«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
25.08.2026 | 16:24
Անկարան անդրադարձել է պնդումներին, որ փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում սահմանափակումների են ենթարկվում
25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:57
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 15:55
Շոգը «սպանում է» կենդանիներին․ Կենտրոնական Եվրոպայում անասնակերի լուրջ պակաս է կանխատեսվում
25.08.2026 | 15:53
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը մտերիմների հետ պետական սեփականությունից շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել մի շարք արժեքավոր գույքեր, իսկ առանձին գործարքների դիմաց, ըստ քննության, ստացել է նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահն ու նրա որդին։ Քննվում են նաև որդու անվամբ 2001-2019 թվականներին կատարված խոշորածավալ դրամական փոխանցումների և երեք տասնյակից ավելի անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։

Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են՝ դրանք կառուցապատելու և վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաև սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում՝ նվիրատվությամբ։
Այսպես․

-Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,3 հա հողամասը ձեռք է բերվել 44,657,000 ՀՀ դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, իսկ երկու տարի անց՝ 2004 թվականի նոյեմբերի 15-ին, գույքի սեփականատեր «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել և գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։
-«Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հա հողամասը ձեռք է բերվել 39,630,000 ՀՀ դրամով։ Այն հետագայում փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող՝ պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ, որն այնուհետև օտարվել է 1 մլրդ 741,931,000 դրամով։
-«Եռասպասարկում» ՊՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող Պարոնյան 8 հասցեի շենքը ևս ձեռք է բերվել 40 մլն ՀՀ դրամով, որտեղ հետագայում կառուցված բազմաբնակարան շենքի 331,800,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, 600 քմ ընդհանուր մակերեսով հասարակական տարածքներն ու երկու ավտոկայանատեղիները ձևական առուվաճառքի գործարքներով գրանցվել են նախկին նախագահի որդու անվամբ։
-Գեղարքունիքի մարզում գտնվող «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը ձեռք է բերվել 83,669,000 ՀՀ դրամով, իսկ համալիրի սեփականատեր «Արթ Բիլդ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2010 թվականի հունվարի 15-ին ձևական առուվաճառքի գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։
-«Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեի 29 հազար քմ հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քմ շինությունը ձեռք են բերվել 12,267,000 ՀՀ դրամով։ Տարածքում 2008 թվականին կառուցվել է «Օրանժ Ֆիտնես» պրեմիում ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2009 թվականին ձևական գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու հիմնադրած ընկերության անվամբ։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ պատմամշակութային հուշարձան հանդիսացող Վ. Սարգսյան 20 հասցեի Սպայի տան շենքը և Նալբանդյան 16 հասցեի կիսակառույց շինությունը մի շարք իրավական նորմերի խախտմամբ պետական սեփականությունից դուրս բերելու և «Պիացցա Գռանդե» ընկերությանն օտարելու գործընթացը կազմակերպելու դիմաց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին, որպես կաշառք, փոխանցվել է ընդհանուր 2 մլրդ 633 մլն 934,000 ՀՀ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք, որոնց իրական պատկանելությունն ու ծագումը քողարկելու նպատակով գույքերը ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել են նախկին նախագահի ընտանիքի անդամների և նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների անուններով։

Մեկ այլ դրվագով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 22 և 22/4 հասցեներում գտնվող, այդ թվում՝ գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողամասերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 1 մլրդ 393 մլն 870,000 ՀՀ դրամ, մինչդեռ՝ դրանք նախկին նախագահի հետ մտերիմ անձին պատկանող ընկերությանը վաճառվել են չորս անգամ ավելի ցածր արժեքով։ Ըստ քննության տվյալների՝ հողամասերն անհամեմատ ցածր գնով վաճառելու և Հայաստանում ճապոնական «Տոյոտա» ընկերության ներկայացուցչության անխոչընդոտ հիմնադրումն ապահովելու դիմաց 2006 թվականի մայիսի 9-ին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին, որպես կաշառք, փոխանցվել է «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոս բաժնեմասը, որի հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։

Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։

Նախաքննությամբ ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ 2001-2019 թվականների ընթացքում կատարված՝ շուրջ 144 մլրդ դրամի, 309 մլն ԱՄՆ դոլարի, 77 մլն եվրոյի և 18 մլն ՌԴ ռուբլու դրամական փոխանցումների, ինչպես նաև վարույթին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին պատկանող՝ Հայաստանում և արտերկրում գտնվող ավելի քան երեք տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու նպատակով ձեռնարկվել են դրանց նկատմամբ արգելանք կիրառելուն ուղղված համապատասխան գործողություններ»,- ասված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։