Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Քաղաքականություն
01.10.2026 | 20:25
Ադրբեջանի իշխանությունները թույլատրել են տնտեսագետ Գուբադ Իբադօղլուին մեկնել արտերկիր։ Նա ձերբակալվել էր 2023 թվականի հունիսին։ Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովային, հայտնել են, որ Իբադօղլուին թույլատրվել է մեկնել Գերմանիա՝ բուժման նպատակով։ Գիտնականին առաջադրված մեղադրանքները, որը նախկինում հայտնի էր որպես Իլհամ Ալիևի ռեժիմի քննադատ և կոռուպցիայի դեմ պայքարող գործիչ, դեռևս չեն հանվել։
«Գուբադ Իբադօղլուն պարտավորվել է չխուսափել քննությունից։ Նա արդեն մեկնել է Գերմանիա՝ շտապ վիրահատության ենթարկվելու համար։ Քրեական գործի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, քննությունը շարունակվում է։ Հույս ունենք, որ մոտ ապագայում այն կդադարեցվի»,- ասել է փաստաբանը։
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրության բաժնի ղեկավար, ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ Արիֆ Յունուսովը The Insider-ին պատմել է, որ Իբադօղլուին ազատ են արձակել ԱՄՆ-ի և Գերմանիայի մասնակցությամբ, սակայն Ադրբեջանում որպես պատանդ մնում է նրա եղբայրը, որը վերջերս դատապարտվել է դատարանի կողմից։
«Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ [երբ Ադրբեջանում քաղբանտարկյալներ են ազատ արձակվում]։ Ես և կինս ձերբակալվել էինք 2014 թվականին, երբ նավթի գները բարձր էին։ Այդ ժամանակ նա (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը) վիճում էր Արևմուտքի հետ և իրեն կոշտ քաղաքական գործչի տեղ էր դնում։ 2015 թվականին նավթի գներն ընկան, ԱՄՆ-ն անհրաժեշտ դարձավ, ճնշումն ուժեղացավ, և մեզ կնոջս հետ ազատ արձակեցին, իսկ հետո՝ նաև քաղբանտարկյալների մեկ այլ մեծ խմբի»,- նշել է նա։
Ըստ նրա՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ժողովրդավարության համար պայքարողների վիճակը վատացել է, քանի որ նրա վարչակազմը չէր հետաքրքրվում ժողովրդավարության հարցերով։ ԱՄՆ դեսպանատներին հանձնարարվել էր չմիջամտել այլ երկրների ներքին գործերին և չբարձրաձայնել քաղբանտարկյալների հարցը, եթե դա չի առնչվում ԱՄՆ շահերին։ Իլհամ Ալիևն անմիջապես օգտվել է դրանից, և սկսվել են նոր ձերբակալությունները։ Անցյալ տարի ձերբակալվել էր նաև Ադրբեջանի միակ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին։
Մայիսի 15-ի դրությամբ՝ Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա, իսկ ընդհանուր թիվը, Յունուսովի գնահատմամբ, հասնում է 400–450-ի։ Նա նշել է, որ հուլիսից իրավիճակը փոխվել է, ԱՄՆ Սենատում քննարկվել է Ադրբեջանում տիրող իրավիճակը, իրենցից խնդրել են քաղբանտարկյալների ցուցակ՝ նրանց այցելելու համար։ Քննարկվում էր նաև Ադրբեջան Սենատի հանձնաժողով ուղարկելու հարցը, իսկ ցուցակի առաջին տեղում Գուբադ Իբադօղլուն էր։ Հանրապետականների դեմ լինելու պատճառով հարցը հետաձգվել է մինչև աշուն։ Ադրբեջանական իշխանությունները, տեղյակ լինելով այդ գործընթացից, որոշել են գործել Լուկաշենկոյի օրինակով և ներգրավել Գերմանիային։ Արդյունքում Իբադօղլուն ազատ է արձակվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

