Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
Հասարակություն
14.10.2026 | 14:16
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, ավտոմեքենա, երեք ընկերություններում մասնակցություն, բանկային ավանդներ և շուրջ 235 մլն դրամ։ Դատախազության հաղորդմամբ՝ գումարից 192 մլն դրամի օրինական ծագումը չի հիմնավորվում, իսկ շուրջ 43 մլն դրամը ներկայացվում է որպես ապօրինի եկամտի մնացորդ։ Հակակոռուպցիոն դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
· 3 անշարժ գույք.
· 1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ.
· 1 տրանսպորտային միջոց.
· 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.
· բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները.
· 43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
· 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»։

