Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
Տնտեսություն
09.11.2026 | 14:15
Հայաստանի արտաքին առևտրի և վճարային հաշվեկշռի պակասուրդները վերջին օրերին դարձել են խորհրդարանական քննարկումների թեմա։
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ 2026 թվականին Հայաստանում արձանագրվել է պատմության մեջ ամենամեծ առևտրային պակասուրդը՝ ուշադրություն հրավիրելով արտահանման նվազման և ներմուծման աճի վրա։
Ավելի ուշ՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ընթացքում, Կարապետյանը և ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անդրադարձել են նաև պակասուրդի խորացման պատճառներին, դրա ֆինանսավորման աղբյուրներին և վճարային հաշվեկշռի վիճակին։
Factor.am-ն ուսումնասիրել է հնչեցված պնդումները՝ դրանք համադրելով պաշտոնական վիճակագրության հետ՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված Հայաստանի առևտրային պակասուրդի աճը, որքանով են հիմնավորված ներկայացված գնահատականները և ինչ են իրականում ցույց տալիս այդ ցուցանիշները։
Ինչո՞ւ է աճել Հայաստանի առևտրային պակասուրդը
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8%-ով, իսկ ներմուծումն աճել՝ 9.5%-ով։ Այս ցուցանիշները համապատասխանում են Նարեկ Կարապետյանի ներկայացրած թվերին։
Արդյունքում Հայաստանի ապրանքային առևտրի պակասուրդը կազմել է շուրջ 4.63 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.33 մլրդ դոլարի դիմաց։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում այն խորացել է շուրջ 1.3 մլրդ դոլարով կամ 39%-ով։
Առևտրային պակասուրդն առաջանում է այն դեպքում, երբ երկիր ներմուծվող ապրանքների արժեքը գերազանցում է արտահանվող ապրանքների արժեքը։ Հետևաբար, պակասուրդի խորացման պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն արտահանման նվազումը, այլև ներմուծման կառուցվածքն ու դրա փոփոխությունները։
2026 թվականի առաջին ինն ամիսներին Հայաստանի ընդհանուր ներմուծումն ավելացել է 847.6 մլն դոլարով։ Այդ աճը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ առանձին ապրանքախմբերի, այդ թվում՝ թանկարժեք քարերի և մետաղների ներմուծումը զգալիորեն նվազել է։
Վերաարտահանման նվազումը կարո՞ղ էր զուգակցվել ներմուծման աճով
2026 թվականի հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, արտահանման նվազումը բացատրել է հիմնականում ռուսական ոսկու վերաարտահանման ծավալների կրճատմամբ։
«Եթե ռուսական ոսկին գալիս է Հայաստանի Հանրապետություն, հետո գնում է, առևտրաշրջանառությունն ուռում է։ Այս տարի դա տեղի չի ունենում, պակասում է։ Դուք դա ներկայացնում եք ողբերգություն։ Ես ասում եմ՝ դա ոչ մի բացասական էֆեկտ մեր տնտեսության վրա չի ունեցել»,- արձագանքել է Պապոյանը։
Նարեկ Կարապետյանը կասկածի տակ է դրել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի բացատրությունը, ըստ որի՝ արտահանման նվազման պատճառներից մեկը վերաարտահանման կրճատումն է։
«Մեզ նշեց գերատեսչության ղեկավարը, որ դա նրանից է, որ վերաարտահանումն իջել է։ Եկեք դա էլ նայենք՝ ինչ է վերաարտահանումը։ Վերաարտահանումը գալիս է Հայաստան, հետո ներմուծվում և արտահանվում է։ Այսինքն՝ եթե վերաարտահանումն իջել է, ուրեմն ներմուծումն էլ պետք է իջնի։ Իսկ ինչպիսի՞ն է ներմուծման պատկերը։ 9.5% աճ »,- հայտարարել է Կարապետյանը։
Վերաարտահանման դեպքում ապրանքը ներմուծվում է երկիր, ապա կրկին արտահանվում՝ առանց էական վերամշակման։ Հետևաբար, երբ կրճատվում է որոշակի ապրանքի վերաարտահանումը, տրամաբանական է սպասել նաև դրա ներմուծման նվազում։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է կրճատվի երկրի ամբողջ ներմուծումը։
Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտահանման անկումը մեծապես պայմանավորված է եղել թանկարժեք քարերի և մետաղների, ինչպես նաև բուսական ծագման արտադրանքի արտահանման կրճատմամբ։
Մասնավորապես, թանկարժեք քարերի և մետաղների խմբի արտահանումը նվազել է շուրջ 902 մլն դոլարով, մինչդեռ Հայաստանի ընդհանուր արտահանումը կրճատվել է մոտ 452 մլն դոլարով։ Այս տարբերությունը ցույց է տալիս, որ թանկարժեք քարերի և մետաղների արտահանման կտրուկ նվազումը մեղմվել է այլ ապրանքախմբերում արձանագրված արտահանման աճով։
Վերջին տարիներին Հայաստանի միջոցով իրականացվող վերաարտահանման զգալի մասը կապված է եղել Ռուսաստանից ներմուծվող ոսկու հետ, որը հետագայում արտահանվել է հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ։ (Այս թեմայի վրա ուշադրություն հրավիրել ենք դեռևս 2024 թվականին, երբ ԱՄԷ հետ առևտուրը ներկայացվում էր որպես արտաքին առևտրի դիվերսիֆիկացիա)։
Վերաարտահանման կրճատման ազդեցությանն անդրադարձել է նաև Համաշխարհային բանկը։ 2026 թվականի մայիսին հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ մարտին արտահանման 12.6%-անոց անկումը հիմնականում պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, ինչպես նաև մեքենաների ու սարքավորումների արտահանման կրճատմամբ։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 2022 թվականից այդ ապրանքախմբերը վերաարտահանման հիմնական ուղղություններից են եղել։
Հատկանշական է, որ 2026 թվականի հունվար–սեպտեմբերին թանկարժեք քարերի և մետաղների ներմուծումը նույնպես կտրուկ նվազել է՝ շուրջ 995 մլն դոլարով կամ 65.6%-ով։
Այսինքն՝ հենց այն ապրանքախմբում, որի հետ կապված էր վերաարտահանման զգալի մասը, նվազել են և՛ արտահանումը, և՛ ներմուծումը։
Սակայն միաժամանակ մեծացել են այլ ապրանքների, մասնավորապես՝ մեքենաների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալները։ Դրանց աճը ոչ միայն փոխհատուցել է թանկարժեք քարերի և մետաղների ներմուծման կրճատումը, այլև հանգեցրել ընդհանուր ներմուծման 9.5%-անոց աճի։
Վերաարտահանման կրճատումը կարող է ուղեկցվել համապատասխան ապրանքների ներմուծման նվազմամբ։ Ներկայացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ թանկարժեք քարերի և մետաղների դեպքում նվազել են և՛ ներմուծումը, և՛ արտահանումը։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է նվազեր նաև Հայաստանի ընդհանուր ներմուծումը։ Այլ ապրանքախմբերի ներմուծման աճը գերազանցել է թանկարժեք քարերի և մետաղների ներմուծման կրճատումը, ինչի արդյունքում 2026 թվականի հունվար–սեպտեմբերին երկրի ընդհանուր ներմուծումն աճել է 9.5%-ով։ Հետևաբար, ընդհանուր ներմուծման աճը չի հակասում վերաարտահանման կրճատման վերաբերյալ բացատրությանը։
Արդյո՞ք 2026 թվականին գրանցվել է պատմության մեջ ամենամեծ առևտրային պակասուրդը
Նարեկ Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է նաև առևտրային պակասուրդի պատմական մեծությանը՝ այն ներկայացնելով ընտանիքի եկամուտների օրինակով։
«Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը դա այս տարի է։ Որպեսզի դուք հասկանաք, բերեմ մի օրինակ ընտանիքի վրա։ Պատկերացրեք՝ Հայաստանը մեծ ընտանիք է, անցած տարի 100 հազար դրամ է վաստակել ապրանք վաճառելով, այս տարի արդեն վաստակում է 92 հազար դրամ, այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով մոտ 8% արտահանումը ՀՀ-ից անկում է ապրել»,- հայտարարել է Կարապետյանը։
