Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
02.11.2026 | 15:05«Վճարային հաշվեկշռի հետ կապված մեր երկիրն ունի դեֆիցիտ, վճարային հաշվեկշռի ճեղքվածք, այսինքն՝ հայերեն ասած, ավելի շատ գումար երկրից գնում է, քան գալիս է արտահանման արդյունքով: Ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը», – հայտարարեց Կարապետյանը:
Ի պատասխան բարձրացված մտահոգությունների՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ վճարային հաշվեկշռի բացասական ցուցանիշները պայմանավորված են տնտեսական ակտիվության և ներդրումային ապրանքների ներմուծման ծավալների կտրուկ աճով:
- Միջանկյալ սպառման ապրանքներ. 2025 թվականի հունվար-օգոստոսին կազմել են 2 միլիարդ 557 միլիոն դոլար, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում հասել են 3 միլիարդ 32 միլիոն դոլարի (աճը՝ շուրջ 475 միլիոն դոլար):
- Կապիտալ ապրանքներ. Ներմուծման ծավալներն ավելացել են շուրջ 600 միլիոն դոլարով:
Անդրադառնալով արտարժույթի շուկային և պետական պարտքի հաշվին ճեղքվածքը փակելու վերաբերյալ պնդումներին՝ Վահե Հովհաննիսյանը հերքեց արտարժույթի պակասորդի առկայությունը:
«Իրականում մենք արտարժույթի կարիք այս պահին չունենք, որովհետև Կենտրոնական բանկը մոտավորապես 2 միլիարդ դոլար է գնել տարվա սկզբից, և մենք պարտք վերցնելու կարիք չունենք այդ հաշվեկշիռը սպասարկելու համար. ընդհակառակը՝ մենք ունենք ավելցուկ: Մենք դեֆիցիտ ունենք ընթացիկ կապիտալ ծրագրերը արդյունավետ իրականացնելու համար, և մենք նպատակ ունենք առաջիկայում դեֆիցիտի այդ ծավալներն էականորեն նվազեցնել», – ընդգծեց նախարարը:
Բանավեճի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել 2027 թվականի պաշտպանական բյուջեին և տնտեսվարողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերին: Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը 2027 թվականին նախատեսված են 339 միլիարդ դրամի չափով, ինչը կազմում է պետական բյուջեի ընդհանուր կապիտալ ծախսերի (771 միլիարդ դրամ) շուրջ 44%-ը: Նա հիշեցրեց, որ սպառազինության գնումների մանրամասն բացվածքը քննարկվում է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում՝ փակ և գաղտնի ռեժիմով:
Ընդդիմադիր պատգամավորն իր հերթին նշեց, որ տնտեսվարողներին տրամադրվող ուղղակի աջակցությունը կազմում է նրանց վճարած հարկերի ընդամենը 0.23% – 0.5%-ը, ինչը բավարար չէ տեղական արտադրությունը խթանելու և միջանկյալ ապրանքների ներմուծումից կախվածությունը նվազեցնելու համար: Նախարարն էլ հակադարձեց՝ ընդգծելով, որ տնտեսության մրցունակության բարձրացման հիմնական գործոնը ենթակառուցվածքների զարգացումն ու տարածաշրջանային ապաշրջափակումն է։
Անի Թամրազյան

