Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության

Լուրեր

20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Բոլորը

Կոտայքի մարզի 6 համայնքում 2026 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված։ Դրանցից երեքում՝ Հրազդանում, Գառնիում և Ծաղկաձորում, ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին, իսկ Աբովյանում, Նոր Հաճընում և Նաիրիում՝ դեկտեմբերի 13-ին։ Առաջին երեք համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է գործող համայնքապետերին։ 

Նրանցից երկուսի պաշտոնավարման ընթացքում համայնքային հողերի օտարման և գնումների վերաբերյալ լրագրողական հետաքննություններ են հրապարակվել, իսկ Գառնիի համայնքապետը տուգանվել է բնապահպանական խախտման համար։

Առաջիկա ընտրություններից առաջ Factor TV-ն ուսումնասիրել է Կոտայքի համայնքներում քաղաքական ուժերի ներկայիս դասավորությունը, գործող համայնքապետերի քաղաքական անցյալը, նրանց պաշտոնավարման ընթացքում արձանագրված ուշագրավ դեպքերը, համայնքային գույքի օտարման և գնումների վերաբերյալ հրապարակումները։

Հրազդան համայնք

Հրազդանում 2 կուսակցություն է մասնակցում ընտրապայքարին․ «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հայ հեղափոխական դաշնակցությունը»։ Համայնք ունի 40 հազար 265 ընտրող։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Հրազդանի գործող համայնքապետ Սևակ Միքայելյանը, նա ԱԺ պատգամավոր և Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է։

Սևակ Միքայելյանի վերաբերյալ ամենաուշագրավ հրապարակումները կապված են համայնքային գնումների և նրա ընտանիքի բիզնեսի հետ։ «Հետք»-ի տվյալներով՝ 2022-2024 թվականներին Հրազդանի համայնքապետարանը մոտ 156 մլն դրամի գազ է գնել Միքայելյանի եղբորը՝ Մեխակ Միքայելյանին պատկանող «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից։ Ընկերությունն այդ մրցույթներում եղել է միակ մասնակիցը։

Միքայելյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Հրազդանի ՃՇՇՁ» ընկերությունը ևս համայնքից ստացել է հարյուրավոր միլիոն դրամների ճանապարհաշինական պայմանագրեր։ Այս գնումների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024-ին Սևակ Միքայելյանին տուգանել է 300 հազար դրամով՝ շահերի բախման վերաբերյալ օրենքով պահանջվող հայտարարությունը չներկայացնելու համար։

2025-ին համայնքապետարանը «Լարգո-Վինչից» ևս 54 մլն դրամի գազ է գնել։ «Հետք»-ի հաշվարկով՝ 2022-2025 թվականներին համայնքապետի եղբոր ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը հասել է շուրջ 209.5 մլն դրամի։ Այս անգամ Միքայելյանը նախապես տեղեկացրել է ԿԿՀ-ին և հրապարակել շահերի բախման վերաբերյալ հայտարարություն։

Հրազդանում ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է Վարդան Գևորգյանը։ Նա ընդգրկված է եղել նաև կուսակցության 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակում։

Գառնի համայնք

Գառնիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Գառնին 9234 ընտրող ունի։

Տիգրան Պողոսյանը համայնքի գործող ղեկավարն է և ՔՊ-ի թեկնածուն։ Համայնքը ղեկավարում է 2018-ից։ 

2024 թվականի դեկտեմբերի 5-ին հայտնի էր դարձել, որ Գողթ գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքների հետևանքով դեգրադացվել է 5811 քմ գյուղատնտեսական նշանակության հողի բերրի շերտ։ Տեսչական մարմնի հաղորդման համաձայն՝ Տիգրան Պողոսյանի նկատմամբ նշանակվել է․

  • 50 հազար դրամ տուգանք,
  • 224 հազար 537 դրամ շրջակա միջավայրին պատճառված վնասի փոխհատուցում։

