Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ բազմահարկ շենքի բնակարաններ են վնասվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.08.2026 | 14:34
ՌԴ Սվերդլովսկի մարզի նահանգապետ Դենիս Պասլերը հայտնել է մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Նրա խոսքով՝ «անօդաչու թռչող սարքերի և դրանց բեկորների հարվածներ են գրանցվել բնակելի շենքերի և լոգիստիկ կենտրոնի ուղղությամբ», բռնկումներ են արձանագրվել։ Տարհանում է իրականացվում, գրում է Current time-ը։
Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են, գրել է նա։
Astra-ն պարզել է, որ վնասվել է Եկատերինբուրգի Չկալովսկի շրջանում գտնվող «Ուտյոս» բնակելի համալիրի բազմահարկ շենքը։
«Բնակարանները վնասվել են, բոլոր բնակիչներին անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի։ Բացի այդ, Սվերդլովսկի մարզում կանխվել է առևտրային ընկերության պահեստի վրա հարձակումը․ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են շենքի հարևանությամբ»,- գրել է Ուրալի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Ժոգան։
Ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ և Supernova+ ալիքները հաղորդում են, որ հարվածի թիրախը Wildberries-ի լոգիստիկ կենտրոնն է եղել, անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է պահեստից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Ընկերության Եկատերինբուրգի օբյեկտը նախկինում ենթարկվել էր հարձակման. օգոստոսի 7-ի առավոտյան ընկերությունը հայտնել էր պահեստում հրդեհի մասին՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակումից հետո։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի, Տամբովի, Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի ու Սև ծովի տարածքներում ուկրաինական 239 ԱԹՍ-ների խոցման մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

