Խոստումները կուտակվում են, ջուրը՝ ոչ․ ինչու ջրամբարները չեն կառուցվում
Հինգ տարի շարունակ խոստացված ջրամբարներ, ընդամենը մեկ ավարտված շինարարություն․ մինչ ջրամբարների ծրագրերը ընտրությունից ընտրություն տեղափոխվում են թղթի վրա, Հայաստանի ջրային ռեսուրսների մի մասը շարունակում է հոսել աննպատակ։
2021-ին Կառավարությունն իր հնգամյա միջոցառումների ծրագրում ներառեց 15 փոքր և միջին ջրամբարի նախագծում և կառուցում։ 2023-ին ցանկը համալրվեց ևս երեքով՝ ջրամբարների թիվը հասավ 18-ի։ Սակայն 2021-2026 թթ. ծրագրային շրջանի ավարտին սկզբնական 15-ից որևէ մեկը դեռ կառուցված չէ․
- 5-ի նախագծային աշխատանքներն են ավարտվել,
- 1-ի դեպքում՝ Արգիճիի նախագծումը ժամանակավորապես դադարեցված է,
- 9-ի դեպքում պետությունը դեռ իրագործելիությունն է ուսումնասիրում։
Կապսի ջրամբարի շինարարությունն էլ դադարեցված է կապալառուի կողմից պարտավորությունները չկատարելու հետևանքով։
Նոր՝ 2026-2031 թթ. ծրագրում Կառավարությունն արդեն խոստանում է ոչ թե 15 կամ 18, այլ 10 ջրամբարի կառուցման մեկնարկ՝ դրանք մինչև 2033 թվականն ավարտելու նպատակադրմամբ։
Factor.am-ը ուսումնասիրել է՝ ինչ է տեղի ունեցել նախորդ ծրագրով խոստացված ջրամբարների հետ, որոնք են ներառվել նոր ծրագրում և ինչու դրանց մեծ մասի շինարարությունը մինչ այժմ չի մեկնարկել։
Ինը ջրամբար՝ առանց բավարար ելակետային տվյալների
Կառավարության 2021-2026 թթ. միջոցառումների ծրագրով նախատեսված էր 15 փոքր և միջին ջրամբարի նախագծում և կառուցում։ 2023-ին ծրագիրն ընդլայնվել է՝ ներառելով ևս երեք ջրամբար։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՏԿԵՆ Ջրային կոմիտեն։
Սակայն սկզբնական տասնհինգից իննի դեպքում, նախարարության փոխանցմամբ, ի սկզբանե բավարար ելակետային տվյալներ չեն եղել։ Դրանք են Խնձորուտի, Վերնաշենի, Խաչիկի, Գետիկ վանքի, Զիրակի, Սելավ-Մաստարայի, Հախում-2-ի, Կողբի և Խնձորեսկի խոստացված ջրամբարները։ Ներկայում քննարկվում է դրանց իրագործելիության ուսումնասիրությունների իրականացման հարցը։
Հատկանշական է, որ Կառավարության ծրագրում այդ ջրամբարների համար արդեն իսկ ամրագրված էին բավական կոնկրետ բնութագրեր՝ ջրամբարների նախատեսվող ծավալներ, ոռոգվող հողատարածքների մակերեսներ, որոշ դեպքերում՝ նաև էլեկտրաէներգիայի ակնկալվող խնայողություն։ Օրինակ․
- Խնձորուտի ջրամբարը նախատեսվում էր 9 մլն մ³ ծավալով՝ ևս մոտ 1500 հա հող ոռոգելու համար,
- Վերնաշենինը՝ 3.5 մլն մ³՝ մոտ 800 հա-ի համար,
- Հախում-2-ի կառուցմամբ նախատեսվում էր շուրջ 920 հա հողատարածքի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով։
Այսինքն՝ ծրագրում առկա էին ապագա ջրամբարների կոնկրետ ցուցանիշներ, մինչդեռ հետագայում նախարարությունը հայտնել է, որ դրանց իրագործելիությունը գնահատելու համար բավարար ելակետային տվյալներ չեն եղել։

