Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
Քաղաքականություն
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի կրման արգելքին։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հիջաբի արգելքի վերաբերյալ Իրանի դիրքորոշման հետ կապված Բաղային ասել է, որ կարևոր է «Ադրբեջանի ժողովրդի համոզմունքների պաշտպանությունը»։
«Նրանք են որոշում՝ ինչպես լսելի դարձնել իրենց ձայնը իրենց կառավարության հետ շփումներում, և մենք հույս ունենք, որ խնդիրը կլուծվի փոխըմբռնման մթնոլորտում մի երկրում, որի հետ մենք լավ հարաբերություններ ունենք»,- հայտարարել է նա։
Հավելենք, որ Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ի որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Այնուհետև նմանատիպ որոշում է ընդունվել ուսուցիչների համար։
Հիջաբ բառը որոշման չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորի արգելք։
Ադրբեջանական անկախ լրատվամիջոցները հայտնում են, որ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին չեն թողնում դասերին մասնակցել, ինչը լայնածավալ բողոքի ակցիաներ է առաջացրել։ Հիջաբի արգելքի որոշումը բուռն քննադատություններ է առաջացրել նաև Թուրքիայում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

