Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
Հասարակություն
20.10.2026 | 18:40
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և որդու՝ Սեդրակ Քոչարյանի՝ կես ժամ տարբերությամբ նշանակված կալանքի երկարաձգման մասին միջնորդությունների քննությունները հետաձգվեցին։ Այս մասին FactorTV-ի հետ զրույցում հայտնեցին Դատական դեպարտամենտից` պատճառաբանելով, թե Հակակոռուպցիոն դատարանի երկու դատավորներն էլ այլ նիստերով ծանրաբեռնվածություն են ունեցել, ուստի չեն հասցրել քննել հանրային մեղադրողի կողմից ներկայացված միջնորդությունները։
Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը քննելու էր դատավոր Վարդգես Ստեփանյանը, Սեդրակ Քոչարյանինը՝ Արամ Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու հոդվածների հատկանիշներով: Սեդրակ Քոչարյանն էլ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար: Հայր և որդի Քոչարյանները նույն օրը ձերբակալվել և երկու ամսով կալանավորվել էին։ Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, այն որակելով՝ «շինծու»։
Ռոզա Վարդանյան

