Մասկը պատրաստ է Ուկրաինային թույլ տալ Starlink-ն օգտագործել ՌԴ-ին հարվածների համար, սակայն անհրաժեշտ է Սպիտակ տան որոշումը․ FT
Քաղաքականություն
31.08.2026 | 15:24
Ամերիկացի միլիարդատեր, գործարար Իլոն Մասկն Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովին ասել էր, որ պատրաստ է թույլատրել Starlink համակարգով հագեցած ուկրաինական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով նրանց զրույցների բովանդակությանը ծանոթ աղբյուրներին, փոխանցում է The Insider-ը։
Միաժամանակ, FT-ի զրուցակիցների խոսքով՝ Մասկն ընդգծել է, որ վերջնական որոշումը քաղաքական բնույթ է կրում և պետք է ընդունվի Սպիտակ տան կողմից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձգտում է թույլտվություն ստանալ՝ Starlink համակարգով հագեցած անօդաչու թռչող սարքերն օգտագործել Ռուսաստանի տարածքում գտնվող բալիստիկ հրթիռների արձակման կայաններին հարվածելու համար՝ սահմանից մինչև 200 կմ հեռավորության վրա։ Ֆյոդորովը FT-ի հետ զրույցում հայտնել է, որ նման հնարավորությունը, հավանաբար, կարող էր էականորեն փոխել իրավիճակը ռազմաճակատում։
Ինքը՝ Ֆյոդորովը, հրաժարվել է բացահայտել Մասկի հետ ունեցած իր զրույցների բովանդակությունը։ Նա նաև չի հայտնել՝ արդյո՞ք նախատեսում է հանդիպել Մասկի հետ ԱՄՆ այցի ընթացքում, սակայն նշել է, որ շարունակում է սերտ կապ պահպանել գործարարի հետ։ Մասկը և SpaceX-ը FT-ի մեկնաբանության խնդրանքին չեն պատասխանել։
Ֆյոդորովը նաև պարբերականին ասել է, որ Ռուսաստանի ուղղությամբ Ուկրաինայի հեռահար հարվածների ինտենսիվության մեծացումը համարում է Վլադիմիր Պուտինին պատերազմն ավարտել ստիպելու ամենաիրատեսական միջոցը։
«Մեզ ավելի շատ ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր են պետք, մեզ անհրաժեշտ են էժան հրթիռներ, մեզ անհրաժեշտ են արհեստական բանականությամբ հագեցած հրթիռներ։ Պուտինի հետ որևէ այլ երկխոսություն հնարավոր չէ վարել։ Նա հասկանում է միայն ուժի լեզուն»,- հայտարարել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