Ծաղկաձոր համայնք

Ծաղկաձոր համայնքում նույնպես 2 կուսակցություն է մասնակցում ընտրապայքարին․ ՔՊ-ն և ՀՅԴ-ն։ Ծաղկաձոր համայնքն ունի 4736 ընտրող։

ՔՊ-ի թեկնածուն Ծաղկաձորի գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանն է։ Նրա պաշտոնավարման ընթացքում «Հետք»-ը ուսումնասիրել է համայնքային հողերի ուղղակի վաճառքները՝ արձանագրելով, որ 2023-ից ավագանին համայնքապետի առաջարկով նման 16 որոշում է ընդունել։ 

Հրապարակումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն 2026-ին քրեական վարույթ է նախաձեռնել Հարությունյանի կողմից պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման փաստով՝ Նարեկ Կեսոյանին 2,000 քմ համայնքային հող ուղղակի վաճառքով օտարելու դեպքի առնչությամբ։ Կոմիտեի տվյալներով՝ գործարքի հետևանքով համայնքային բյուջեն առնվազն 1.6 մլն դրամ հնարավոր եկամուտ է կորցրել։

Բացի այդ, «Հետք»-ը 2024 թվականին ուսումնասիրել է Ծաղկաձորում «Սատուրնավան» ՍՊԸ-ի կողմից մոտ 3,9 հա հողատարածքի ձեռքբերումը։ Ընկերությունը կապվում է ՔՊ-ական նախկին պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ։

  • Հողամասը վաճառվել է մոտ 1 մլն դոլարով։
  • Համայնքը վաճառքն իրականացրել է կադաստրային արժեքով, ոչ թե շուկայական գնահատված արժեքով։
  • 2024 թվականի փետրվարին Հարությունյանը տրամադրել է նախագծման թույլտվություն։
  • Նախատեսվել է մինչև 9 վերգետնյա հարկով 12 մասնաշենքից բաղկացած համալիր։

Հարությունյանը «Հետք»-ին պատասխանել է, որ վաճառքի գինը սահմանվել է Հողային օրենսգրքի համապատասխան դրույթների հիման վրա։ Լրատվամիջոցը, իր հերթին, հարց է բարձրացրել՝ ինչու համայնքը չի օգտագործել ավելի բարձր գնով վաճառելու հնարավորությունը։

ՀՅԴ-ի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։

***

Կոտայքի մյուս 3 համայնքներում՝ Նոր Հաճընում, Աբովյանում և Նաիրիում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին, թեկնածուների վերաբերյալ դեռևս տեղեկություն չկան։

Նոր Հաճնը դեռ 2009 թվականից ղեկավարում է Գագիկ Մաթևոսյանը։ 2009-ին նա քաղաքապետ է ընտրվել որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ Այժմ ԿԿՀ ներկայացրած նրա հայտարարագրում նշվում է, որ վերջինս Վերակազմյալ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության խորհրդի անդամ է։

2021 թվականի դեկտեմբերի 5-ի խոշորացված Նոր Հաճըն համայնքի ընտրություններին Մաթևոսյանը գլխավորել է իր անունը կրող դաշինքը, որը ձևավորվել էր Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններից։ Դաշինքը ստացել է 5,212 ձայն՝ 50.69%, իսկ ՔՊ-ն՝ 2,751 ձայն՝ 26.75%։

Աբովյան համայնքը 2021-ից ղեկավարում է Էդուարդ Բաբայանը, որ վերջին տվյալներով՝  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է։ 

Էդուարդ Բաբայանը երկար տարիներ կապված է եղել Գագիկ Ծառուկյանի հետ․ նա աշխատել է որպես Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավար, իսկ 2017-ից նաև եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի՝ Գագիկ Ծառուկյանի խորհրդական։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բաբայանը ԲՀԿ-ի ցուցակով ընտրվել է պատգամավոր։

