ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
Տնտեսություն
14.10.2026 | 15:37
Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ընկերության պետականացման գործընթացի հաջորդ փուլում Կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։ Նրա խոսքով՝ որոշման ընդունումը նախատեսվում է առաջիկա օրերին։ Պետրոսյանն այս մասին հայտնել է Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող ՀԷՑ-ի ստորաբաժանումներ կատարած այցից հետո, որի ընթացքում ներկայացրել է նաև «Մուսալեռ» մասնաճյուղի նոր ղեկավար Արթուր Սարդարյանին։
Ռոմանոս Պետրոսյանի գրառումը՝ ստորև․
«Աշխատանքային խորհրդակցության ընթացքում աշխատակազմին եմ ներկայացրել «Մուսալեռ» մասնաճյուղի նոր ղեկավար Արթուր Սարդարյանին։ Քննարկվել են իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նախանշվել են առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները։
Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման շրջանում Արմավիրի մարզում կատարվել են բաշխման ցանցի արդիականացման և հուսալիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։
Մասնավորապես, փոխարինվել են՝
🔹841 երկաթբետոնե հենասյուներ,
🔹39 ուժային տրանսֆորմատորներ,
🔹101 կմ օդային գծեր,
🔹2.7 կմ մալուխային գծեր,
🔹ավելի քան 17.000 էլեկտրոնային հաշվիչներ։
Քաղաքացիների խնդիրներին ականջալուր լինելը, դրանց օպերատիվ արձագանքելը և մատուցվող ծառայությունների որակը բարելավելը մեր առաջնահերթություններից են։
Անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ հաջորդ հանգրվանը կլինի ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը, որը նախատեսվում է առաջիկա օրերին»։

