, կանայք և տարեցներ, որոնք կորել են մինչև 1994 թվականը տևած առաջին պատերազմի ընթացքում։ Նրանք կոչ են արել ԵՄ կառույցներին «ճնշում գործադրել Հայաստանի վրա»՝ «արխիվային տեղեկությունները և զանգվածային գերեզմանների վայրերը բացահայտելու նպատակով»։
Լրատվամիջոցը գրում է, թե Ղարաբաղում 32 զանգվածային գերեզմանների հայտնաբերման ֆոնին ընտանիքներն ընդգծել են, որ 30 տարի անց ճշմարտությունն իմանալու իրենց իրավունքը միջազգային ուշադրության կարիք ունի։ Ընտանիքների պնդմամբ՝ Հայաստանը, իբր, անհետ կորածների մասին որևէ տեղեկություն չի տրամադրել։ Այդուհանդերձ, նրանք հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հնարավորություն կտա լույս սփռել իրենց հարազատների ճակատագրի վրա և վերջապես պատասխաններ գտնել։
Հավելենք, որ Euronews-ը սերտ կապեր ունի ու համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ։ Միջազգային վերլուծական շրջանակները հաճախ մատնանշում են Euronews-ի կողմնակալությունը, հատկապես, երբ այն միակողմանիորեն լուսաբանում է Ադրբեջանի պաշտոնական թեզերը կամ զերծ է մնում երկրում մարդու իրավունքների խախտումների դեպքերը քննադատելուց։
Թարգմանությունը՝ էմմա Չոբանյանի