Պատգամավորի նշած արտահանման 8%-անոց նվազումը համապատասխանում է Վիճակագրական կոմիտեի տվյալներին և վերաբերում է 2026 թվականի առաջին ինն ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Factor.am-ն ուսումնասիրել է Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռի ցուցանիշները՝ սկսած 2008 թվականի հունվար–սեպտեմբերից։ Ցուցանիշները ցույց են տալիս, որ դոլարային արտահայտությամբ 2026 թվականի առաջին ինն ամիսների 4.63 մլրդ դոլարի պակասուրդն իսկապես ամենամեծն է դիտարկված տարիների համադրելի ժամանակահատվածների շարքում։
Կարևոր է նաև հաշվի առնել, որ Կարապետյանի հայտարարության պահին 2026 թվականը դեռ չի ավարտվել։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի ամբողջ տարվա առևտրային պակասուրդը կազմել էր շուրջ 4.64 մլրդ դոլար՝ մոտ 0.3%-ով ավելի, քան 2026 թվականի առաջին ինն ամիսների ցուցանիշը։
Թեև այս համեմատությունը վերաբերում է տարբեր տևողությամբ ժամանակահատվածների, այն ցույց է տալիս, որ 2026 թվականի ինն ամսվա ընթացքում պակասուրդն արդեն գրեթե հասել էր նախորդ ամբողջ տարվա մակարդակին։ Սակայն ամբողջ տարվա ռեկորդի մասին վերջնական եզրակացություն հնարավոր կլինի անել միայն տարեկան արդյունքների հրապարակումից հետո։
Առևտրային պակասուրդը՝ տնտեսության չափի համեմատ
Առևտրային պակասուրդի մեծությունը գնահատելու մեկ այլ տարբերակ է այն համեմատել երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հետ։
Այս ցուցանիշը թույլ է տալիս հասկանալ, թե ապրանքային առևտրի բացասական հաշվեկշիռն ինչ հարաբերակցություն ունի տվյալ տարվա տնտեսության ընդհանուր չափի նկատմամբ։
Քանի որ 2026 թվականի տարեկան ՀՆԱ-ի և առևտրային հաշվեկշռի վերջնական տվյալները դեռ հասանելի չեն, Factor.am-ը համադրել է նախորդ տարիների տարեկան ցուցանիշները։
Այսպես, 2008 թվականին Հայաստանի առևտրային պակասուրդը կազմել է շուրջ 3.37 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 28.8%-ը, իսկ 2009 թվականին՝ 2.61 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 30.2%-ը։
Համեմատության համար՝ 2025 թվականին առևտրային պակասուրդը կազմել է շուրջ 4.64 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 15.9%-ը։
Այսինքն՝ թեև 2025 թվականին առևտրային պակասուրդը դոլարային արտահայտությամբ ավելի մեծ էր, քան 2008–2009 թվականներին, տնտեսության չափի նկատմամբ դրա հարաբերակցությունը զգալիորեն փոքր էր։ Մասնավորապես, 2009 թվականին այդ հարաբերակցությունը գրեթե երկու անգամ գերազանցել էր 2025 թվականի մակարդակը։
Սա ցույց է տալիս, որ դոլարային արտահայտությամբ ամենամեծ պակասուրդի արձանագրումը դեռ չի նշանակում, որ այն նաև տնտեսության չափի նկատմամբ պատմականորեն ամենամեծն է։
Միաժամանակ, առևտրային պակասուրդի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն ինքնին չի ցույց տալիս տնտեսությանը հասցված վնասի չափը։
Ինչպե՞ս է փոխվել առևտուրը Հայաստանի հիմնական գործընկերների հետ
Առևտրային հաշվեկշռի ընդհանուր վատթարացումը չի նշանակում, որ Հայաստանի բոլոր հիմնական գործընկերների հետ առևտրում միևնույն միտումն է արձանագրվել։
Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականի հունվար–սեպտեմբերին Ռուսաստանի, Չինաստանի և Եվրամիության երկրների հետ առևտրի դինամիկան զգալիորեն տարբերվել է։
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 19.4%-ով։ Ընդ որում, արտահանումը կրճատվել է 11.3%-ով, իսկ ներմուծումը՝ 25.2%-ով։ Քանի որ ներմուծումն ավելի մեծ չափով է նվազել, Ռուսաստանի հետ առևտրային պակասուրդը 822 մլն դոլարից կրճատվել է մինչև 327 մլն դոլար։
Չինաստանի դեպքում աճել են և՛ արտահանումը, և՛ ներմուծումը։ Արտահանումն ավելացել է 82.8%-ով, ներմուծումը՝ 19.7%-ով։ Արտահանման ավելի արագ աճի արդյունքում Չինաստանի հետ առևտրային պակասուրդը 901 մլն դոլարից նվազել է մինչև 769 մլն դոլար։
