Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
Քաղաքականություն
25.11.2026 | 13:24
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ Բաքվում հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունները երկար տարիներ հաջողությամբ զարգանում են։ Նա ընդգծել է էներգետիկ անվտանգության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման բարենպաստ հնարավորությունների առկայությունը՝ նախարարի այցը գնահատելով որպես այդ ուղղությամբ կարևոր քայլ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լիտվացի նախարարը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ։
Ալիևը, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ֆոնին զարգանում են տնտեսական և առևտրային կապերը, ստեղծվել են հնարավորություններ՝ երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ բեռները Ադրբեջանի տարածքով տարանցելու համար։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։
Անդրադառնալով Արցախում իրականացվող աշխատանքներին՝ նշվել է, որ ինչպես Առաջին Ղարաբաղյան պատերազմի, այնպես էլ 2020-2023 թվականների ընթացքում տեղադրված ականները խոչընդոտում են այդ աշխատանքներին և լուրջ սպառնալիք ստեղծում մարդկանց կյանքի համար։
Կեստուտիս Բուդրիսը հայտնել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից Լիտվան նախագահելու է Եվրոպական միության խորհրդում։ Նա ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացմանը։ Նախարարը նաև նշել է, որ Լիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի հետ կապերի ընդլայնմանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և վերականգնվող էներգիայի աղբյուրների ուղղությամբ Ադրբեջանի ու Լիտվայի համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

