Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.10.2026 | 20:19Սկեսուրը պարբերաբար նվաստացրել է հարսին, ինչի հետևանքով վերջինը վերջ է տվել կյանքին՝ կախվելով տանը կից անասնագոմում։ 2024 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ինքնասպանության այս դեպքի նախաքննությունն ավարտվել է օրեր առաջ․ սկեսուրին մեղադրանք է առաջադրվել ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով, որը պատժվում է 1-ից մինչև 4 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Սա ընդամենը մեկն է Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված բազմաթիվ քրեական վարույթներից։ Միայն այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ քննվել է 1794 քրեական վարույթ։
«Քրեական վարույթների քանակի աճը պայմանավորված է քաղաքացիների մոտ իրավապահ համակարգի նկատմամբ ունեցած վստահության աճով: Մասնավորապես, անձինք այլևս չեն լռում ընտանեկան բռնությունների, կենցաղային բռնությունների, չեն առհասարակ՝ հանցագործությունների մասին, ներկայացնում են համապատասխան հաղորդումներ, ինչի հիման վրա էլ նախաձեռնվում են քրեական վարույթներ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ Արգիշտի Թորոսյանը։
Ամիսներ առաջ Ընտանեկան բռնության դեպքերի վրա ուշադրություն հրավիրելու արշավ սկսեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում շաբաթը մի քանի անգամ իրազեկման տեսանյութեր է տեղադրում, որտեղ խոսում են նաև հենց բռնության ենթարկված կանայք։
ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանն արշավի շրջանակում մշակել են օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ընտանեկան բռնությունը դիտարկել որպես առանձին հանցագործություն։
«Մեր ընտանիքի պաշտպանության մասին է, որովհետև ընտանեկան բռնությունն առնչվում է ընտանիքի բոլոր անդամներին։ Մեծ մասամբ տուժում են կանայք, իհարկե, կանանց հետ նաև երեխաներ, նաև տղամարդիկ, մի խոսքով՝ ամբողջ ընտանիքին է վերաբերում։ Հետևաբար սա, հակառակը, ընտանիքի պահպանության, ընտանիքի ամրապնդման մասին է, որովհետև բռնությունը մեր ընտանիքի մաս չի կազմում և չի կարող կազմել»,- ասում է Բաթոյանը։
Փաթեթով առաջարկվող փոփոխությունների առաջին ուղղությունը վերաբերում է ընտանեկան և կենցաղային բռնությունից պաշտպանության, ինչպես նաև քրեական վարույթի շրջանակում տուժողի պաշտպանության ուժեղացմանը։
«Այսօր պետությունը գրեթե ամբողջ բեռը թողնում է բռնության զոհի վրա, որ ներկայացնի հաղորդում, հետագայում՝ ընթացքավորվի, նախագծով առաջարկում են այս դեպքում չկապել գործընթացը տուժողի բողոքի կամ հաղորդման հետ և բոլոր դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի առարկա, այսինքն՝ բոլոր դեպքերում պետությունն արձագանքելու է, սկսվելու է քրեական վարույթ, և պատշաճ կերպով գնալու ենք հետագա ընթացքով»,- Կառավարությունում նախագծի քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նախագիծը հավանության արժանացավ Աննա Հակոբյանի ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարությունում, իսկ այսօր այն պետք է քննարկվեր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, սակայն դրա քննարկումը 2 ամսով հետաձգվեց։
«Հետաձգվեց, որովհետև մենք բազմաթիվ առաջարկներ ենք ստացել տարբեր ոլորտներից՝ թե՛ Կառավարությունից, թե՛ Ազգային ժողովի պատգամավորներից ենք ստացել առաջարկներ, և թե՛ հասարակական կազմակերպություններից, ինքներս էլ ունենք առաջարկներ։ Այսինքն՝ հեղինակները ևս որոշակի փոփոխություններ նույնիսկ այս փուլում ունեն»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Բաթոյանը։
Եվ մինչ օրենսդրական դաշտի խստացման մասին նախագծի քննարկումը՝ Քննչական կոմիտեի նախագահն իր հերթին խիստ հրահանգ է իջեցրել այս գործերի մասով։
«Քննչական կոմիտեի նախագահի 2026 թվականի սեպտեմբերի 23-ի հրամանի համաձայն՝ սահմանվել է առավել խիստ վերահսկողություն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական վարույթներով և սահմանվել են սեղմ ժամկետներ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար վերը նշված քրեական վարույթների նախաքննությունը իրականացնելու և ըստ էության ավարտելու համար»,- մանրամասնեց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ Արգիշտի Թորոսյանը։
Ինչո՞ւ է ընտանեկան բռնության դեպքերով քրեական վարույթների թիվն ավելացել, դեպքե՞րն են շատացել, թե՞ դիմելիությունն է բարձրացել․ կարծիքները տարբեր են, սակայն փաստն այն է, որ հանրության մեծ մասը շարունակում է այս դեպքերով կարծրատիպերով առաջնորդվել՝ «եթե ծեծում ա, ուրեմն՝ սիրում ա»։ Իսկ զուգահեռ իրականությունում Հայաստանում այսօր նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի օր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