Չինաստան արտահանման զգալի աճը պայմանավորված է հիմնականում հանքահումքի, մասնավորապես՝ պղնձի խտանյութի մատակարարումների ավելացմամբ։
Եվրամիության երկրների հետ առևտրում պատկերը հակառակն է։ Արտահանումն աճել է 51.2%-ով, իսկ ԵՄ ծագման ապրանքների ներմուծումը՝ 48.4%-ով։ Սակայն դոլարային արտահայտությամբ ներմուծման աճը գերազանցել է արտահանման աճին, ինչի հետևանքով ԵՄ երկրների հետ առևտրային պակասուրդը 850 մլն դոլարից հասել է 1.25 մլրդ դոլարի։
Եվրամիության երկրները զգալի դեր են ունեցել նաև Հայաստանի ընդհանուր ներմուծման աճում։ Եվրամիության երկրներից Հայաստան ներմուծումն աճել է 640.7 մլն դոլարով։ Սա կազմում է Հայաստանի ընդհանուր ներմուծման աճի շուրջ 75.6%-ը։
Արդյունքում ԵՄ ծագման ապրանքների մասնաբաժինը Հայաստանի ներմուծման կառուցվածքում նախորդ տարվա հունվար–սեպտեմբերի 14.8%-ից հասել է 20.1%-ի։
ԵՄ-ից Հայաստան ներմուծվող ապրանքների թվում են մեքենաներն ու սարքավորումները, դեղագործական արտադրանքը, տրանսպորտային միջոցներն ու վառելիքը։
Այսպիսով, դիտարկված ժամանակահատվածում Ռուսաստանի և Չինաստանի հետ Հայաստանի առևտրային պակասուրդը կրճատվել է, մինչդեռ Եվրամիության երկրների հետ՝ խորացել։ Սա ևս ցույց է տալիս, որ Հայաստանի ընդհանուր առևտրային պակասուրդի աճը պայմանավորված է առևտրային հոսքերի տարբեր ուղղություններով տեղի ունեցած փոփոխություններով։
Հայաստանն ունի՞ վճարային հաշվեկշռի պակասուրդ
Խորհրդարանական քննարկումների ընթացքում Նարեկ Կարապետյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը ոչ միայն ապրանքային առևտրի, այլև վճարային հաշվեկշռի պակասուրդ ունի։
Նրա խոսքով՝ 2026 թվականին այդ պակասուրդը կազմել է 1.5 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 1.3 մլրդ և 2024 թվականի 700 մլն դոլարի դիմաց։
Ի պատասխան՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ, իր կարծիքով, Հայաստանը վճարային հաշվեկշռի պակասուրդ չունի՝ միաժամանակ հարցի առավել հստակ պարզաբանման համար հղում անելով Կենտրոնական բանկի նախագահին։
Կենտրոնական բանկի պաշտոնական տվյալները հաստատում են Կարապետյանի ներկայացրած թվերը։ Մասնավորապես, 2026 թվականի առաջին կիսամյակում ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 1.52 մլրդ դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 1.33 մլրդ և 2024 թվականի շուրջ 705 մլն դոլարի դիմաց։
Սակայն ԿԲ տվյալները վերաբերում են վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվին, ոչ թե ամբողջ վճարային հաշվեկշռին։
Ընթացիկ հաշիվն արտացոլում է երկրի ապրանքների և ծառայությունների արտաքին առևտուրը, ինչպես նաև եկամուտներն ու ընթացիկ փոխանցումները։ Սակայն վճարային հաշվեկշիռը չի սահմանափակվում միայն դրանով․ այն ներառում է նաև կապիտալի և ֆինանսական հաշիվները, որտեղ արտացոլվում են արտաքին ներդրումները, վարկերը և այլ ֆինանսական գործառնությունները։
Այդ պատճառով ընթացիկ հաշվի պակասուրդն ինքնին դեռ չի նշանակում, որ ամբողջ վճարային հաշվեկշռի ընդհանուր մնացորդը բացասական է։
Հետևաբար, Կարապետյանի ներկայացրած թվերը ճիշտ են, սակայն դրանք ամբողջ վճարային հաշվեկշռի պակասուրդ անվանելը ճշգրիտ չէ։
Այսպիսով, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականին Հայաստանում աճել է ինչպես ապրանքների ներմուծման և արտահանման տարբերությունը, այնպես էլ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը։
Սակայն դրանց մեծության, առաջացման պատճառների և տնտեսական հետևանքների վերաբերյալ հնչեցված գնահատականները միշտ չէ, որ ամբողջությամբ արտացոլում են վիճակագրական պատկերը։
Մարիա Խաչատրյան

