Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
Հասարակություն
25.08.2026 | 09:21
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: «Առավոտյան Նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին. իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ»,- հայտարարում են գրասենյակից:
Նշենք, որ խուզարկություններ են իրականացվում Քոչարյաններին պատկանող մի շարք տարածքներում: Հակակոռուպցիոն կոմիտեից Factor TV-ի հարցին ի պատասպան տեղեկացրին. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Հավելենք, որ երեկ Կառավարության ծրագրի ներկայացմանը սուր բանավեճ տեղի ունեցավ վարչապետի և Լևոն Քոչարյանի միջև:
«Եթե երկրի վարչապետը ասում է այսինչը պետք է նստի, այսինչը պետք է ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չէ, սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը, այն ամեն ինչին, ինչի համար Դուք պայքարել ու եկել եք։ Բա պոզով-պոչո՞վ է այս պատվերը լինում, ափաշքյարա, օրը ցերեկով այս ամեն ինչը արվում է անընդհատ։ Ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդը մեզնից ուզում է այս, ես հավատում եմ, բայց նաև դա ինչի՞ է այդպես, որովհետև տարիներով եղած վատի վրա այնքան մեծ դոզա սուտ եք ավելացրել, բայց Ձեզնից էլ պահանջում են, իսկ մեզնից գիտե՞ք ինչ են պահանջում։ Մեզ էլ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած, այդ պիղծ դավաճանը ինչի՞ է մինչև հիմա կարողանում լինել այդտեղ»,- Նիկոլ Փաշինյանին դիմելով ասել էր Քոչարյանը:
Նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ էր արել Քոչարյանին չափավորել խոսքը։ Նա նաև նախազգուշացում էր հայտարարել ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին «պիղծ դավաճանը հերդ ա» արտահայտության համար։
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Քոչարյանին, ասել էր. «Եկեք քաղաքական էմոցիան ճաշակները, գնահատականները թողնենք մի կողմ։ Դուք ինչի՞ եք միլիոնատեր, դուք ինչի՞ հաշվին եք միլիոնատեր։ Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր։ Գնում ես քաղաքի հյուսիս, ձերն ա, գնում ես հարավ՝ ձերն ա, գնում ես արևմուտք՝ ձերն ա։ Լավ, ամեն ինչ դնենք մի կողմ։ Դուք 10 տարի եղել եք իշխանություն, ես էլ արդեն ութ տարուց ավելի վարչապետ եմ, ես ինչի՞ միլիոնատեր չեմ, դուք ինչի՞ եք միլիոնատեր, բացատրեք ինչո՞ւ եք միլիոնատեր, այդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ։ Ու դուք ուզում եք ասեք, որ դուք պետք է ՀՀ–ում շարունակեք մնաք միլիոնատե՞ր, դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներին, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես Ձեզ, կներեք, ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։ Ոնց ուզում եք, մեկնաբանեք, և դա ինձ համար քաղաքական խնդիր է, ոչ թե անձնական։ Իմ խնդիրը այն չի, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է, իմ խնդիրը այն է, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է մեր ժողովրդի հաշվին։ Պիտի հատիկ-հատիկ ամեն ինչը վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և, այո´, դա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն է և պարտավորությունն է, որ ես ստանձնել եմ ժողովրդի առաջ»։
Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Թե ինչը, ում պետք է վերադարձվի, ժողովրդավարական երկրում պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը փաստացի։ Այն, ինչ Դուք ասում եք, հակասում է այս ամեն ինչին։
Երբ դուք կանգնում եք երկրի ամենաբարձր ամբիոնում ու ասում եք՝ դու չես կարա ժառանգես, ու զուգահեռ գործ կա դատարանում, սա ուղիղ ճնշում է դատարանի վրա։
Ձեր մոտ կա էլ նախկինի նախկին, էլ մարզպետներ կան, ում հետ կապված այնքան հոդվածներ եք գրել ժամանակին, բայց հիմա Ձեր մոտ են ու իրենց հետ կապված Դուք խնդիր չունեք, ուրեմն այս ամեն ինչը անձնավորված է, ու եթե իմ սաղ կյանքի իմաստը լիներ ինչ-որ բան ժառանգելը, ես հիմա այստեղ նստած չէի լինի, ես իմ համար հանգիստ ինչ-որ տեղ կլինեի, ունեցվածքը շուտվանից ծախած։ Այնպես որ դա չի այս ամեն ինչի մեջ մոտիվացիան լինելու, իսկ Ձեր արածը հետագայում ինձ թվում է քրեական վարույթների նյութ է դառնալու»։
Վարչապետը որպես պատասխան մեջբերում արեց Նոր Կտակարանից. «Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Հիմա ես ասում եմ՝ այն ինչ որ ես Ձեզ ասեցի, ես, այո, Ձեզ դատում եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել»։
Արաքս Մամուլյան

