Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում

Լուրեր

23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
Բոլորը

2026-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն նաև Արարատի և Արագածոտնի մարզերում։

Հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացեն Արարատի մարզկենտրոնում՝ Արտաշատում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում։ Նոյեմբերի 29-ին էլ քվեարկություններ կլինեն Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արևուտ և Մեծաձոր համայնքներում, դեկտեմբերի 13-ին՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում։

Ընտրապայքարի են պատրաստվում ինչպես տարիներ շարունակ համայնքները ղեկավարող պաշտոնյաներ, այնպես էլ քաղաքական ուժերի նոր թեկնածուներ։ Նրանցից մի քանիսի անունները նախկինում հայտնվել են քրեական գործերի, դատական վարույթների, շահերի բախման կամ համայնքային միջոցների օգտագործման վերաբերյալ հրապարակումների կենտրոնում։

Factor TV-ն ուսումնասիրել է, թե որ քաղաքական ուժերն են մասնակցում առաջիկա ընտրություններին, ովքեր են գլխավորում նրանց ցուցակները, ինչ քաղաքական ճանապարհ են անցել գործող համայնքապետերը և ինչ ուշագրավ դրվագներ են արձանագրվել նրանց պաշտոնավարման ընթացքում։

Իրավիճակը Արագածոտնի ՏԻՄ ընտրություններից առաջ

Շամիրամ համայնք

Շամիրամը եզդիաբնակ գյուղական համայնք է․ այստեղ ընտրությունները տեղի են ունենալու մեծամասնական ընտրակարգով, այսինքն՝ ընտրվելու է համայնքապետ, ոչ թե ավագանի։ Համայնքը 293 ընտրող ունի։

Համայնքապետի մեկ թեկնածու կա՝ 35 տարի Շամիրամը ղեկավարող Մրազ Բրոյանը։ Արագածոտնի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում նշվում է, որ Բրոյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում նշված չէ, որ նա որևէ կուսակցություն է ներկայացնում։

Աշտարակ համայնք

Արագածոտնի մյուս համայնքներում, ինչպես նաև Աշտարակում, հերթական ընտրությունները նոյեմբերի 29-ին են նշանակված, թեկնածուների վերաբերյալ տեղեկություններ դեռևս հրապարակված չեն։ Համայնքը 59,515 ընտրող ունի։

Աշտարակ համայնքը ղեկավարում է Թովմաս Շահվերդյանը, որը 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ 27 տարեկանում, ընտրվել է Աշտարակի քաղաքապետ։ Նա ստացել էր 4,428 ձայն, նրա մրցակիցները՝ Ռազմիկ Տերտերյանը՝ 3,031, Աշոտ Ղալաչյանը՝ 2,440, Արշալույս Մեժլումյանը՝ 608։

Շահվերդյանը 2016-ին ընտրվել էր որպես անկուսակցական։ Բայց իրավիճակը փոխվել է 2021-ին։ Նա այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2016-ին «Հետքը» ուսումնասիրել էր Շահվերդյանի հայտարարագիրը և գրել, որ նա ու հայրը՝ Սարգիս Շահվերդյանը, Աշտարակում մի շարք բիզնեսներ ունեն։ 

Շահվերդյանի պարզաբանմամբ՝ «Ավգոռ» ՍՊԸ-ի գործունեության տարածքում տեղակայված էին՝ Աշտարակի շուկան, «Աշտարակ» սուպերմարկետը և հացի գործարանը։ Այդ տարածքը «Ավգոռը» վարձակալում էր նրա հորից՝ Սարգիս Շահվերդյանից։ «Հետքը» նաև գրել էր, որ Սարգիս Շահվերդյանը Քասախի կիրճում գործող «Արևիկ» հանգստյան տան սեփականատերն ու տնօրենն էր։