Դեռ 2025 թվականի դեկտեմբերին Factor.am-ի մեկ այլ գրավոր հարցմանն ի պատասխան ՏԿԵՆ-ը նույն իրավիճակն էր նկարագրել այս ինը ջրամբարների վերաբերյալ։ Ջրային կոմիտեի թարմ պատասխանից պարզ է դառնում, որ այժմ ևս շարունակվում են «առավել իրագործելի տարբերակների» ուսումնասիրությունները։
Արգիճիի ջրամբարի նախագծումը կանգ է առել ՀԷԿ-ի ջրավազանի պատճառով
15 ջրամբարի նախագծման և կառուցման ցանկում էր նաև Արգիճիի ջրամբարը, սակայն դրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Դեռ 2025-ին ՏԿԵ նախարարությունը Factor.am-ին հայտնել էր, որ պատճառը ջրամբարի նախապես ընտրված տեղամասում «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող ՀԷԿ-ի օրվա կարգավորման ջրավազանի առկայությունն է։ Դրա պատճառով հնարավոր չի եղել նախատեսվող տարածքում իրականացնել անհրաժեշտ հետազոտությունները։
Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով Արգիճիի ջրամբարի ծավալը նախատեսված էր 6.5 մլն մ³։ Այն պետք է Մարտունու տարածաշրջանում ներկայում մեխանիկական եղանակով ոռոգվող 268 հա հողատարածքը տեղափոխեր ինքնահոս ոռոգման՝ տարեկան խնայելով շուրջ 1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ջրամբարի կառուցմամբ նախատեսվում էր ոռոգելի տարածքներն ավելացնել ևս շուրջ 3122 հա-ով։
Այսպիսով, նախագծման ընթացքում պարզվել է, որ նախապես ընտրված տեղամասում արդեն առկա է մեկ այլ ջրային ենթակառուցվածք, և Արգիճիի նախագիծը մինչ այժմ նույն տեղում է։
Հինգ ջրամբար հասել է նախագծային փուլ
15 ջրամբարներից միայն հինգը՝ Քասախի, Ելփինի, Լիճքի, Աստղաձորի և Արթիկի ջրամբարները՝ որպես խոստում, նորից տեղ են գտել Կառավարության ծրագրում։
Ջրային կոմիտեն Factor.am-ին հայտնել է, որ դրանց նախագծային աշխատանքներն ավարտվել են, իսկ հանրային ներդրումային ծրագրերի նախնական գնահատված փաթեթները հաստատվել են Հանրային ներդրումային կոմիտեի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի նիստում։
Քասախի և Ելփինի նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն անցել են բոլոր փորձաքննական փուլերը, իսկ Լիճքի, Աստղաձորի և Արթիկի փաթեթները գտնվում են համալիր փորձաքննության փուլում։ Կոմիտեն ակնկալում է, որ որոշ ջրամբարների շինարարության նախաորակավորման մրցույթները կհայտարարվեն մինչև 2026-ի ավարտը։
2025 թվականի աշնանը՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ 2026-ին պետք է մեկնարկեն հենց այս հինգ ջրամբարների շինարարական աշխատանքները։
Արդեն 2026-ի ապրիլին Խուդաթյանը կրկին հայտարարում էր, որ նախագծերը պատրաստ են, և առաջիկայում պետք է սկսվի մրցութային գործընթացը։
Սակայն Ջրային կոմիտեի վերջին գրավոր պատասխանում խոսքն առայժմ ոչ թե շինարարության մեկնարկի, այլ մինչև տարեվերջ նախաորակավորման մրցույթների հնարավոր հայտարարության մասին է։
Այսպիսով՝ հինգ ջրամբարներից որևէ մեկի շինարարության փաստացի մեկնարկի մասին կոմիտեն Factor.am-ին չի հայտնել։
2023-ին ավելացվեց ևս երեք ջրամբար
