Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
Հասարակություն
23.10.2026 | 18:39
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտների նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնություն կիրառելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթով հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր դպրոցում ստեղծված իրավիճակին։ Աշակերտների ծնողները պնդել էին, որ ուսուցիչ Անահիտ Մկրտչյանը երեխաների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն է կիրառել, այդ թվում՝ ծեծել, նվաստացրել և ասեղներով ծակել նրանց ձեռքերը։ Ուսուցիչը հերքել էր մեղադրանքները։
Կրթության տեսչական մարմինը դպրոցում արձանագրել էր բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ և ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների խաթարում, իսկ բռնության ենթադրյալ դեպքերից մեկով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ հոգեկան և ֆիզիկական ներգործության հոդվածներով։
ՔԿ-ից հայտնել են նաև, որ վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Հարցեր էին ուղղվել նաև, որոնք վերաբերում էին քրեական վարույթի ընթացքին, նշանակված փորձաքննության արդյունքներին, տուժող երեխաների թվին, ենթադրյալ բռնության առանձին դրվագների քննությանը, հնարավոր քրեական հետապնդմանը և դպրոցի պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության գնահատմանը։
«Մյուս հարցադրումների մասով տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,- նշել են ՔԿ-ից։
Ավելի վաղ կոմիտեից հայտնել էին, որ ապրիլի 10-ին գործով դատահոգեբանական փորձաքննություն էր նշանակվել։
Եվգենյա Համբարձումյան

