Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում պատկերված էր հանրային տրանսպորտում տեղի ունեցած մի միջադեպ։ Ստացված հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով: Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալված է: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Հիշեցնենք, որ տեսանյութում տղամարդը կնոջ նկատմամբ առերույթ հոգեբանական ներգործություն է գործադրում։ Տեսանյութը նկարահանող մեկ այլ կին նրան սաստում է հանրային վայրում դրսևորած վարքագծի համար՝ իր հերթին օգտագործելով վիրավորական արտահայտություններ։ Տղամարդը ագրեսիվ է արձագանքում, նստած տեղից կանգնում, որից հետո մի տղամարդ փորձում է պաշտպանել կնոջը։ Կինն իր հերթին շարունակում է վիրավորական արտահայտություններ անել տղամարդու հասցեին, վերջինը կնոջ հետ ստիպված է լինում լքել ավտոբուսը։
Կոմիտեին հաղորդումը երեկ ներկայացրել է ՆԳՆ Ոստիկանությունը, որից հետո այսօր հայտնաբերել ու կոմիտե է ներկայացրել տեսանյութում երևացող տղամարդուն։
Թե ինչ է նախորդել հրապարակված տեսանյութին, ինչ է հաջորդել դրա հանրայնացմանը, ինչ հետևանք է ունեցել կնոջ համար, արդյոք տղամարդու լարվածությունը չի հանգեցրել կնոջ նկատմամբ նոր ագրեսիվ վարքագծի, մեզ հայտնի չէ։
Իրավական փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանի դիտարկմամբ՝ հասարակությունը նման իրավիճակներին արձագանքում է՝ ելնելով իր հոգեհուզական վիճակից։
«Այսինքն՝ հասարակության անդամը, կոնկրետ իրավիճակում տեսնելով բռնության որևէ դեպք, շատ հաճախ իրեն նույնացնում է կողմերից մեկի հետ և իր արձագանքը դրսևորում է՝ դա հիմք ընդունելով, նա հարցը չի դիտարկում մասնագիտական կամ իրավական տեսանկյունից»։
Այս միջադեպում կարևոր է այն հանգամանքը, թե ինչն էր տղամարդուն սաստող կնոջ նպատակը։ Թումասյանը հարց է բարձրացնում․ արդյո՞ք սա այդ կնոջ կողմից պաշտպանություն էր, թե՞ ուղղակի արձագանք՝ իր ականջների համար ոչ հաճելի խոսակցությանը և աչքերի համար ոչ ցանկալի իրավիճակին։
Փորձագետը նշում է, եթե կինն ընդամենը նպատակ էր հետապնդում ազատվելու հասարակական տրանսպորտում անընդունելի վարքագիծ դրսևորող տղամարդու ներկայությունից, ապա նա հասավ իր համար ցանկալի արդյունքին։
«Բայց եթե այդ կնոջ նպատակն էր այդ ընկճված կնոջը պաշտպանելը, ինքը առնվազն պետք է նաև իջներ տրանսպորտային միջոցից և փորձեր կանչել ոստիկանություն, ինչ-որ ձևով պաշտպաներ այն կնոջը, որն այս պարագայում արդեն մնաց միայնակ՝ ենթադրյալ բռնարարի հետ»,- դիտարկում է Դավիթ Թումասյանը։
Տղամարդու արարքում առերույթ առկա է խուլիգանություն․ փորձագետ
Ըստ փորձագետի՝ այն, որ տղամարդը տրանսպորտում հասարակական կարգ է խախտում, ակնհայտ է, բացի այդ իրեն նկատողություն արած կնոջը նորից նույն խուլիգանական դրդումներով է պատասխանում։ Այսինքն՝ այստեղ, ըստ Թումասյանի, առկա է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով (խուլիգանություն) նկարագրված հանցակազմ, որովհետև խուլիգանության հանցակազմը նախատեսում է ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական նորմերի հետ կապված որոշակի խախտումների կատարում։
Արդյո՞ք տղամարդու գործողությունների մեջ կան ընտանեկան բռնությանը բնորոշ հատկանիշներ՝ ըստ Թումասյանի, դա պարզ կդառնա նախաքննության ընթացքում։