Ապարան համայնք

Ապարան համայնքը 2017-ից ղեկավարում է Կարեն Եղիազարյանը, համայնքը 18,854 ընտրող ունի։ Եղիազարյանն անկուսակցական է։ Ընտրություններին մասնակցել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքով, 2021-ի ընտրություններում առաջ է անցել ՔՊ-ի թեկնածու Էդգար Փարվանյանից։

Դաշինքում ներառված են եղել «Արդար Հայաստան» և «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունները։ Առաջինի ղեկավարը իրավաբան Նորայր Նորիկյանն է, երկրորդինը՝ Հրաչյա Ներսիսյանը։

Եղիազարյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, որն այժմ քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Դատախազությունը Կարեն Եղիազարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել շուրջ 278.4 մլն դրամի՝ օրինական եկամուտներով չհիմնավորված գույք ու դրամական միջոցներ։

2025-ից դատարանում է քննվում նաև Եղիազարյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ։ Ըստ մեղադրանքի՝ համայնքապետը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը կամ ինքնակամ շինարարությունը կասեցնելու/կանխարգելելու համար օրենքով նախատեսված միջոցներ չի ձեռնարկել։

Արևուտ և Մեծաձոր համայնքները

Այս 2 համայնքերը Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղեր են, որոնցում նույնպես ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են տեղի ունենալու։ Թեկնածուների մասին դեռ վաղ է խոսել։

2021-ից Արևուտ համայնքի ղեկավարը Էդիկ Օսեյանն է։ Նա անկուսակցական է։

Մեծաձոր համայնքը ղեկավարում է Մրազ Միրոյանը, նա նույնպես անկուսակցական է։ Միրոյանը Մեծաձորում 11 անշարժ գույք է հայտարարագրել, որոնցից 3-ը գնել է 2018 թվականին։ 

Արևուտն ունի 491 ընտրող, իսկ Մեծաձորը՝ 119։

***

Արագածոտնի մյուս համայնքներում այս տարի ընտրություններ չեն սպասվում։

Թալին համայնքը 2022-ից ղեկավարում է Տավրոս Սափեյանը։ Նա առաջադրվել և ընտրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, սակայն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

«Անկախ դիտորդը» նախընտրական շրջանում ահազանգել էր, որ նա համայնքի միջոցներով ավելի քան 11.5 մլն դրամի սոցիալական աջակցություն է տրամադրել՝ սննդի, կոմունալ ծախսերի, դեղորայքի, բնակարանի և այլ կարիքների համար։ Դիտորդական մարմինը սա համարել է բարեգործության արգելքի և ընտրական օրենսդրության հնարավոր խախտում։ Սափեյանը պնդել է, որ աջակցությունները նախատեսված են եղել համայնքի բյուջեով և տարիներ շարունակ գործող ծրագրերի մաս են եղել։

Ալագյազ համայնքը 2017 թվականից ղեկավարում է անկուսակցական Ջասմ Մախմուդովը։ Մախմուդովը Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է։

Անկուսակցական է նաև Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը։ Նա համայնքը ղեկավարում է 2016 թվականից։

Արարատի ՏԻՄ իրավիճակը ընտրություններից առաջ

Արտաշատ համայնք

Արտաշատում հոկտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 3 քաղաքական ուժ․ «Նոր դարաշրջան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Համայնքը 69,269 ընտրող ունի։

ՔՊ-ի թեկնածուն 2021-ից համայնքը ղեկավարող Կառլեն Մկրտչյանն է, որ կուսակցության անդամ է, Արտաշատի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նրան ներառել է 2026-ի «Սև ցուցակում»՝ տեղեկություն ստանալու հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելու համար։

«Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինք կազմած կուսակցություններից է Հարություն Հարությունյանի ղեկավարած «Նոր դարաշրջան»-ը։ Արտաշատում ուժի ընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Բաղդասարյանը։

ՀՅԴ-ի համայնքապետի թեկնածուն Գերասիմ Վարդանյանն է՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2020-ի նոյեմբերի 9-10-ի իրադարձություններից հետո Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում «Ազատություն» ռադիոկայանի տարածք մուտք գործելու դրվագով։ 