2023-ին 15 ջրամբարների խոստումը համալրվեց ևս երեքով՝ Գառնահովիտի, Կարմիր գյուղի և Գետիկի ջրամբարներով։ Այդպիսով ծրագրում դիտարկվող փոքր և միջին ջրամբարների թիվը հասավ 18-ի։ Այս երեք ջրամբարների դեպքում ևս շինարարական աշխատանքները չեն մեկնարկել։
Կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի հաշվետվության համաձայն՝ Գետիկի, Գառնահովիտի և Կարմիր գյուղի ջրամբարների համար մեկնարկել էր իրագործելիության ուսումնասիրության խորհրդատվական ծառայության ձեռքբերման մրցույթը։ Նախարարությունից հայտնեցին որ այս փուլում ուսումնասիրվում է դրանց իրագործելիությունը։
Այս երեք ջրամբարների կառուցումը ներառվել է նաև Կառավարության նոր՝ 2026-2031 թթ․ ծրագրում։
Ավելի համեստ խոստում՝ 15-ի փոխարեն 10 ջրամբար
2021-2026 թթ. ծրագրում Կառավարությունը խոսում էր սկզբում 15, իսկ 2023-ի ընդլայնումից հետո՝ 18 փոքր և միջին ջրամբարի նախագծման և կառուցման մասին։
Նոր՝ 2026–2031 թթ. Կառավարության ծրագրում արդեն սահմանված է մեկ այլ թիրախ՝ 10 ջրամբարի կառուցման մեկնարկ՝ դրանք մինչև 2033 թվականն ավարտելու նպատակով։ Միաժամանակ, նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 350 կմ ջրանցք ու խողովակաշար և ոռոգում ապահովել ևս 10 հազար հեկտար հողի համար։

Սակայն երկու ծրագրերի միջև կա էական տարբերություն․ Կառավարության արդեն ընդունված 2026-2031 թթ. ծրագրում 10 ջրամբարների անունների և այդ ջրամբարների կառուցման արդյունքում ակնկալվող վերջնարդյուքների, կամ արդեն արված աշխատանքների մասին տեղեկություններ չի պարունակում։
Ջրային կոմիտեն Factor.am-ի հարցմանն ի պատասխան առանձին ներկայացրել է նոր ծրագրով նախատեսված տասը ջրամբարների անվանումները։
Նոր ծրագրում ընդգրկված տասը ջրամբարներից ինը նախկին ծրագրերով արդեն նախատեսված նախագծեր են։ Միակ նոր նախագիծը Սելավ-Մաստարա N 4 ջրամբարն է, որը, ինչպես Factor.am-ին պարզաբանել են նախարարությունից, չպետք է նույնացնել նախորդ ծրագրի 15 փոքր և միջին ջրամբարների ցանկում ներառված Սելավ-Մաստարայի ջրամբարի հետ։ Այս նոր՝ Սելավ-Մաստարա N4 ջրամբարը ևս գտնվում է Արմավիրի մարզում, Սելավ-Մաստարա ջրամբարին մոտ։

Դրանցից հինգը Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված 15 փոքր և միջին ջրամբարների ցանկից են՝ Քասախի, Ելփինի, Լիճքի, Աստղաձորի և Արթիկի ջրամբարները։ Եվս երեքը՝ Գետիկի, Գառնահովիտի և Կարմիր գյուղի ջրամբարները, ծրագրում ներառվել էին 2023 թվականին։ Նոր ծրագրով նախատեսված տասը ջրամբարների ցանկում ընդգրկված են նաև Կապսի և Սելավ-Մաստարա N 4 ջրամբարները։
Կապսի ջրամբարը
15 փոքր ու միջին նախագծերից զատ՝ 2021–2026 թթ․ ծրագրով Կապսի ջրամբարը Վեդիի հետ միասին ներառված էր խոշոր ծրագրերի առանձին բաժնում։ Կառավարության նոր՝ 2026-2031 թթ․ ծրագրում, սակայն, Կապսի նախագիծն այլևս առանձնացված չէ և ներկայացված է նախատեսվող 10 ջրամբարների ընդհանուր շարքում։
