Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.10.2026 | 13:25ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հնարավոր փոխանակմանը, խաղաղության գործընթացին, ինչպես նաև ռուսական կողմի հետ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման շուրջ քննարկումներին։
Վարչապետի խոսքով՝ անկլավների և էքսկլավների լուծման տարբերակներից մեկն այն է, որ սահմանի երկու կողմերում անկլավներ չլինեն։ Factor.am-ի հարցին ի պատասխան նա ընդգծեց, որ այդպիսի լուծման ըմբռնումը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ավելի է առարկայանում, քանի որ հակառակ սցենարը բազմաթիվ բարդություններ է առաջացնելու բնակիչների տեղաշարժի և սահմանային ռեժիմների տեսանկյունից։
«Նախ պետք է տեղի ունենա սահմանազատում, ճշգրիտ տարածքների տեղորոշում․ օրինակ՝ պետք է իմանանք Արծվաշենի տարածքն ինչքան է, որտեղով ինչ ֆիզիկական տարածք է իրենից ներկայացնում, որպեսզի քաղաքական ու իրավական առումով ճիշտ լուծում տանք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ նպատակը խաղաղության ինստիտուցիոնալացումն է մինչև 2031 թվականը։
Անդրադառնալով ռուսական երկաթուղիների ղեկավարի հետ հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանդիպումը տեղի է ունեցել իր հրավերով։ Հայկական կողմի վերլուծությունները ցույց են տալիս, որ երկաթուղին մրցունակ դարձնելու համար ռացիոնալ է կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրների պատվիրակելը։
Սակայն, քանի որ ռուս գործընկերները պնդեցին, որ ունեն լուծումներ և պատժամիջոցները դրան չեն խանգարում, պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կներկայացնի երկաթուղու մրցունակության բարձրացման ծրագիրը։
Վարչապետը առանձնացրեց երկաթուղային ոլորտի ռազմավարական առաջնահերթությունները․
-Իջևան-Հրազդան երկաթուղու վերականգնումը,
-Ախուրիկում սռնանիվների փոխակերպման (լայնությունից եվրոպական ստանդարտի անցման) դեպոյի/կետի կառուցումը,
-Լերմոնտովո-Ֆիոլետովո հատվածում Իջևան-Հրազդան ճյուղի միացումը Վանաձոր-Գյումրի երկաթգծին։
«Մենք հասկանում ենք, որ շատ բարդ խնդիր է ներդրումային, տեխնիկական և կազմակերպչական առումով, բայց մեր բարեկամների հետ հարաբերություններում լինելու ենք մաքսիմալ բարեկամական, և հարցերը պետք է լուծվեն»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