Արդյոք իրավական գնահատական պետք է տալ այն կնոջ արարքին, որը սաստում է տղամարդուն
Թումասյանի խոսքով՝ այն, որ կինը փորձել է օգնել հասարակական կարգը խախտող տղամարդուց տուժող կնոջը, ակնհայտ է, բայց չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ նա հրապարակել է տեսանյութը, որում լսելի են իր կողմից հնչեցրած հայհոյանքները, բացի այդ տեսանյութում երևում է տուժող կնոջ դեմքը։
Ըստ փորձագետի՝ նման իրավիճակներում միջամտող անձի գործողությունները պետք է լինեն համաչափ ու իրավաչափ, որպեսզի լավագույն նպատակներով սկսված պաշտպանությունը չհանգեցնի ավելի ծանր հետևանքների:
Փորձագետը նշում է, որ Քրեական օրենսգրքի 297-րդ՝ խուլիգանության հոդվածով նախատեսում է նաև խուլիգանությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, այսինքն՝ երբ համացանցն օգտագործվում է որպես տիրույթ՝ անձանց անորոշ շրջանակի նկատմամբ երևույթը տարածելու, բարձրաձայնելու համար։
«Միգուցե, այդ անձը նման նպատակ չի ունեցել, գուցե, եթե ունենար հմտություններ տեխնիկական եղանակով ձայնը փակելու, հայհոյանքները փակելու, մենք այդ տեսանյութը չունենայինք, բայց փաստը մնում է փաստ, որ հիմա այդ տեսանյութը տարածվեց։ Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ տեսանյութի տարածումը, փաստացի, օգնեց դեպքի բարձրաձայնմանը, դեպքի շրջանակներում հասարակական դիսկուրսին, նաև այդ անձի հայտնաբերմանը, ձերբակալմանը և հետագա իրավական ընթացքին, բայց այդ՝ տեսանյութը տեսնում են հազարավոր երեխաներ, տեսնում են հազարավոր այլ անձինք, ովքեր այդ վարքագիծը ընկալում են որպես ընդունելի վարքագիծ և, ցավոք սրտի, կարող են կրկնօրինակել»,- նշում է Թումասյանը։
Ի՞նչ կլինի, եթե պարզվի, որ տղամարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի
Տեսանյութի տարածումից հետո համացանցում տեղեկություն է շրջանառվում, որ տղամարդը հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի։ Factor TV-ի տեղեկություններով, սակայն, նա այս պահին հաշվառված չէ համապատասխան հաստատությունում։
Դավիթ Թումասյանը նշում է, որ եթե նախաքննության փուլում վարույթ իրականացնող մարմնի մոտ առաջանա նման կասկած, պետք է նշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն։ Եթե պարզվի, որ անձը արարքը կատարել է անմեղսունակության կամ սահմանափակ մեղսունակության վիճակում, նրա նկատմամբ կնշանակվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց (ԲԲՀՄ) և այդ իրավիճակում նա չի կրի քրեական պատասխանատվություն։
Այս դեպքում կարող է ստեղծվել իրավիճակ, որ կնոջ նկատմամբ ներգործություն ցուցաբերող տղամարդը չի ենթարկվի պատասխանատվության, բայց դրան հակազդել փորձող ականատես կինը կարող է ենթարկվել պատասխանատվության։
«Տրամաբանական է՝ հասարակությունը շատ սպեցիֆիկ ձևով կընկալի այն փաստը, որ եթե այդ տեսանյութում հայտնված ենթադրյալ բռնարար տղամարդը չենթարկվի պատասխանատվության, իսկ կնոջը ինչ-ինչ հանգամանքներում ենթարկեն պատասխանատվության իր կատարած արարքի համար։ Դրա համար այստեղ թե՛ նախաքննության մարմինը, թե՛ նաև հասարակությունը պետք է զգուշություն ցուցաբերեն իրավական գնահատականները տալու ժամանակ»,- նշում է Թումասյանը։
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ Նա կներկայացվի նախաքննական մարմին։
Արաքս Մամուլյան