Կապսի ջրամբարի շինարարությունը մեկնարկել էր 2023 թվականին։ 2023-ի ապրիլին չինական «Shanxi Construction Investment Group» և «Shanxi Hydraulic Construction Engineering Bureau Group» ընկերությունների հետ կնքվել էր 74.2 մլն եվրոյի պայմանագիր՝ 34 ամսվա ժամկետով։ Այսինքն՝ շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2026-ի գարնանը։ Բայց նախատեսված ժամկետում նախագիծը չի ավարտվել։
2025 թվականի դեկտեմբերի 11-ին կապալառուին տրվել է պայմանագիրը դադարեցնելու մասին ծանուցում, իսկ 2026 թվականի փետրվարի 2-ից պայմանագիրը լուծվել է՝ աշխատանքների դանդաղ տեմպի և պայմանագրային պարտավորությունների խախտումների պատճառով։
2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Կապսի շինարարության շարունակման համար նախատեսված էր 7.7 մլրդ դրամ։
Այս տարվա հուլիսին Կառավարության նիստի ժամանակ ներկայացվել է, որ 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները կօգտագործվեն միայն փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար, իսկ ազատված 654,8 միլիոն դրամը հնարավոր կլինի վերաբաշխել։
Դեռ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը Factor.TV-ի հարցին պատասխանելիս ընդունել էր, որ Կապսի ջրամբարի վերաբերյալ իր խոստումը սահմանված ժամկետում չի կատարվել՝ պատճառը կապելով կապալառուի պարտավորությունների չկատարման հետ։ Միաժամանակ նա հայտարարել էր, որ Կապսի ջրամբարը կառուցվելու է, սակայն նոր վերջնաժամկետ չէր նշել։
2026-ի հուլիսին Հանրային ներդրումային կոմիտեն արդեն քննարկել է Կապսի ծրագրի «վերափոխման և ընդլայնման» տարբերակներն ու հավանություն տվել այն ավարտին հասցնելու առաջարկին։
Վեդու ջրամբարը
2021–2026 թթ. ծրագրով Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառույցների շինարարությունը նախատեսվում էր ավարտել դեռ 2023-ին։ Փաստացի հիմնական շինարարությունն ավարտվել է 2025-ին, իսկ 2026-ին շարունակվել են ջրալցման, կառավարման համակարգերի կարգաբերման և փորձարկման աշխատանքները։ Հուլիսի վերջին 29.4 մլն մ³ տարողությամբ ջրամբարում կուտակված էր շուրջ 12.5 մլն մ³ ջուր։
Ամբողջական ջրալցումը նախատեսվում է ավարտել մինչև 2027-ի վերջ։
Այսպիսով, ջրամբարաշինությունը, որը տարիներ շարունակ ներկայացվում է որպես Կառավարության ռազմավարական առաջնահերթություն, փաստացի, գործնական փուլ չի հասնում։ 2021-ին խոստացված 15 ջրամբարներից և ոչ մեկի շինարարությունը 2026-ի դրությամբ մեկնարկած չէ, իսկ Կապսի շինարարական աշխատանքները դադարեցվել են կապալառուի հետ պայմանագրի լուծման պատճառով։
Մինչ օրս ավարտված են միայն Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները։
Նոր՝ 2026–2031 թթ․ ծրագրով թիրախային թիվը 18-ից իջեցվել է 10-ի, իսկ վերջնաժամկետները հետաձգվել են մինչև 2033 թվականը։
Ջրային կոմիտեից ընդգծել են, որ նոր ծրագրում չընդգրկված ջրամաբարներից իննի դեպքում քննարկվում է դրանց իրագործելիության ուսումնասիրությունների իրականացման հարցը։
Մարիա Խաչատրյան