Վերջին տարիներին Բաբայանը աշխատանքային և քաղաքական շփումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ, ավելին՝ քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ գոհ է կառավարության հետ համայնքապետի աշխատանքից։

Նշենք, որ ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտնել է, որ Աբովյանի համայնքապետի ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է։

Բացի այդ, ընտրություններին մասնակցության մասին է հայտնել նաև «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը»։ Ուժի ընտրական ցուցակը գլխավորելու է գործարար, Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանը։ 2015թ․-ին Հարությունյանը մասնակցել էր համայնքի ղեկավարի ընտրություններին, բայց չէր հաղթահարել անցողիկ շեմը։ 

Նա Գագիկ Ծառուկյանի սանիկն է և նախկինում եղել է նրա մերձավոր շրջապատից, սակայն հետագայում նրանց միջև սուր հակասություններ են ի հայտ եկել։

Նաիրի խոշորացված համայնքի գործող ղեկավարը Նորայր Սարգսյանն է, որ տեղական ինքնակառավարման համակարգում շատ երկար տարիների փորձ ունի։ Դեռ 2008 թվականին նա արդեն Եղվարդի գործող քաղաքապետ էր, իսկ 2012-ի ընտրություններին Եղվարդում առաջադրվել և ընտրվել է որպես ՀՀԿ թեկնածու՝ ստանալով 5,385 ձայն։

2021 թվականի դեկտեմբերի 5-ի խոշորացված Նաիրի համայնքի ընտրություններին Սարգսյանը գլխավորել է Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ցուցակը։

Կոտայքի մարզի մյուս համայնքներում ևս ԲՀԿ-ն իշխանություն ունի։

Բյուրեղավան համայնքը 2008-ից ղեկավարում է Հակոբ Բալասյանը, որ ԲՀԿ անդամ է։ 2022 թվականի սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններին նա գլխավորել է ԲՀԿ-ի և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ձևավորած «Միասնություն» դաշինքը։

Չարենցավանի գործող համայնքապետը 2007 թվականից Հակոբ Շահգալդյանն է։ 2007-ի հունվարին նա համայնքապետի ընտրություններին մասնակցել է որպես անկուսակցական և ընտրվել 7,185 ձայնով։ 2022 թվականի սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններին Շահգալդյանը գլխավորել է «Միասնական համայնք» դաշինքը և հաղթել ՔՊ-ին։

Ակունք համայնքի ղեկավարը Հունան Ռուբենյանն է, որ ՏԻՄ-երում ամենաերկար պաշտոնավարող ղեկավարներից է։ Նա Ակունքը ղեկավարում է արդեն 30 տարի, այսինքն՝ մոտ 1996 թվականից․ մինչև 2017-ը եղել է Ակունք գյուղի ղեկավար, իսկ համայնքների խոշորացումից հետո՝ Ակունք խոշորացված համայնքի ղեկավար։ 

Սկզբում ընտրվել է որպես անկուսակցական, 2008 և 2012 թվականների ընտրություններին եղել է ԲՀԿ անդամ, 2016-ին ներկայացել է որպես անկուսակցական, բայց առաջադրվել ՀՀԿ-ի կողմից, իսկ 2022-ի ընտրություններին արդեն գլխավորել է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը։ 2025-ին ՔՊ վարչությունը նրան նաև հաստատել է կուսակցության Ակունքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։

Արզնի համայնքի ղեկավարը 2023 թվականի հոկտեմբերից Ֆելիքս Միրզոևն է։ Այդ տարվա ընտրություններին նա ինքնառաջադրմամբ էր հանդես գալիս, այսինքն՝ ՔՊ-ի թեկնածուն չէր։ ԿԿՀ ներկայացրած հայտարարագրից երևում է, որ ընտրվելուց հետո նա դարձել է իշխող կուսակցության անդամ։ 

Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին Ջրվեժում մասնակցել է միայն ՔՊ-ն։ 

Եվգենյա Համբարձումյան