Այդ գործով նա 2022 թվականի մայիսին կալանավորվել էր և շուրջ 6 ամիս կալանավորված մնացել։ Վարդանյանն ու նրա պաշտպանական թիմը գործը որպես քաղաքական հետապնդում էին որակում։

Ավելի ուշ՝ 2024 թվականի հունիսին, Վարդանյանը կրկին կալանավորվեց։ Այս անգամ մեղադրանքը վերաբերում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելուն։ Դատարանը սկզբում երկու ամսով կալանք էր կիրառել։ Հետագայում նրա խափանման միջոցները մի քանի անգամ փոխվել են․ 2024-ի հոկտեմբերին կալանքը փոխարինվել է տնային կալանքով, իսկ նոյեմբերին՝ բացակայելու արգելքով և 5 մլն դրամ գրավով։ 

Մասիս համայնք

Նոյեմբերին ընտրություններ են սպասվում Մասիս համայնքում, որը 75,745 ընտրող ունի։

2025-ի նոյեմբերից համայնքապետը Նորայր Հակոբյանն է։ 

Նախորդ համայնքապետը ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն էր, որ 2025-ի հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրված 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: 

ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով: Մասիսի համայնքապետը հոկտեմբերի 28-ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում։

Համայնքապետի պաշտոնում նրան փոխարինեց Նորայր Հակոբյանը։

Այս տարի հունիսին վերաքննիչ դատարանը որոշեց Համբարձումյանի գործով առաջին ատյանի դատավճիռը բեկանել, գործը ուղարկել նոր քննության։ Մասիսի նախկին համայնքապետը դատարանի նիստերի դահլիճից ազատ էր արձակվել։ Արդեն հուլիսին Նորայր Հակոբյանը Դավիթ Համբարձումյանին նշանակել էր իր խորհրդականի պաշտոնում։

Նշենք նաև, որ 2025-ի հունիսին ԱԺ 8-րդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցությունը Դավիթ Համբարձումյանին որպես վարչապետի թեկնածու էր առաջադրել։

Արարատ համայնք

Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը 2021-ի դեկտեմբերից զբաղեցնում է Ասլան Ավետիսյանը, որը ԿԿՀ ներկայացված տվյալների համաձայն՝ անկուսակցական է։

2024-ին Civilnet-ը գրել էր, որ Արարատի քաղաքապետարանը 45,000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետի համար․ «Ընդ որում՝ մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ID 6 Crozz ամենագնաց։ Մեքենան Արարատի քաղաքապետարանին է մատակարարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը»։ 

Նշենք, որ Ավետիսյանն անցել է նաև «Մարտի 1-ի» գործով, անգամ կես տարով ազատազրկման է դատապարտվել, սակայն 2018-ին արդարացվել է։

Վեդի համայնքի հետ խոշորացումով պայմանավորված համայնքում այս տարի ընտրություններ տեղի չեն ունենա։

Վեդի համայնք

Վեդի համայնքն այս պահին համայնքապետ չունի։ Այս տարվա ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ անդամ, Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Գարիկ Սարգսյանը հրաժարական տվեց համայնքի ղեկավարի պաշտոնից և վերցրեց պատգամավորական մանդատը։

Հավանական է, որ համայնքն այդպես էլ նոր ղեկավար չի ունենա, քանի որ խորհրդարանում քննարկվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում ձևավորել նոր՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով։

Այնպես որ, նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Վեդի համայնքն այլ ղեկավար չի էլ ընտրի։

Արարատի մարզի փոքր համայնքներից Վերին Դվինն էլ կազմված է միայն նույնանուն գյուղից, որը 2014-ից ղեկավարում է անկուսակցական Լյուդմիլա Պետրովան։ Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2023-ին։

Եվգենյա Համբարձումյան